ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԽՈՒՍԱՓԵՑ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ, ԱՐԴՅՈ՞Ք ԿԱ ՍԵՂԱՆԻՆ ԴՐՎԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
Արխիվ 16-20Մայիսի 4-ին, հանդես գալով ԱԺ-ում, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ արցախյան խնդրի փուլային տարբերակը հնարավոր է, բայց այն պետք է նախատեսի համաչափ փոխզիջումներ: Նա, նաեւ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կամ թե չկա բանակցային սեղանին դրված փաստաթուղթ, խուսափողական պատասխան է տվել, թե. «Հարցը թափ տալու խնդիր չկա»: Ըստ Մնացականյանի` շուտով սկսվելու է ինտենսիվ աշխատանքի փուլ, որտեղ քննարկվելու են բազմաթիվ հարցեր, այդ թվում` հասարակություններին «խաղաղությանը նպաստող միջավայրի ձեւավորում»:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ներկայումս ակտիվ քննարկվում են մեկ տարի առաջ ներկայացված ծրագրերը, որոնք ենթադրում են «կարգավորման փուլային մոտեցում, նախատեսելով առաջին փուլում ամենահրատապ խնդիրների լուծումը` Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատումը եւ տրանսպորտային տնտեսական եւ այլ կոմունիկացիաների ապաշրջափակումը»: Մեր ստուգվող տեղեկություններով` ռուսական համապատասխան կառույցները արդեն սկսել են մշակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոմունիկացիաների վերականգնման ինժեներական նախագծերը, դրանք քննարկելով այդ երկրների կառավարությունների հետ: Մասնավորապես` քննարկվում են երկաթգծերի, ավտոճանապարհների եւ գազատարների վերականգնման հնարավորությունները:
Հ. Գ. Այդ կապակցությամբ «Իրավունքը» դիմել է նաեւ «Հարավկովկասյան երկաթուղուն» եւ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը` իրենցից մեկնաբանություն ստանալու համար:
Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

