ՆԻԿՈԼԸ ՈՐՈՇԵԼ Է ԱՐԱԳԱՉԱՓԱԽԵՂԴ ԱՆԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Արխիվ 16-20Երեւի բոլորդ կհիշեք, թե ինչպես էր Նիկոլը իրեն պատռում ԱԺ-ի ամբիոնից, թե արագաչափերով ու կարմիր գծերով իշխանությունները թալանում են ժողովրդին: Հետո ինչպես էր սկոտչներով եւ գաղափարակից ընկերուհիների ներքնավարտիքներով փակում այդ անիծյալ արագաչափերը: Սակայն իշխանության անցնելիս Նիկոլը այլեւս կոկորդ չէր պատռում արագաչափերի հարցով, կարմիր գծերը մնացին իրենց տեղերում, իսկ գաղափարակից ընկերուհիների վարտիքները վերադարձան իրենց համապատասխան տեղը: Արագաչափերը մնացին իրենց տեղերում եւ շարունակում են տուգանքներ գրանցել փոշման մնացած քաղաքացիների վրա: Արդեն երեւի թե կարելի էր նաեւ համակերպվել այդ իրավիճակի հետ, երբ մի Նիկոլ ու մի քանի գաղափարակից ընկերուհիներ խաբեցին մի քանի հարյուր հազար մարդու, սակայն եկավ հասավ կորոնավիրուսը: Եվ այստեղ պարզվեց, որ այլ` նորմալ երկրներում մարդկանց համար ստեղծվել են հազար ու մի աջակցության ծրագրեր` բացի ուղիղ ֆինանսավորումից, մարդկանց ներում են տարբեր տեսակի տուգանքները, բանկային տոկոսները, հարկերը, կոմունալ վճարումները եւ այլն: Սակայն դա նորմալ երկրներում, որտեղ կա նորմալ իշխանություն: Սակայն Հայաստանում արագաչափերի եւ կարմիր գծերի տուգանքները շարունակվում են նույն թափով: Ընդ որում, կան դեպքեր, երբ, ասենք, արագաչափային անբարոյականությունը անցնում է բոլոր կարմիր գծերը: Օրինակ` 3 հազար դրամով տուգանում են մի փոքր արագությունը գերազանցած բժշկի, որը շտապում էր հիվանդին անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար: Այս տուգանքների շարանը կատարվում է այն ժամանակ, երբ մարդկանց գերակշիռ մասը հասել է ծանրագույն ֆինանսական վիճակի եւ դա հենց Նիկոլի ու իր թայֆայի մեղքով: Ասել, որ այս կորոնավիրուսային օրերին ժողովրդին տուգանքախեղդ անելը նպատակ ունի կանոնակարգել երթեւեկությունը, նույնպես ճիշտ չէ, քանի որ միայն երեկ օրվա ընթացքում տեղի են ունեցել սարսափելի խախտումներ եւ վթարներ: Ընդ որում` շատ անգամ Ճանապարհային ոստիկանության աչքի առաջ: Սակայն, երեւի թե, խախտողների համարները կամ թանկ ավտոմեքենաները հուշում էին ոստիկաններին, որ ճռռացնող ու «գոնկա կպնող» թանկ ավտոմեքենաների հետեւից գնալն անօգուտ բան է: Անհամեմատ ավելի հեշտ է խեղճուկրակ ժողովրդից արագաչափերով տուգանքներ պոկելը: Ժամանակին, երբ Նիկոլը նոր-նոր էր բռնազավթել իշխանությունը, նա ներեց բոլոր նրանց տուգանքները, ովքեր այդ պահին դրանք չէին վճարել: Ասելով, թե մարդկանց ձեռքը փող չկա, որ վճարեն տուգանքները: Ստացվում է, որ այն ժամանակ, երբ քչից-շատից աշխատանք կար եւ նորմալ կյանք, մարդկանց ձեռքը փող չկար, իսկ հիմա կա: Պարզապես, Նիկոլի ամբողջ էությունը շոուն է ու թատրոնը, որով նա խաբել ու խաբում է դյուրահավատ ժողովրդին:
Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

