ԱՄՆ-ի հիմնական կորուստը համավարակից
Արխիվ 16-20Կորոնավիրուսի պանդեմիան վերջ է դրել աշխարհակարգին, որը սահմանվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եւ միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի առաջատարությանը, կարծում են «Le Monde» ֆրանսիական հրատարակության հեղինակները:
Հոդվածում ասվում է, որ առողջապահական համաշխարհային ճգնաժամը ցույց տվեց Չինաստանի դերը միջազգային կառույցներում եւ լուրջ հարված հասցրեց Եվրոպայի միասնությանը: Նոր աշխարհակարգի հաստատման վրա հետագայում ազդելու համար ԵՄ-ն պետք է վերանայի սեփական վեկտորը, վստահ են հոդվածի հեղինակները:
Այնուամենայնիվ, այսօր արդեն կարելի է որոշ դասեր քաղել Covid-19 համաճարակի պատճառով առաջացած ցնցումներից: Առաջին հերթին, լրագրողների համոզմամբ, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ հովանու ներքո կառուցված համաշխարհային կարգն արդեն 21-րդ դարում չի համապատասխանում աշխարհում ուժերի իրական հարաբերակցությանը։ Ինչպես նշում է հրատարակությունը, այդ աշխարհակարգը փլուզվել է դեռ կորոնավիրուսային ճգնաժամից առաջ. ոմանք նույնիսկ հակված են հաշվել 1989թ. նրա անկումը, երբ փլուզվեց կոմունիստական դաշինքը: Սառը պատերազմի ավարտը, ԽՍՀՄ-ի անհետացումը եւ Չինաստանի զարգացումը աշխարհակարգը քիչ-քիչ զրկեցին հավասարակշռությունից, որը հիմնված էր ԱՄՆ-ԽՍՀՄ դիմակայության վրա։ «Երկբևեռ կարգուկանոնին հետեւեց բազմաբևեռ խառնաշփոթ»։
Թերթն ընդգծում է, որ նախկինում գոյություն ունեցող համակարգի ապակայունացման գործում առանցքային դեր է խաղացել Չինաստանի վերելքը։ Ուշացումը, որով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միջազգային հանրությանը նախազգուշացրել է համաճարակի վտանգների մասին, դարձել Է Պեկինից կազմակերպության կախվածության վկայությունը: Վիրուսի ծագման վերաբերյալ փոխադարձ մեղադրանքների ֆոնին սրվել է Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ մրցակցությունը: Ինչպես նշում է պարբերականը, հաճախ կարող է թվալ, որ այդ տերություններն ավելի շատ էներգիա են ծախսում միմյանց դիմակայելու, քան սեփական երկրներում առողջապահության ճգնաժամի դեմ պայքարելու համար:
Երկրորդ դասն այն է, որ ԱՄՆ-ն այսօր արդեն համաշխարհային առաջնորդի դեր չի խաղում, ինչպես 20-րդ դարում, վստահ են հոդվածի հեղինակները: Եթե վերջին տարիներին Վաշինգտոնը գնալով խուսափում էր այդ առաքելությունից, ներկայիս ճգնաժամը, որը թուլացրեց երկիրը, ստիպեց ամերիկացիներին վերջնականապես դուրս գալ դրանից։ Դոնալդ Թրամփին ստիպված են եղել համոզել՝ տեսակապի միջոցով մասնակցել միջազգային հանդիպումներին, որտեղ նա պետք է նախագահեր։ Ինչպես նշում է թերթը, նույնիսկ կայացած այդ խորհրդակցությունները արդյունք չեն տվել, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ըստ էության, կաթվածահար է եղել:
Եվրոպական միասնությունը նույնպես չի դիմացել կորոնավիրուսի հարձակմանը, կարծում է «Le Monde»-ի խմբագրությունը: Ի վիճակի չլինելով կանխատեսել, ԵՄ-ն անզեն վիճակով հայտնվեց պանդեմիայի առջեւ, եւ չկարողացավ աջակցություն ցուցաբերել առավել տուժած երկրներին: «Պետությունների եսասիրությունը եւ սահմանների վերադարձը սպառնալիքի տակ են դրել Եվրամիության երկու սյուները՝ Շենգենյան գոտին եւ միասնական շուկան»,- գրում է թերթը: Եվրոպան, որին լքել է Միացյալ Նահանգները, եւ որը Չինաստանի հավակնությունների օբյեկտ է ու գտնվում է Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների մեջ, դեռեւս հավատում է բազմակողմ մոտեցմանը, նշում Է հրատարակությունը: Սակայն, եթե նա ցանկանում է ազդել ճգնաժամից հետո ավելի հուսալի եւ արդար աշխարհակարգի ստեղծման վրա, ապա պետք է սկսի սեփական տնտեսության, համերաշխության եւ վճռականության վերանայումից, կարծում են հոդվածի հեղինակները:

