«Աշխարհը չի ստեղծել ավելի ոգեղեն բան քան Հայոց խենթ պարն է». Գագիկ Գինոսյան
Արխիվ 16-20Ապրիլի 29-ը Պարի միջազգային օրն է: «Պարը... Պարը միակն է մշակույթներից, որը կատարելորեն ներդաշնակում է հոգին ու մարմինը: Իսկ ազգային խմբապարերում այն ոչ միայն ներդաշնակում է յուրաքանչյուրի հոգին ու մարմինը, այլ նաև ներդաշնակում է համայնքը, պարեղանակի և ռիթմի, միանման և միաժամանակ շարժումների, դարձումների, թռիչքների կամ զսպանակների շնորհիվ ստեղծվող հավաքական հոգևոր դաշտի շնորհիվ»,- տոնի կապակցության շնորհավորել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, բանահավաք ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆՆ ու շեշտել. «Այն ինչ ազգի պարն է, դա էլ ազգն է... Երբ ձևափոխում, ձևախեղում են ազգի պարը հստակորեն ձևախեղում են նաև ազգի նկարագիրը, ազգի հոգեկերտվածքը, քանզի պարը ներազդում է ենթագիտակցական մակարդակով, և ներդաշնակում՝ ենթագիտակցությունն ու գիտակցական վերապրումը:
Զորեղ հասարակություն, հզոր պետականություն և զորեղ ազգ վերակերտելու համար ազգին պետք է վերադարձնել իր ավանդական մշակույթը, ազգային պարը, այն անաղարտ պարը, Կոմիտասի շուրթերով ասված Հայ գեղջուկ պարը, որը դարերով ձևավորել է մեր ինքնությունը, մեր հոգեկերտվածքը, և ոչ թե այն պարը, որ խորհրդային հասարակարգը պարտադրում էր մեզ, կամ այն ցածրաճաշակ, հոգեկուլ պարը, որ դարերի պետականության կորստի պայմաններում հաշիշի նման սողոսկել է Հայ մարդու քիմքը»:
Ըստ Գ. Գինոսյանի պարը մարմնի բնազդական շարժումներն են. «Ինչ է պարն ազգի, Նժդեհյան բառերով ասենք, ցեղի համար, երևի թե անհնար է Կոստան Զարյանից ավելի գեղեցիկ ու ավելի ճշգրիտ ասել.
...ցեղը գերազանցապես ռիթմ է: Մեր մարմնի բնազդական շարժումների մեջ գոյություն ունեն անմիջական կապակցություններ, որոնց շարունակականությունը կազմում, գոյացնում է ռիթմը և մեր հոգեկան կյանքի ձևահայտնությունը: Ռիթմն է, որ գոյացման վիճակի է հասցնում ոգին, ուղղություն տալիս նրան, շեշտավորում, ներդաշնակում և մանավանդ պահում է այն տևականը, այն անմիջականը և այն ինքնուրույնը, որ կազմում են մարդու կամ ցեղի հոգեկան դիմագիծը: Եվ երբ պատահում է, պարագաների բերումով, որ ցեղը կամ ժողովուրդը կորցնում է, մոռանում է իր կշռույթային ինքնուրույնությունը,- նա դառնում է խառնածին քանակ, բոլոր հոսանքները ընդունող և ոչ մի հոսանքին պատկանող, բոլոր պարերը պարող, բայց հոգեպես մերկ և մշտնջենապես անպար:
Մշտնջենապես անպար չմնալու համար օր առաջ վերադառնանք դեպի մեր պարն ու փորձենք նոր սերնդին դաստիարակել ազգային մշակույթով, քանզի ազգային մշակույթն է կատարյալ և ներդաշնակ սերունդ դաստիարակելու հիմնասյունը:
Շնորհավոր պարի միջազգային օրը:
Պարեք, պարեք այն պարը, որը կօգնի Ձեզ ավելի ինքնաճանաչ ու ավելի ներդաշնակ դառնալու և ինքներդ Ձեզ հետ հաշտ ապրելու համար:
Ազգային պարն է, որ մեր մեջ պետք է վերածնի Հայ լինելու հպարտությունը:
Եվ ով պարը դիտում է որպես նպատակ, նա ոչ միայն ինքն է սխալ ճանապարհի վրա, այլև հանրությանն ու ազգին է մոլորեցնում և շեղում ճշմարիտ ուղղուց:
Ազգային պարը կածան է, կածան, որ տանում է դեպի ազգային տաճար, դեպի ինքնաճանաչման տաճար, և պետք է անշեղորեն քայլենք ազգային տաճար տանող կածանով, և մեր հոգին ու մարմինը ներդաշնակենք այն տիեզերական երևույթով, որ կոչվում է Հայ ազգային պար:
Աշխարհը չի ստեղծել ավելի ոգեղեն բան քան Հայոց խենթ պարն է:
Շնորհավոր տոնդ, Հայոց խենթ պար, և այդ պարն ապրեցնող խենթեր:
Մարդկության աղն է խենթությունն ու ազգի հոգին համեմող ամենամեծ խենթությունը Հայոց պարն է: Շնորհավոր...»:

