Մնացականյանը կրկին խուսափեց պատասխանել, արդյո՞ք կա սեղանին դրված փաստաթուղթ
Արխիվ 16-20Այսօր հանդես գալով ԱԺ-ում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ արցախյան խնդրի փուլային տարբերակը հնարավոր է, բայց այն պետք է նախատեսի համաչափ փոխզիջումներ: Նա նաեւ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կամ թե չկա բանակցային սեղանին դրված փաստաթուղթ, խուսափողական պատասխան է տվել, թե. «Հարցը թափ տալու խնդիր չկա»: Ըստ Մնացականյանի շուտով սկսվելու է ինտենսիվ աշխատանքի փուլ, որտեղ քննարկվելու են բազմաթիվ հարցեր, այդ թվում հասարակություններին «խաղաղությանը նպաստող միջավայրի ձեւավորում»:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ներկայսումս ակտիվ քննարկվում են մեկ տարի առաջ ներկայացված ծրագրերը, որոնք ենթադրում են «կարգավորման փուլային մոտեցումը, նախատեսելով առաջին փուլում ամենահրատապ խնդիրների լուծումը` Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատումը եւ տրանսպորտային տնտեսական եւ այլ կոմունիկացիաների ապաշրջափակումը»:
Մեր ստուգվող տեղեկություններով ռուսական համապատասխան կառույցները արդեն սկսել են մշակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոմունիկացիաների վերականգման, ինժեներական նախագծերը, դրանք քննարկելով այդ երկրների կառավարությունների հետ: Մասնավորապես քննարկվում են երկաթգծերի , ավտոճանապարհների եւ գազատարների վերականգնման հնարավորությունները:
Հ. Գ. Այդ կապակցությամբ «Իրավունքը» դիմել է նաեւ Հարավկովկասյան երկաթուղուն եւ Գազպրոմ Արմենիա ընկերությանը իրենցից մեկնաբանություն ստանալու վերաբերյալ:
Ա. Հովհաննիսյան

