Հայտնի են Գավառի ողբերգական դեպքից մահացածների և վիրավորների անունները. նոր մանրամասներ
Արխիվ 16-20Երեկ Գավառում տեղի ունեցած դաժան դեպքի առնչությամբ նոր մանրամասներ են հայտնի դարձել, ինչպես նաև պարզվել են մահացածների ու վիրավորների անունները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Գավառում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով երկու մարդ մահացել էր, իսկ 4–ը տեղափոխվել էին հիվանդանոց։ Գիշերը հայտնի դարձավ, որ որոշ մարդիկ մտել են Գավառի հիվանդանոց ու վիրավորներից երկուսի նկատմամբ հաշվեհարդար տեսել՝ ավերելով հիվանդանոցն ու վնասելով անգամ ոստիկանների:
Կայքի փոխանցմամբ, պարզվում է, որ տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներով Գավառի բժշկական կենտրոն են տեղափոխվել Նորատուս գյուղի բնակիչ՝ 30-ամյա Արմեն Սարգսյանը, Գավառի բնակիչ՝ 39-ամյա Արմեն Հայթյանը, 37-ամյա Վարդան Դավոյանը, Նորատուս գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Հրաչյա Հակոբյանը, 18-ամյա Արտյոմ Պետրոսյանը, 32-ամյա Սասուն Մելոյանը:
Արդեն մահացած վիճակում հիվանդանոց են տեղափոխվել Նորատուս գյուղի բնակիչ՝ 33-ամյա Վահե Ավետիսյանը և Գավառ քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Զոհրաբ Պարոնիկյանը։ Մինչ դեպք վայրում աշխատում էին ոստիկաններն ու քննիչները, ժամը 21։30-ին Գավառի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Գավառի բաժին, որ մի խումբ անձինք հարձակում են գործել հիվանդանոցի վրա, մտել ներս, ջարդուփշուր արել ապակիներն ու գույքը, ծեծի ենթարկել Արմեն Հայթյանին և այնտեղ գտնվող Գավառ քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Դավիթ Հայթյանին։
Երկու փաստերով հարուցվել է քրեական գործ՝ սպանության և սպանության փորձի հատկանիշներով։

