Եթե շրջանառվող վարկածը հաստատվի, սա շատ լուրջ դիվանագիտական սկանդալ է. Ն. Կարապետյան
Արխիվ 16-20«Ռուսաստանի հետ «փայլուն» հարաբերությունների ողջ հմայքն ու թշվարությունը կարծես ուրվագծվում է», - այս մասին գրում է ԱԺ հինգերորդ եւ վեցերորդ գումարման պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ եւ մանրամասնում. «Խնդիրը կորոնավիրուսի հետեւանքով այս սահմանափակումների արդյունքում հայրենիք վերադառնալ ցանկացող քաղաքացիների փոխադրելուն է վերաբերում։ Ըստ շրջանառվող լուրի, ռուսական կողմը խնդրել էր, որ մոսկովյան օդանավակայանից ՀՀ քաղաքացիներին «Զվարթնոց» տեղափոխող ինքնաթիռները Երեւանից դատարկ թռնելու փոխարեն Մոսկվա վերադարձնեն Հայաստանում մնացած ՌԴ քաղաքացիներին, եւ չվերթի համար ռուսական կողմը պատրաստ է եղել վճարել: Բայց այս առաջարկը կտրականապես մերժվել է: Եվ ահա այսօր պարզվել է, որ մերժման պատճառը, փաստորեն, խիստ շահադիտական է եղել. ինքնաթիռները դատարկ չեն եղել, այլ մաքսանենգ ծխախոտ են տեղափոխել Ռուսաստան: Եթե շրջանառվող վարկածը հաստատվի, ապա սա շատ լուրջ դիվանագիտական սկանդալի առիթ է, եւ Ռուսաստանի նման կեցվածքը դառնում է հասկանալի։ Իսկ եթե հաստատվի, որ իրոք այս ամենի գլխին կանգնած է ՀՀ ԱԺ պատգամավորը, նույն ինքը՝ վարչապետի աներորդին, նույն ինքը՝ ծխողներին «վտարանդի» դարձնելու առաջարկի հեղինակը, ապա մեզ մնում է միայն արձանագրել, որ երեսպաշտությանը չափ չի մնացել։ Հուսով եմ, որ այս տեղեկությունը հիմնավոր կհերքվի, այլապես այս հայտնի արտահայտությունը հենց սրա մասին է՝ «Երբ կարծեցինք, որ հասել ենք հատակին, ներքեւից թակեցին...»։
Որպես հետգրություն՝ Ն. Կարապետյանը հավելում է. «Ցավալի է, որ նմանատիպ սկանդալներից մշտապես տուժում են ոչ թե հենց մեղավորները, այլ մենք բոլոր՝ երկրի քաղաքացիները...»:

