Վեգանիզմը կենսակե՞րպ, թե՝ նիհարելու միջոց
Արխիվ 16-20Բուսակերությունը վերջերս լայն տարածում է գտել և ավելի ու ավելի ժողովրդականություն է վայելում: Բուսական սնունդն ամրապնդում է իմունիտետը, դանդաղեցնում ծերացումը, պաշտպանում է սրտի հիվանդություններից, շաքարախտից, քաղցկեղից:
Դերասանուհի Նաթալի Պորտմանը բուսակեր է դարձել 8 տարեկանում, բայց հրաժարվել է այս ապրելակերպից, երբ պատրաստվել է մայրանալ: Հոլիվուդյան հայտնի սևամորթ դերասան Սեմուլ Էլ Ջեքսոնը երկար տարիներ բուսակեր է եղել, բայց «Տարզան» ֆիլմում դերակատարման համար ստիպված է եղել հրաժարվել այդ սովորությունից:
Սննդաբան Արևիկ Պետրոսյանը փաստում է, որ առողջ է համարվում այն սննդակարգը, որը մարդու օրգանիզմին տրամադրում է բոլոր անհրաժեշտ նյութերը՝ նուտրիենտներ, մակրոնուտրիենտներ՝ սպիտակուց, ածխաջուր, ճարպեր և միկրոնուտրիենտներ՝ վիտամիններ, հանքանյութեր և բավական քանակի կալորիաներ, որն էլ հանդիսանում է էներգիայի աղբյուր: Այս ամենն ապահովում է և´ ֆիզիկական առողջություն, և´ էմոցիոնալ:
Յուրաքանչյուր մարդու համար կախված տարիքից, սեռից, ֆիզիկական ակտիվությունից, գոյություն ունի օրգանիզմի անհատական բալանս, որը տրամադրում է բոլոր անհաժեշտ նյութերն ու բավականաչափ կալորիաները:
Բուսակերությունն էլ ունի իր տարատեսակները: Հայերեն բուսակերություն բառն օգտագործվում է բոլոր տարատեսակների համար և´ Vegiterian, և´ Vegan: Դրանք տարբերվում են միմյանցից նրանով, որ Vegiterian-ը օգտագործում է որոշ կենդանական ծագման մթերքներ՝ կաթնամթերք, ձու, մեղր, իսկ Vegan-ը չի օգտագործում կենդանական ծագման մթերքներ:
Սննդաբանը նշում է, որ վեգանիզմը որպես այդպիսին ավելի էթիկական ընտրություն է, որը ոչ միայն սննդակարգին է վերաբերում, այլև՝ կենսակերպին: Այն բացառում է կաթնամթերքը, ձուն, մեղրը, մորթե ու կաշվե հագուստն ու իրերը, կենդանիների վրա փորձարկված, ինչպես նաև կենդանական տարրեր պարունակող հիգիենայի միջոցներն ու կոսմետիկան:
Ոչ ավանդական հոգեբան, ոչ ավանդակն սննդակարգով ինտերնետային տիրույթում հայտնի Լեյլին միշտ եղել է առողջ սննդի և առողջ ապրելակերպի կողմնակից: Վեգան դարձել և խորապես ուսումնասիրում է արդեն 3 տարի:
«Մինչ այդ ինձ թվում էր, թե ես վարում եմ առողջ ապրելակերպ, բայց իրականում, երբ հասկացա, թե ինչ է իրենից ներկայացնում այդ՝
տրադիցիոն սննդակարգը, ինձ համար դա դարձավ շրջադարձային և որոշեցի ուսումնասիրություններ կատարել այդ ուղղությամբ: Բայց այնքան թյուր տեղեկատվություն կա, թե ինչն է իր մեջ ներառում առողջ սնունդը, որ դա երբեմն շփոթության մեջ կարող է գցել ինձ նման այս ամենին անծանոթ մարդկանց: Հենց այդ ինֆորմացիայի սակավությունը պատճառ հանդիսացավ, որպեսզի վարեմ բլոգ և կիսվեմ իմ անձնական փորձով: Եվ ի զարմանս ինձ՝ մարդկանց մոտ առողջ սննդի նկատմամբ հետաքրքրվածությունը օրեցօր ավելանում է:
Մասնագիտությամբ հոգեբան եմ, ունեմ մագիստրոսի կոչում, բայց չեմ աշխատում այդ մասնագիտությամբ քանի որ, ըստ իս, հոգոբանությունն իրենից ենթադրում է ավանդական մեթոդների կիրառում, որոնք ինձ դուր չեն գալիս: Հիմականում մարդկանց մոտ կա ձևավորված կարծիք, որ հոգեբանը խորհուրդ է տալիս, բայց դա այդպես չէ, հոգեբանը երբեք խորդուրդ չի տալիս, խորհուրդ կարող է տալ ընկերուհին կամ հարազատը: Հոգեբանն օգնում է մարդուն ճանաչել ինքն իրեն: Հենց նման անհամաձայնություններն են ինձ դրդել ինձ համար յուրօրինակ ապրելակերպ ստեղծել»,- ասում է Լեյլին, և նաև ավելացնում, որ չի եղել այնպիսի իրավիճակ, որ փոշմանի իր ընտրության համար, քանի որ գիտակցաբար է ընտրել այս ուղղին:
Յուրաքանչյուր երևույթ, ամենքս տարբեր կերպ ենք ընդունում, այդպես է նաև սննդի պարագայում: Մարդկանց մեծ մասը չի հասկանում, թե ինչ է իրենից ենթադրում վեգանիզմը, և դա կապում նիհարելու ցանկության հետ ու որոշում դառնալ վեգան: Մյուս մասն էլ վախենում է, որ հնարավոր է փորձը ձախովի, կամ էլ օրինակ վեգան դառնալը և որոշ մթերքներ չօգտագործելը բացասաբար անդրադառնա օրգանիզմի վրա:
Բայց հակադրվելով այս ամենին՝ Ամերիկյան սննդաբանության ասոցիացիան պաշտոնապես հայտարարում է, որ բուսական սննդակարգը ճիշտ պլանավորված լինելու դեպքում, ապահով է և հարմար կյանքի բոլոր փուլերի համար, այդ թվում մանկություն, հղիություն, մարզական կյանք և այլն:
ԹԻՆԱ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

