Ինձ քռքաշ, ծեծելով տարան դուրս, ստիպեցին եղբորս մեր տուն կանչեմ, որ բռնեն. դիմակավորված անձինք լուսադեմին ներխուժել են նորատուսցի Մնոյանների տուն, ահաբեկել հղի կնոջը
Արխիվ 16-20Այսօր լուսաբացին, մի խումբ դիմակավորված անձինք ներխուժել են Նորատուսի բնակիչ Գրիգոր Մնոյանի տուն, ծեծել վերջինիս, հրել-գցել մորը և ահաբեկել 6 ամսական հղի կնոջը: Գործողության վերջում դիմակավորված անձինք անհայտ ուղղությամբ են տարել տանտիրոջ 32-ամյա եղբորը: Միջադեպի մանրամասներն Aysor.am-ի թղթակցին ներկայացրեց Գրիգոր Մնոյանը.
«Առավոտվա ժամը 6-ն էր, քնած էինք: Կինս հղի է: Մեր դուռը շրխկոցով բացվեց, երևի ոտքով խփեցին: Երկրորդ հարկում պառկած էինք, իջա, տեսնեմ՝ ինչ է եղել, մեկ էլ մի 30 հոգով լցվեցին տուն: Ինձ խփեցին, պառկեցրին գետնին, կանդալները կիսամերկ վիճակում գցեցին ձեռքերս: Քռքաշ դուրս հանեցին, ասում եմ՝ ո՞վ եք, ինչի՞ համար եք տանում: Դիմակավորներից մեկը՝ մի հատ չաղ, դրբով մարդ, ասում է՝ լավ ենք անում: Չներկայացան՝ ով են, ինչ են: Մայրս ասեց՝ դուք ո՞վ եք, ի՞նչ իրավունք ունեք իմ տղային սենց անեք: Մորս հրեցին, գցեցին: Հիմա վատ է, շտապօգնություն ենք կանչել, ուզում էին տեղափոխեին, բայց սրսկեցին, հանգստացավ, հիվանդանոց չտեղափոխեցին:
Հղի կինս դեպրեսիայի մեջ է, տեսավ, որ ինձ ցեխերի միջով քարշ տվեցին, տարան: Հետո չգիտեմ՝ հեռախոսով ում հետ խոսեցին, ինչ արեցին, ինչ-որ մեկը հեռախոսով նրանց ասեց, որ ես էդ մարդը չեմ, թողնեն գնամ: Արժանապատվությունս տվեցին գետնին, հետո էլ ասեցին՝ գնա: Ուրիշ գյուղացիների տներ էլ են մտել, որոնք դեպքի հետ ինչ-որ կապ են ունեցել: Լրիվի դռները ջարդած են», - ասաց մեր զրուցակիցն՝ ավելացնելով, որ իրենք երեկվա աղմկոտ միջադեպի կողմերից ոչ մեկի հետ որևէ առնչություն չունեն, որևէ մեկի բարեկամը կամ ծանոթը չեն:
Գրիգոր Մնոյանը պատմեց նաև, որ իրեն ծեծելուց հետո դիմակավորված անձինք ստիպել են հեռախոսով զանգել հարազատ եղբորը, բարձրախոսը միացրած զրուցել վերջինիս հետ՝ խնդրելով, որ շտապ իրենց տուն գա:
«Եղբայրս երկու անչափահաս երեխա ունի՝ մեկը 5 ամսական, մեկն էլ՝ 5 տարեկան: Ինձ ստիպեցին, ասեցին զանգի, կանչի եղբորդ, թե չէ քեզ ենք տանելու: Զոռով հեռախոսը տվեցին, զանգեցին, դրեցին «գռոմկի», ես էլ ասեցի՝ արի մեր տուն: Եթե մի ավել բան էի ասում, ինձ խփում էին», - ասաց Մնոյանը՝ նշելով, որ ՄԻՊ գրասենյակից իրենց տեղեկացրել են՝ միջադեպից հետո եղբորը տարել են Քանաքեռ-Զեյթուն բաժին:
Մնոյանի եղբայրն առայժմ հարազատների հետ կապ չի հաստատել, ՄԻՊ գրասենյակից միայն փոխանցել են, որ նա եղել է ցեխակոլոլ հագուստով:
«Ես մինչև մարդու իրավունքների Եվրոպական դատարան բողոքելու եմ, սաղ աշխարհին բողոքելու եմ, որ անօրինական ձևով ներխուժել են իմ տուն, ինձ ու մորս ծեծել են, հղի կնոջս՝ հրել: Ինչի՞ համար: Այդպես էլ չիմացանք՝ ինչի՞ էին ներխուժել մեր տուն, ինչ էին ուզում», - ասաց քաղաքացին:

