«Արազն անցնելիս` ոսկուց գոտին գետը քշել տարել է, իսկ Աստվածաշունչը՝ մնացել».Արտաշես Ալեքսանյան
Արխիվ 16-20Գրեթե չկա մի հայ, ում նախնիները վերապրած չլինեն 105 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը՝ Օսմանյան կայսրության կողմից իրագործված այդ սարսափելի ոճրագործությունը: Դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ Արաքսի տատիկն էլ ականատես է եղել սարսափելի տեսարանների ու հրաշքով փրկվել թուրք գազանի ձեռքից. «Ցավոք, ես էլ եմ այն արյան կրողը, ում նախնիները Հայոց ցեղասպանությունը վերապրել են»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց դերասանն ու պատմեց. «Արմատներով Էրզրումից եմ` հորական տատիկս իր քրոջ ու 2 եղբայրների հետ 1915-ին Էրզրումից գաղթել են Հայաստան: Տատիկս պատմում էր, որ ինքը տան 2-րդ երեխան է եղել, իրենից մեծը եղել է քույրը, ով գաղթի ժամանակ 16 տարեկան է եղել, իսկ ինքը` 14, 2 եղբայրները` 11 եւ 9 տարեկան: Պատմում էր, որ ծնողներին իրենց աչքի առաջ սրախոխող են արել, իսկ իրենք էլ հրաշքով փրկվել են: Տատիկիս պապիկը Էրզրումում եղել է վանահայր, երբ իրենց սպանել են, երեխաները գաղթական խմբի հետ անցել են Արազն ու փրկվել: Տատիս պատմություններով` մի եղբոր մեջքին կապված է եղել ոսկուց գոտի, իսկ մյուս եղբոր մեջքին` Աստվածաշունչ: Արազն անցնելիս` ոսկուց գոտին գետը քշել տարել է, իսկ Աստվածաշունչը մնացել է, ու այդ Աստվածաշնչով եկել հասել են Գյումրի` ամերիկյան որբանոց: Միառժամանակ որբանոցում մնալուց հետո սկսել են աշխատել, որից հետո հայտնվել են իրենց կողակիցները` քույրը ամուսնացել է Երեւանում, տատիկս` Գյումրիում: Եղբայրներից մեկն ամուսնացել ու Երեւան է եկել, իսկ մյուսը` ամուսնացել է Երեւանում, հետո մասնակցել 1941-45թթ. հայրենական պատերազմին ու զոհվել այնտեղ: Այդ պապիկիս մասին ոչ մի տեղեկություն չունեմ, շատ եմ ուզում որեւէ լուր գտնեմ իր մասին, նույնիսկ գնացել եմ արխիվ, բայց ապարդյուն»:
Ա. Ալեքսանյանը պատմում է, որ թեեւ տատիկը սակավախոս է եղել՝ վերապրածը պատմելու համար, բայց, այնուամենայնիվ մի քանի մանրամասներ թոռնիկին հաջողվել է պարզել. «Նա պատմում էր, թե որտեղ է եղել իրենց տունը, որ իրենց գյուղում, որտեղ ծնվել են, մի սար է եղել, այդ սարի վրա` մեծ քար, որը կոչվել է Պառավաքար: Այդ սարի տակ եղել է իրենց սեփական տունը: Հետո էլ ասում էր, թե ոսկիներ են ունեցել ու որտեղ են պահված, ու որ հանկարծ երբեւիցե գնամ, անպայման կգտնեմ այդ տունը ու այսինչ տեղում պահած ոսկիները: Բայց հիմա ո՞վ է այնտեղ քարը քարին թողել, որ ինչ-որ բան գտնես: Շատ քիչ բան էր պատմում, անընդհատ լռում էր ու հիշում իրենց տեղափոխվելը, Արազով անցնելը, թե ինչպես են սոված, ծարավ դաժան ճանապարհ անցել մինչեւ հասել են որբանոց: Ասում էր. «Ջարդը սկսվեց, ու ջարդի ժամանակ մենք որբ մնացինք... Ճանապարհը ոտքով, սայլերով փախանք, մի կերպ ջուրն անցանք` մեկի փեշից բռնելով, մեկի փեշից կախվելով...», բառիս բուն իմաստով, Արաքսի տատիս խոսքերն եմ կրկնում»:
Դերասանի մայրական կողմին էլ չի շրջանցել դարի ոճրագործությունը. «Մայրական տատիկս բնիկ գյումրեցի է, իսկ պապիկս` բուլղարացի: Նա էլ 1915-ին ջարդի ժամանակ ընտանիքով գաղթել է Բուլղարիա: Բայց, ցավոք, ես քիչ տեղեկություն ունեմ այդ մասին, այն ժամանակ այդքան խելք չունեի, որ հետաքրքրվեի, թե որտեղից են փախել, ինչ է տեղի ունեցել: Իսկ հորական տատիկիցս արդեն հետաքրքրվեցի, իմացա պատմությունն ու ձեռքիս տակ եղած փաստաթղթերը սկսեցի հավաքել: Այդպես մասունքի նման պահեցի տատիս անձնագիրն ու ծննդականը, որը Խորհրդային Միության տարիներին էին տվել, բայց շատ անգրագետ բացթողումներով: Ծննդյան թվականը մի տեղ նշել են 1904, մի տեղ` 1906, բայց բանից պարզվում է` նա 1890-ականների ծնված է եղել, իր եղբայրներն են 1904 եւ 1906 թվականներին ծնվել: Մի խոսքով` տատիկս մահացավ 1984 թվականին` մոտավորապես 98 տարեկան էր»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

