Առանց հիշողության որեւէ ազգ չի կարող ապրել. ՀՀ նախագահ
Արխիվ 16-20Մեծ հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո, առանց քաղաքական տարբերակման՝ ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների ծնողների, պապերի ու տատերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Այս անգամ «Իրավունքի» հարցերին պատասխանել է ՀՀ նախագահ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ:
Պարզվում է՝ նրա հայրական եւ մայրական արմատները ծագումով Արեւմտյան Հայաստանից են: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նախագահի ծնողները գտնվել են Խորհրդային Միության սահմաններից դուրս: Դեռեւս 1930-ականներին նախագահի թե՛ մայրական, թե՛ հայրական ծնողները Հայաստանից եւ Ռուսաստանից տեղափոխվել են Պարսկաստան (Իրան), հետեւաբար, նախագահի ծնողներն իրենք անմիջականորեն չեն մասնակցել պատերազմին: Սակայն Արմեն Սարգսյանի հայրական կողմի հարազատներից ոչ միայն մասնակցել են պատերազմին, այլեւ նրանցից ոմանք իրենց կյանքն են զոհաբերել հաղթանակի համար. նրա հայրական կողմի հարազատներից մեկը եղել է Կարմիր բանակի բարձրաստիճան սպա: Պատերազմի ավարտից հետո, հայրենադարձության մեծ ժամանակաշրջանում՝ 1946թ., Սարգսյանները վերադարձել են Հայաստան: Ի դեպ, հայրենադարձների նույն խմբի մեջ են եղել նաեւ Մանարյանների, Չուգասզյանների, Փափազյանների եւ շատ այլ հայտնի ընտանիքներ: Նախագահ Սարգսյանի մայրը, որը Թեհրանում հիմնադրել է «Մշակույթ» միությունը, Պարսկաստանում եղել է խորհրդային հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանի մոտ ընկերուհին, այնուհետեւ ծանոթացել նաեւ նրա ամուսնու՝ մեծահամբավ հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գեւորգ Վարդանյանի հետ: Գեւորգ եւ Գոհար Վարդանյանների անձերի ու նրանց վաստակի հանդեպ Արմեն Սարգսյանի մեծագույն հարգանքի լավագույն արտահայտություններից էր նաեւ այն, որ 2019թ. մայիսի 9-ին նախագահ Սարգսյանը Գեւորգ Վարդանյանի լուսանկարով Երեւանում մասնակցեց Անմահների գնդի երթին: Իսկ 2019թ. մարտին նախագահը Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում մասնակցել էր լեգենդար հետախույզներ Գոհար եւ Գեւորգ Վարդանյանների անվան լսարանի բացման արարողությանը: Հենց բուհի լսարանից նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց ունեցավ Մոսկվայում բնակվող Գոհար Վարդանյանի հետ՝ վերստին բարձր գնահատելով նրանց փառավոր անցյալը: Ի պատասխան մեր հարցման՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ խորին հարգանք եւ պատկառանք ունի Երկրորդ համաշխարհային եւ Հայրենական մեծ պատերազմներում մեր ժողովրդի մասնակցության եւ մեր վետերանների հանդեպ: Առիթն օգտագործելով՝ նա հնարավորության դեպքում ձգտում է ժամանակ գտնել՝ հանդիպելու այն վետերանների հետ, ովքեր այսօր էլ իրենց կենդանի վկայություններով փորձ ու պատմություն, հաղթանակի տարեգրություն են փոխանցում ներկայիս սերունդներին: Նախագահն ամեն տարի մայիսի 9-ին այցելում է Հաղթանակի զբոսայգի, իր հարգանքի տուրքը մատուցում պատերազմում զոհվածների հիշատակին: Նա համարում է, որ Մեծ հայրենականին մեր ժողովուրդն անհամաչափ մասնակցություն է ունեցել՝ նկատի ունենալով պատերազմի մեր մասնակիցների եւ զոհվածների համամասնությունը. ինչպես հայտնի է, պատերազմի շուրջ 600 հազար մասնակիցներից ավելի քան 300 հազարը զոհվել է: Մեր փոքրաթիվ ժողովուրդը մեծաթիվ զոհեր է տվել, բայց եւ տվել է բազում հերոսներ: Հանրապետության նախագահի խոսքով՝ հաղթանակն ու այն կերտողներին հիշելը բոլորիս պարտքն է: «Առանց հիշողության որեւէ ազգ չի կարող ապրել, առանց հիշողության որեւէ պետություն չի կարող կառուցվել»,- բազմիցս նշել է նա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Այս շարքում հրապարակված մյուս հոդվածները կարդացե՛ք այստեղ:

