«Խոստացել եք, կատարեք», կամ Արցախը սեփական կաշվի դիմաց
Արխիվ 16-20Արցախյան ընտրությունների եռուն փուլում առիթ ունեցել ենք ենթադրություն հայտնել, որ արդյունքում, Արցախում ի հայտ կգա մոտավորապես Բակո Սահակյան-2 կարգի նախագահ: Այսինքն` նախագահ, ով ամենեւին էլ չի ցանկանա Նիկոլ Փաշինյանի հետ կիսել բանակցային պատասխանատվությունը, բայց նաեւ դեռ գործող նախագահի օրինակով, Ստեփականերտին կվերապահի բանակցային պայմանավորվածություններ լինելու դեպքում՝ դրանք ընդունող-չընդունողի կարգավիճակ: Միաժամանակ, ենթադրել էինք նաեւ, որ արցախյան ընտրություններից շատ չանցած` բանակցությունները վերսկսելու եւ Ալիեւ-Փաշինյան ձեւաչափին անցնելու պահանջը կմտնի առաջնային օրակարգ:
ՄԻ ՓՈՔՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Այն, որ Ա.Հարությունյանը հենց այդ տիպի նախագահ է դառնալու, պարզ դարձավ, երբ նա դեռ չի էլ հասցրել ստանձնել պաշտոնը: Հիշեցնենք, օրերս նա ներկայացրեց իր տեսլականը՝ արցախյան բանակցային գործընթացի հետ կապված, որտեղ, փոքր մոդեռնիզացիայով, հիմնականում այն նույն մոտեցումներն էին, որոնք կային Բակո Սահակյանի մոտ: Մեր երկրորդ ենթադրությունը նույնպես կարծես թե իրականանում է: Լավրովի հայտնի հայտարարությունը, ինչ խոսք, այն ազդակն էր, որ համանախագահները պահանջում են բանակցային գործընթացի հնարավորինս արագ վերսկսում ¥իհարկե, հաշվի առնելով նաեւ կորոնավիրուսային իրողությունները¤, նաեւ հիշեցնելով, որ օրակարգային փոփոխություններ եւս չի լինելու: Ընդ որում, հայաստանյան հրապարակային լուրերը եւս այդ են ակնարկում: Օրինակ, «Հրապարակը» գրում է. «Մեր տեղեկություններով` ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Փաշինյան-Ալիեւ նոր հանդիպում են նախատեսում, ինչի մասին խոսվել է Մնացականյան-Մամեդյարով տեսակապի ժամանակ»: Սպասում են կորոնավիրուսի հնարավոր թուլացմանը, հանդիպման հարցում առավել շահագրգիռ է ռուսաստանյան համանախագահությունը, որը կողմերին առավել բաց խաղի մարտահրավեր է նետել»,- ասաց մեր աղբյուրը: Այս ամբողջական իրավիճակն ակնարկում է հետեւյալի մասին. Փաշինյանից սպասվում է վերջնական որոշում՝ պատրա՞ստ է բարձր մակարդակով բանակցային փուլին՝ համանախագահների առաջարկած օրակարգով, թե՝ ոչ: Եվ, հասկանալի է, ինչպես դրական, այնպես էլ բացասական պատասխանը ենթադրում է բավականին լուրջ հետեւանքներ: Այսպիսով, ի՞նչ զարգացումներ են այս իրավիճակում հնարավոր: Նախ նկատենք, որ ամենաքիչ հավանական տարբերակն է, որ Նիկոլը կկարողանա հերթական անգամ թայմ-աութի հնարավորություն ստանալ: Նման հնարավորություն նրան տրվեց, երբ դեռ նոր էր ստանձնել վարչապետի պաշտոնը, ապա անցած տարի, բայց արդեն որոշակին կոշտ ճնշումների արդյունքում: Զուգահեռաբար դեռ անցած աշնանից զգացվում է, որ Մոսկվան փորձում է հնարավորինս ակտիվացնել բանակցային գործընթացը, թերեւս փորձելով նաեւ օգտվելով այս փուլում մյուս համանախագահների ընդգծված շահերի բացակայությունից՝ հարավկովկասյան խաղատախտակին իրեն ցանկալի աշխարհաքաղաքական իրավիճակ ձեւավորել: Հաշվի առնելով նաեւ, որ ԱՄՆ-ում սպասվում են ընտրություններ, եւ ով իմանա, թե դրանից հետո ինչ իրավիճակային փոփոխություններ կարող են լինել: Եվ պատահական չէ, որ անցած տարվա աշնանից սկսած, սրվեց նաեւ Մոսկվայի կոշտությունը՝ ուղղված հիմնականում Հայաստանին: Կարելի է հիշեցնել նաեւ, որ Լավրովը մինչեւ իսկ Փաշինյանին մեղադրեց բանակցային գործընթացն արհեստականորեն արգելակելու մեջ՝ նրան համեմատելով Ալբանիայի վարչապետի հետ՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ» թեզի պատճառով: Սակայն մեկ ամիս անց, երբ Լավրովն այցելեց Հայաստան, նրա տոնայնությունը փոխվեց, որից զգացվում էր, որ կան որոշակի պայմանավորվածություններ: Միաժամանակ, այդ փուլում Փաշինյանը եւս մեկ թայմ-աութի հնարավորություն ստացավ, ըստ ամենայնի՝ մինչ կավարտվեն արցախյան ընտրությունները:
ՆԻԿՈԼԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՔԱՅԼԵՐԸ
Այսպիսով, հասել ենք այն փուլին, երբ պետք է պայմանավորվածությունները կյանքի կոչել: Համենայնդեպս, իր վերջին աղմկահարույց հայտարարությամբ Լավրովը հենց դա էր մատնանշում՝ «Խոստացել եք, կատարեք»: Նկատենք նաեւ, որ ո՛չ Մնացականյանը եւ ո՛չ էլ Փաշինյանը ոչ միայն այդպես էլ Լավրովին հրապարակավ ստախոսության մեջ չմեղադրեցին, այլ անգամ որեւէ հոդաբաշխ պարզաբանում չեղավ: Չնայած, այլ տարբերակը ի սկզբանե էլ բացառվում էր. Լավրովն այն տրամաչափի գործիչը չէ, որ գնա այնպիսի պրիմիտիվ քայլերի, ինչպիսին է հրապարակավ կեղծ տվյալներ ներկայացնելը: Ի վերջո, կան ԱԳ նախարարների հանդիպումների պաշտոնական սղագրություններ, կա նաեւ ՄԽ-ն, որի գոնե ամերիկյան կամ ֆրանսիական համանախագահը կեղծիքի դեպքում հաստատ չէր զլանա արձագանքել, թե՝ «Ի՞նչ մոսկովյան փաստաթուղթ, ի՞նչ փուլային կարգավորում, այս ինչե՞ր եք խոսում, պարո՛ն Լավրով»:
Ասենք, հենց միայն լռությամբ Փաշինյանն ու Մնացականյանն ապացուցեցին, որ իրոք «խոստացել են», եւ եկել է «կատարելու» պահը: Իսկ նոր թայմ-աութի Մոսկվան հազիվ թե գնա. ժամանակը չի ներում: Ուրեմն, ի՞նչ քայլ է սպասելի Նիկոլից: Դրական պատասխանի դեպքում նախ պետք է կարողանա հաղթահարել գոնե ներհայաստանյան դիմակայությունը, որն այդքան ցայտուն դրսեւորվեց Լավրովի հայտարարության հնչելուն պես: Ընդ որում, միգուցե այդ դիմակայությունը որոշ չափով ավելի թույլ լիներ, եթե Նիկոլը, ինչպես ժամանակին բազմիցս խոստացել է, իրոք մի փոքր ավելի թափանցիկ, ոչ պոպուլիստական լիներ արցախյան հարցի հետ կապված: Օրինակ, գոնե ակնարկեր, թե իր առաջ ինչ պայմաններ են դրված, կամ անցանկալի դրվագները շրջանցելու հեռանկարներ, ինչից է անհնար խուսափել եւ այլն: Սակայն անգամ կեսբերան նման խոստովանությունների դեպքում պարզապես այլ խնդիրների էր բախվելու: Մասնավորապես այն հարցին, որ եթե այս դրվագով իրավիճակն անելանելի էր, էլ ինչպե՞ս էր ընդդիմադիր ժամանակներում քննադատում իշխանություններին: Կամ, եթե չես կարողանում, հեռացիր, թող ավելի ընդունակն այդ հարցերով զբաղվի եւ այլն: Այսքանից զատ, կա նաեւ Արցախի դիմադրության խնդիրը: Ստորագրել մի պայմանագիր, որն Արցախը հրաժարվի կատարել, դժվար է անգամ պատկերացնել, թե ինչի կհասցնի: Իսկ համանախագահների մոտ արդարանալ, թե չի կարողանում ներքին դիմադրությունը հաղթահարել, եւ էլի ժամանակ է պետք, այլ խնդիրներ են առաջ բերում: Այդ թվում` հարցադրում. «ՉԷ՞ որ երկու տարի առաջ էիր նույն բանն ասում: Եթե այսքան ժամանակ ո՛չ կարողացել ես խոստացածիդ պես ժողովրդին խաղաղության նախապատրաստել եւ ո՛չ էլ կարող ես ինքնուրույն, առանց ներքին ամբողջական համաձայնության ինքնուրույն քայլ կատարել, էլ ի՞նչ ղեկավար ես, քո հետ ինչի՞ց բանակցենք»:
Սակայն ոչ պակաս ծանր հետեւանքներ են խոստանում, եթե Փաշինյանը հրաժարվի պայմանավորվածություններից: Այս դեպքում ամենաքիչը նա համանախագահ երկրների կողմից կընկալվի ոչ թե պարզապես բանակցություններն արգելակող, այլ՝ տապալող: Ընդ որում, այս իրավիճակում արտաքին ճնշումների մեխանիզմների պակաս չկա, սկսած Լավրովի կողմից պարտադիր ՄԱԿ-ի ԱԽ որոշումների հիշատակումից, վերջացրած Ադրբեջանի պատերազմական սպառնալիքներով: Եվ այդ ամենը հենց այն պահին, երբ Հայաստանը նաեւ ներքուստ է ամենաթույլ մակարդակում՝ կազմակերպչական-կառավարման խայտառակ մակարդակ, հակահամաճարակային նման քաղաքականության արդյունքում կոլապսային վիճակի հասած տնտեսական եւ ֆինանսական վիճակ, ներքին համատարած անհանդուրժողականության մթնոլորտ, եւ այդպես շարունակ: Ընդ որում, այս ծանրագույն երկընտրանքից Նիկոլի համար ելք չէ նաեւ ամեն ինչ թողնելն ու «թռնելը»: Ո՞ւր, եթե որ կողմ էլ նայես, կգտնես մեկին, ում մի բան խոստացել ու չի արել: Սովորաբար նման իրավիճակներում լինում է նաեւ պայմանավորված նահանջի տարբերակը: Սակայն կոնկրետ դեպքում պետք է նախ պայմանավորվել արտաքին առանցքային ուժերից մեկի հետ: Սակայն արցախյան ուղղությամբ միակ ակտիվ առանցքային ուժը Մոսկվան է: Իսկ այս ուղղությամբ Նիկոլը նաեւ հաջողացրել է Պուտինի հետ անձնական խնդիրների դաշտ մտնել՝ կապված Քոչարյանի գործի հետ: Առաջիկա նիստին, որը հավանաբար մայիսի 8-ին է, Փաշինյանը կփորձի՞ վերջապես ձերբազատվել այդ խնդրից. հնարավոր է, հաշվի առնելով, որ երեկ նորից Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց, որտեղից նրան կալանավայր էին տարել՝ փորձելով խուսափել կորոնավիրուսային իրավիճակում երկրոդ նախագահի առողջության խնդիրներով նրան հրատապ կարգով ազատ արձակելու անհրաժեշտությունից: Ամեն դեպքում, այս ուղղությամբ առաջ գնալը կարծես Փաշինյանի համար վերածվել է վերջին շանսի: Մի խոսքով, ակնհայտ է մեկ բան, առաջիկայում պետք է սպասել բուռն զարգացումների՝ ցանկացած իրավիճակային շրջապտույտի հնարավորությամբ: Սակայն ցանկացած հնարավոր զարգացման դեպքում արցախյան փակուղուց ելքը տեսանելի չէ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

