Վարունգը կարող է պարետի համար էլ թարս բուսնել
Արխիվ 16-20Հայտարարությունը, որով այսօրվա կառավարության նիստում հանդես եկավ փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը, առնվազն տարակուսանքների տեղիք է տալիս: Այսպես, ըստ պարետի` Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերը վերահսկելի են եւ եթե այսպես շարունակվի, իրենք կշարունակեն տարբեր գործունեության տեսակների նկատմամբ սահմանափակումները հանել: Եվ նկատենք, որ երեկվանից իրոք մի շարք ուղղություններում պարետը գնացել էր սահմանափակումների թուլացման:
Սակայն ամբողջ հարցն այն է, թե պարետն այդ ինչի՞ց ելնելով է տեսնում կորոնավիրուսային իրավիճակի մեղմացում եւ վերահսկելիության աճ: Այսպես, վերցնենք ապրիլի 6-14 իննօրյա ժամանակահատվածը: Այդ փուլը սկսվեց օրական 11 վարակվածով եւ ավարտվեց 28-ով (տե´ս գրաֆիկը): Ընթացքում եղան որոշ թռիչքներ, սակայն օրական 46 վարակվածն առավելագույնն էր: Իսկ ահա ապրիլի 15-23 իննօրյա փուլը սկսվեց 44 վարակվածով եւ ավարտվեց 50-ով: Մոտավորապես նույն դինամիկան պահպանվեց ողջ փուլի ընթացքում, իսկ պիկային օրերին վարակվածների թիվը հասավ 62, ապա` 72 մարդու:

Այսինքն, ինչպես էլ հաշվենք, մեկ է` ներկայացված առաջին փուլն անհամեմատ ավելի դրական դինամիկա ուներ, սակայն դրա ընթացքում որեւէ մեղմացում չեղավ, եւ դեռ մի բան էլ արտակարգ դրությունը երկարաձգվեց: Իսկ ահա երկրորդ փուլի ժամանակ, երբ վերջին օրերին ունեցել ենք պիկային պատկեր, պարետնան հասկանալիորեն հուսադրող երանգներ է տեսնում եւ գնում է սահմանափակումների մեղմացումների: Ինչո՞ւ: Իահարկե, կարելի է ենթադրել, որ ներկայացված առաջին փուլում իրականում պատկերն այլ էր, եւ դրանում կարող է տրամաբանություն լինել: Այդ օրերին կային խոսակցություններ` հանրապետությունում տեստերի բացակայության մասին, այսինքն, ար անցկացվել է չնչին քանակի թեստավորում, եւ փաստացի վարակվածների թիվը չի համապատասխանել պաշտոնապես ներկայացվածին: Հետագայում թեստավորումների քանակը մի փոքր աճեց ու նաեւ ավելացավ վարակվածների թիվը։ Այս վարկածով առաջնորդվելով կհասնենք այն մտքին, որ մեր չինովնիկությունը սովորական մանիպուլյացիաների են դիմել:
Կարելի է նաեւ այս վարկածն առաջ քաշել. տնտեսական ներկայիս սահմանափակումներն արդեն այնպիսի խնդիրներ են առաջացրել վերնախավի համար, որ պարզապես էլ չեն «ձգում» եւ ստիպված գնում են սահմանափակումների թուլացումների: Եվ եթե այսպես է, ապա հաշվի առնելով, որ ունենք վարակվածության ավելի ծանր դինամիկա, նման թուլացումների հետեւանքները կարող են շատ ավելի ծանր լինել:
Մեկ այլ հավանական տարբերակ եւս։ Շեշտեկի հաճախակիացել են խոսակցությունները, որ պարետ Ավինյանն իր դիրքերն օգտագործելով, ունեցած լիազորությունների բազայի վրա հենված, Նիկոլին վարչապետի պաշտոնում փոխարինելու ծրագրեր ունի։ Եվ փաստն այն է, որ վերջին ժամանակներս Փաշինյան-Ավինյան տեսանելի եւ ոչ այնքան տեսանելի բախումներ քանիցս նկատվեցին։ Թարմ օրինակը․ դեռ ապրիլի 11-ին Նիկոլը հայտարարել էր, թե ապրիլի 20-ից հետո հագուստի արտադրությունը կբացվի, տեքստիլ արտադրությանը կթույլատրվի աշխատել։ Բայց ահա որոշ ֆաբրիկաներ, այդ թվում՝ Վանաձորի «Գլորիան» փորձեց Նիկոլի ասածով աշխատանքը վերսկսել, մարդկանց դեմ ոստիկանություն հանեցին, թե՝ պարետը նման որոշում չունի։ Իսկ դա նշանակում է, որ Ավինյանը պարզապես ձախողեց Նիկոլի ասածը՝ նրան եւս մեկ անգամ մարդկանց աչքին ստախոս սարքելով ու էլ ավելի հեղինակազրկելով։ Ու երբ դրան անիմիջապես հաջորդեց սահմանափակումների թուլացումների շարքը, ապա, ըստ այս վարկածի, Նիկոլն օգտագործելով ներիշխանական իր դեռ բավականին ուժեղ դիրքերը, Ավինյանին պարտադրում է՝ գնալ այդ թուլացումներին, եւ դրանով էլ նրա ձեռքից աստիճանաբար վերցնում իր տված լծակները։ Քանի դեռ Տիկոն այնքան չի ուժեղացել, որ Նիկոլի դիրքերը գրավի։ Հաշվի առնելով նաեւ, որ քանի դեռ կան ներկայիս տնտեսական սահմանափակումները, որոնք մարդկանց հասցրել են ներկայիս խայտառակ սոցիալական վիճակին, առանց Ավինյանի էլ՝ ամեն հերթական օրն էլ ավելի է թուլացնում Նիկոլն։
Իսկ ընդհանրական առումով, որ կողմից էլ նայում ես, հասնում ես մեր չինովնիկության անընդունակության խնդրին, որը, ի դեպ, նոր բան չէ:
Ս.Աբրամյան

