Հայ Դատի պահանջը համամարդկային է եւ վաղեմության ժամկետ չունի. Արցախի նորընտիր նախագահը այցելեց Ծիծեռնակաբերդ
Արխիվ 16-20Համահայակական ուխտատեղի դարձած Ծիծեռնակաբերդում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին այսօր հարգանքի տուրք մատուցեց Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Նա նշել է, որ սա իր ոչ պաշտոնական, բայց արարողակարգային առաջին միջոցառումն է, որը յուրօրինակ ուղերձ է համարում:
«Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը քաղաքակիրթ աշխարհի կողմից միայն յուրահատուկ գնահատական չէ հայ ժողովրդի կրած անասելի զրկանքներին կամ հարգանքի տուրք՝ մեր մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակին: Այն նախ եւ առաջ Աստծո ու սերունդների հանդեպ ունեցած պատասխանատվության զգացում է, որի փոխարեն, սակայն, արդեն 105 տարի ականատեսն ենք ժխտողական քաղաքականության: Բայց Հայ Դատի պահանջը համամարդկային է եւ վաղեմության ժամկետ չունի:
Մեր ժողովրդի հարատեւության անվերջանալի պայքարը մենք վստահաբար շարունակելու ենք՝ ավելի ամրապնդելով ու հզորացնելով մեր միասնական հայրենիքը, որտեղ քաղաքացին միշտ ունենալու է անվտանգության, ինքնիրացման ու ապագայի հանդեպ հուսալիության լիարժեք զգացում եւ պայմաններ: Սա է իմ եւ մեր տեսլականը:
Հիշում ենք եւ պահանջում», - շեշտել է Արայիկ Հարությունյանը:
Ավելի ուշ Ա. Հարությունյանը եւս մի գրառմամբ է հանդես եկել, որում ասված է. «Անցյալից մեզ մշտապես ուղեկցող հիշողությունը հաճախ ստիպում է սրբագրումներ անել ապագայի մեր ծրագրերում, հարաբերություններում եւ, իհարկե, վերաբերմունքի մեջ: Հայ ժողովրդի՝ 20-րդ դարասկզբին ցեղասպանված եւ տարագիր դարձած հատվածներն այսօր եւ միշտ մեր լինելիության անբաժան մասն են մնում: Իսկ կորսվածի ու վերագտածի միջեւ անչափելի համեմատությունը հաճախ զգացել եւ տեսել եմ Սփյուռքի տարբեր գաղթօջախներում՝ հայության թախիծի ու ժպիտի բովանդակության, հայապաշտության ու հայրենաբաղձության անսահման խորության մեջ:
Եվ այսօր ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մեր ժողովրդի որբացած հատվածին օգնության ձեռք մեկնած անհատներին, ժողովուրդներին ու երկրներին, որոնք անտարբեր չգտնվեցին եւ փորձեցին կիսել մեր մեծ վիշտը: Երախտապարտ ենք Հայոց Ցեղասպանությունը ճանաչած եւ դատապարտած բոլոր պետություններին, կազմակերպություններին ու գործիչներին»:

