Հանրային խորհո՞ւրդ, թե՞ ՓԲԸ
Արխիվ 16-20Օրենքով սահմանված կարգով հասարակության տարբեր շերտերի շահերը ներկայացնող Հանրային խորհուրդը տպավորություն է, որ վերածվել է փակ բաժնետիրական ընկերության, ավելի ճիշտ՝ ոչ թե ընկերության, այլ միապետության: Ըստ էության, այլեւս Հանրային խորհրդի ղեկավար կազմը դարձել է ձայնազուրկ, իսկ Հանրային կարծիքը ներկայացնում է միանձնյա ՀԽ նախագահ ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ:
Վերջին շաբաթներում Ս. Սաֆարյանն աչքի ընկավ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հասցեին, մեղմ ասած, ոչ նորմատիվ լեքսիկոնով արտահայտած մտքերով, ինչը առնվազն իր պաշտոնին ոչ վայել էր: Ավելին՝ Ռ. Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ Վեհափառ Հայրապետի արձագանքի մասին Ս. Սաֆարյանն անգամ հարցազրույցներով հանդես եկավ, որը տեղադրված է նաեւ Հանրային խորհրդի ֆեյսբուքյան էջում, ինչից կարելի է ենթադրել, թե նա Հանրային խորհրդի տեսակետն է ներկայացնում: Սակայն, լուռ են Հանրային խորհրդի հանձնաժողովների կարկառուն նախագահները: Իհարկե, կարելի էր ենթադրել, որ լռությունը համաձայնության նշան է, սակայն այդուհանդերձ, «Իրավունքը» փորձեց պարզել նրանցից, թե արդյոք պետք չէ՞ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձեւավորել եւ ուսումնասիրել ու գնահատական տալ Հանրային խորհրդի նախագահի պահելաձեւի վերաբերյալ: Ի վերջո, Հանրային խորհրդի նախագահի պահվածքը չի՞ անդրադառնում այս ինստիտուտի հանդեպ հանրային վստահության կամ օբյեկտիվ ընկալելու հնարավորության վրա: Կամ արդյոք ՀԽ հանձնաժողովի նախագահները կիսո՞ւմ են Եկեղեցու եւ Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանի, ապա նաեւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հնչեցրած մտքերը: Օրինակ, Ա. Սիմոնյանը նշում է, թե «Հազարավոր ՀՀ քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ է կարեւոր են համարում Ամենայն հայոց կաթողիկոսի փոփոխության հարցը»: Մի՞թե ՀԽ հանձնաժողովի նախագահներն ունեն նման տվյալներ: Իսկ թե ինչպե՞ս դիմել համապատասխան հանձնաժողովների նախագահներին, մենք ընտրեցինք ամենապաշտոնական տարբերակը՝ նրանցից յուրաքանչյուրի էլ.փոստին ուղարկելով վերոնշյալ հարցերը: Բայց, արի ու տես, որ այստեղ էլ բախվեցինք լռության, հանձնաժողովի նախագահները, կարծես թե, իջել են ջրի հատակը՝ մինչեւ անցնի վտանգը: Եվ թեպետ Հանրային խորհրդում աշխատում են կամավորության սկզբունքով, բայց կառչած իրենց պաշտոններից խուսանավում են որեւէ կարծիք հայտնել: Ընդ որում՝ խոսքը 15 հանձնաժողովի նախագահներից 13-ի մասին է, որովհետեւ երկու հանձնաժողով դեռեւս նախագահ չունի: Ինչեւէ, մի քանի պատասխաններ, ամեն դեպքում ստացանք, օրինակ` տխուր սմայլիկի (ժպիտիկի) տեսքով: Եղան նաեւ անկեղծացողներ, թե հավես ու սիրտ չունեն: Եվ միայն մեկ հանձնաժողովի նախագահից՝ ԳԵՎՈՐԳ ՄԿՐՏՉՅԱՆԻՑ գոնե պատշաճ արձագանք ստացանք, թե՝ «ՀԽ սփյուռքի, կրոնի եւ միջազգային ինտեգրման հանձնաժողովում քննարկում է սպասվում, որից հետո ըստ անհրաժեշտության կարձագանքենք»: Այսքանից հետո՝ հարց է առաջանում Հանրային խորհրդում ո՞ր հանրության շահերն են ներկայացնում կամ այդ նույն հանրությունը՝ ինչպե՞ս պետք է կապ հաստատի վերոնշյալ հանձնաժողովների հետ, երբ անգամ օրենքով սահմանված կարգով ԶԼՄ-ին չեն պատասխանում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

