«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ» ՔՐԳՈՐԾՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է
Արխիվ 16-20Հայկական երկաթուղային համակարգը սպասարկող ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց «հեղափոխությունից» հետո: Այժմ ռուսական կապիտալով գործող այս ընկերության վերաբերյալ քրեական գործ է հարուցված Քննչական կոմիտեում՝ պաշտոնեական լիազորություններն առերեւույթ չարաշահելու դեպքով: Բայց ահա օրերս, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Հայաստանին մատակարարվող գազի գնի մասին, մեղադրական տոնով անդրադարձավ նաեւ ռուսական երկաթուղու խնդրին: Այս ամենի արդյունքում՝ ի՞նչ ընթացքի մեջ է շուրջ երկու տարի քննվող քրեական գործը, փորձեցինք հետաքրքրվել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից, որտեղից մեզ տեղեկացրին, որ քր գործի վերաբերյալ իրենց որեւէ բան չեն հաղորդում, ըստ այդմ՝ ճիշտ կլինի հենց Քննչականից պարզաբանումներ ստանալ: Այդպես էլ արեցինք՝ դիմեցինք ՀՀ Քննչական կոմիտեի լրատվական բաժնի, որտեղից մեզ պատասխանեցին.
– ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության պատասխանատու աշխատակիցների կողմից առերեւույթ հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու, իրենց լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու եւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով նախաքննությունը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` քրեական գործով կատարվում է լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն՝ հայտնաբերված չարաշահումներին ու խախտումներին առնչություն ունեցած անձանց շրջանակը պարզելու, նրանց արարքներին իրավական գնահատականներ տալու եւ պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ: Քրեական գործով մեղադրյալի, կասկածյալի դատավարական կարգավիճակով անձինք չկան:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

