Լավրովը կբացե՞ր չակերտները, եթե Քոչարյանն ազատության մեջ լիներ

Արխիվ 16-20

Այն, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախօրեին արած հայտարարությունն ի զորու էր հմքից ցնցել հայաստանյան իշխանական համակարգը՝ երկիրը նյարդային վիճակի մեջ դնելով, ի սկզբանե էլ պարզ էր։ Բայց ինչո՞ւ ու ի՞նչ հետեւանքների պետք է սպասել․ այս հարցերը, ինչ խոսք, այս պահին ամենակարեւորն են։

Լավրովը որեւէ նոր բան չասաց

Բայց, եթե սթափ նայենք Լավրովի ասածներին, ապա, մասնավորապես՝ Արցախի հետ կապված, նա որեւէ նոր բան չասաց։ Հիմնավորենք։ Այսպես՝ Լավրովը սկսելով Քի Ուեսթից, անցավ դրա հաջորդ փուլին, երբ օրակարգ մտան «Մադրիդյան սկզբունքները», ապա այդ հիմքով ձեւավորվեց «Կազանյան փաստաթուղթը»։ Վերջապես «Մադրիդյան սկզբունքներն» անցնելով զարգացման մի քանի փուլերով, անցած տարվա ապրիլին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ վերածվեցին պայմանավորվածությունների, որն էլ ներկայիս բանակցային օրակարգի հիմքն է։ Ոչ մի նոր բան․ այն, որ «Մադրիդյան սկզբունքների» տարատեսակներից մեկի շուրջ են ընթանում ներկայիս քննարկումները, միայն մեր էջերում երեւի տասնյակ անգամ ներկայացնելու առիթ ունեցել ենք։ Իսկ դետալային առումով Լավրովն այս ընթացքն է նկարագրում․ «Այդ փաստաթղթերը ենթադրում են փուլային մոտեցման հիման վրա կարգավորման առաջխաղացում՝ առաջին փուլում ենթադրելով առավել հրատապ խնդիրների լուծում, Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատագրում եւ տրանսպորտային, տնտեսական եւ այլ կոմունիկացիաների ապաշրջափակում․․․»։ Կարելի է պարզապես համեմատել մոսկովյան հանդիպմանը զուգահեռ ՄԽ-ի հրապարակած՝ 3 սկզբունքից եւ 6 տարրից բաղկացած առաջարկվող կարավարման մեխանիզմի հետ, եւ միանգամից կհիմնավորվի, որ Լավրովը նույն բանն է նկարագրում։
Անգամ Լավրովի ասած՝ «փուլային մոտեցումը» նոր բան չէ․ նա ինքը քանիցս այդ միտքը հնչեցրել է, թե հնարավոր չէ մեկ քայլով արցախյան հարցը լուծել։ Ավելին, ՀՀ ԱԳՆ-ից ժամանակին մինչեւ իսկ եղել է դրա հետ կապված այս մեկնաբանությունը․ «Խոսքը փաթեթային լուծման մասին է՝ փուլային իրականացմամբ, ինչի վերաբերյալ բազմաթիվ անգամ հայտարարել են համանախագահ երկրները»:
Ճիշտ չեն նաեւ այն պնդումները, թե հաայստանյան գործող իշխանությունները չեն ընդունել Լավրովի ներկայացրած իրողությունները։ ՄԽ-ի վեցկետանոց փաստաթղթի հետ կապված մինչեւ իսկ Ստեփանակերտում ՀՀ-ի եւ ԱՀ-ի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ եղավ, Փաշինյանն էլ ասաց, թե ինչը պարզաբանումների կարիք ունի։ Ամիսներ անց ասաց, որ ստացել է պարզաբանումներ։ Մնացականյանը նույնպես քանիցս «լեզվի սայթակում» ունեցավ՝ խոստովանելով, որ կա ինչ-որ փաստաթուղթ եւ այլն։ Վերջապես ասել, թե ներհայաստանյան ներկայիս ցնցումային վիճակը կախված էր նրանից, որ բոլորը գիտեին հիշատակված իրողությունները, բայց հույսեր ունեին, որ դրանք պահանջային տոնով հնչեցնելու օրը չի գա, էլի արդարացված չէ։ Տարբեր աղբյուրներ, այդ թվում՝ մեր էջերում եւս քանիցս պնդել ենք (նաեւ վերջին շաբաթներին), որ արցախյան ընտրությունների ավարտվելուն պես ՄԽ-ի վեցկետանոց փաստաթուղթը (կամ Լավրովի ակնարկածով, մոսկովյան հանդիպման ժամանակ ի հայտ եկած դրա մոդիֆիկացված տարբերակը) դրվելու է գործնական օրակարգում։
Այսպիսով կրկնենք՝ Լավրովը ոչ մի նոր բան չասեց։ Ու, չնայած դրան, կա ներհայաստանյան լուրջ անհանգստություն, իսկ իշխանությունները կարծես թե շոկային վիճակում են։ Համենայնդեպս այն կարգի, որ ինչպես ԱԳ նախարար Մնացականյանը, այնպես էլ՝ Փաշինյանը որեւէ հոդաբաշխ մեկնաբանություն չեն կարողանում գտնել։ Ինչո՞ւ, անսպասելի՞ էր, որ Լավրովն այս թեժ կորոնավիրուսային օրերին կորոշի խաղաթղթերը բացել․․․

Ինչո՞ւ Մոսկվան գնաց այդ քայլին

Եվ իրոք, ինչո՞ւ Լավրովը գնաց այդ քայլին, որն առնվազն անհարմար վիճակի մեջ է դնում Նիկոլին, իսկ ավելի ռեալ՝ նրա համար բավականին ծանր հեռանկարներ է ուրվագծում։ Առաջին տպավորությամբ, այս պահին պետք է, որ Մոսկվան Նիկոլին նման ծանրության հարված հասցնելու առիթ չունենար։ Վերջին ժամանակներս Նիկոլի հետ հարաբերություններում Մոսկվային առավելագույնս նյարդայնացնող թեման, ինչ խոսք, արցախյան ընտրություններն էին, ավելի կոնկրետ՝ այն հեռանկարը, որ հայաստանյան սորոսականների ջանքերով Արցախը կարող էր ունենալ սորոսական նախագահ։ Բայց չունեցավ, ընդ որում՝ Նիկոլի միջամտությամբ։ Այսինքն՝ արցախյան ընտրությունները կարող էին հենց առաջին փուլից մղվել «հեղափոխական» հուն, ինչի փորձերը եղան։ Սակայն, ինչպես առաջին, այնպես էլ՝ երկրորդ փուլից հաշված ժամեր անց Նիկոլը շտապեց շնորհավորել Արայիկ Հարությունյանին՝  դրանով լեգիտիմացնելով ընտրություններն ու սորոսական «հեղափոխականներին» ցույց տալով, որ իրենից աջակցություն չեն ստանալու։ Ու վերջ, մեկ-երկու միտինգ եւ «հեղափոխությունը» կանգնեց։ Իսկ թե ինչ իրավիճակ կարող էր լինել, եթե Նիկոլն իր ունեցած բոլոր իշխանական լծակներով կանգներ «հեղափոխականների» կողքին, կարելի է ենթադրել։
Չէ, արցախյան ընտրությունների հարցում Մոսկվան Նիկոլին հարվածելու առիթ պետք է, որ չունենար։ Բայց հարվածեց։ Այսինքն, ըստ ամենայնի, պատճառը պետք է փնտրել հետընտրական՝ այս վերջին օրերի զարգացումների մեջ։

Ի՞նչ է կատարվում հետընտրական օրերին

Այն, որ արցախյան ընտրություններից հետո Նիկոլը գերնյարդային վիճակում է, դժվար չէ նկատել։ Բավական է միայն հիշեցնել նրա վերջին որոշ հրապարակային մտքերը։ Նախ, որ եթե ուզում են իրեն հանել, պետք է նոր հեղափոխություն անեն։ Ապա հիշեց, չգիտես ինչպես՝ այս երկու տարիներին իշխանության մեջ մնացած ինչ-որ դավաճանների մասին։ Ու վերջում էլ հասավ իրենից հիասթափվածներին՝ դրանց շարքերում ընդգրկելով գործնականում երկրի ողջ բնակչությանը, բայց հատուկ երանգներով առանձնացնելով արեւմտամետներին։
Նիկոլյան այս զեղումներին անդրադառնալու առիթներ ունեցել ենք, չկրկնենք՝ հիշեցնելով միայն հիմնական եզրակացությունը․ նա կարծես թե վստահ է, որ դրսի տարաբնույթ սորոսները պատրաստվում են պալատական հեղաշրջման միջոցով իրենից ազատվել՝ անցած երկու տարիներին Նիկոլից այդպես էլ որեւէ էական օգուտ չստանալու եւ հատկապես՝ արցախյան պարտության պատճառով։ Ու տրամաբանորեն էլ, դա միանգամայն հավանական հեռանկար էր, որն ուրվագծվում էր դեռ արցախյան ընտրություններից էլ առաջ։ Այսինքն, եթե այնտեղ ի հայտ չի գալիս սորոսական նախագահ, ապա բանակցային ակտիվացումը, ինչ-որ փաստաթղթի ստորագրումը եւ դրա հիման վրա՝ ապագա շփման գծում, այսինքն՝ Իրանի սահմանին ռուսական ռազմական ուժերի տեղակայումը կասեցնելու գործնական լծակներ սորոսները չեն ունենալու։ Չէ, մեկ տարբերակ դեռ կա՝ ՀՀ-ում իշխանության գա մեկը, ով անվերապահորեն կկատարի իրենց բոլոր հրամանները, այդ թվում՝ կբացառի ռուսական նախաձեռնությամբ արցախյան կարգավորման ամեն մի նախագիծ։ Եվ Նիկոլն այդ մեկը չէ, քանի որ, ինչպես նաեւ Լավրովն ի ցույց դրեց, լավ էլ տակից վազում է  ինչ-որ մեխանիզմների մասին պայմանավորվելու։
Իհարկե, այդ դեպքում Մոսկվայում եւս պետք է հաշվարկեին, որ ընտրությունների ավարտվելու պես, եթե, իհարկե, Նիկոլը չմտնի կրկնակի խաղերի մեջ, նրա պաշտոնանկության եւ այլ շատ ավելի հավատարիմ կադրով փոխարինելու գործընթացը կտրուկ կակտիվանա։ Նաեւ մի շարք կարեւորագույն լծակներ կորոնավիրուսային այս խաղի արդյունքում պարետին հանձնած Նիկոլի դիմադրողականությունը նկատելիորեն թուլանալու է եւ կարող է չդիմանալով՝ տուն-տեղը ծախել ու անձնական անվտանգության երաշխիքների դիմաց իշխանությունը հանձնելով՝ «թռնել»։ Իսկ եթե ռուսներն իրոք ունեին նման մտավախություններ պետք է, որ ժամանակին մտածեին նաեւ նման իրավիճակում հակաքայլերի մասին։
Որ տրամաբանությամբ էլ այս իրավիճակին մոտենում ենք, հասնում ենք այն տարբերակին, նման հակաքայլային նախագիծ Մոսկվան կարող էր կապել միայն մեկ մարդու հետ՝ Ռոբերտ Քոչարյանի։ Ընդ որում, կա նաեւ այն տպավերությունը, որ այս ուղղությամբ առկա էին նաեւ նախնական պայմանավորվածությունները։ Այսպես, պատահակա՞ն էր, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հենց այս փուլում Մոսկվայից հասավ Հայաստան՝ Քոչարյանի համար դատարանում երաշխավորելու համար։ Եթե ընդունենք, որ նա սեփական նախաձեռնությամբ էր ցանկանում օգնել Քոչարյանին, ապա ինչո՞ւ մեկ տարի, գոնե վեց ամիս առաջ չէր գալիս կամ օրինակ՝ չմիացավ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հայտնի երաշխավորմանը։ Իսկ ամենատրամաբանականն այն է, որ եթե հենց հիմա եկավ, ապա նրան «հուշել» են, որ քաղաքական տեսանկյունից պահը նպատակահարմար է՝ «Կգնաս, կստորագրեց, Քոչարյանին կազատեն, կվերադառնաս»։

Քոչարյանի գործոնը

Ու նաեւ չմոռանանք․ դատավոր Դարբինյանն ամենեւին էլ քթի վիրահատության չէր պատրաստվում․ նախկին վարչապետների միջնորդության հետ կապված նիստ էր նշանակել, հանգիստ սպասում էր դրան, ու միայն վերջին պահին՝ նիստից ժամեր առաջ «պատահաբար հիշեց», որ քթի խնդիր ունի։ Գնաց՝ շաբաթներով կորավ, մի պահ հետ եկավ ու պարզվեց, որ հիմա էլ արձակուրդի պահն է։ Չէ, այդպես չի լինում, ինքնակամ նման խաղեր տալու դեպքում տիկին Աննան կարող էր քթի եւս մեկ վիրահատության կարիք ունենալ։ Ու մյուս կողմից, ի՞նչն էր խանգարում տիկին Աննային նիստ անել եւ հերթական անգամ մերժել ազատ արձակել Քոչարյանին։
Տրամաբանական եզրակացությունն այս աբսուրդ իրավիճակից կարծես մեկն է՝ դատավորն ուներ նախկին վարչապետների միջնորդությունը հարգելու «վերին համոզմունք», հետո վերեւներում սկսեցին կասկածել կամ վախենալ, թե՝ «Բա որ Քոչարյանը դուրս եկավ, ի՞նչ կլինի»։ Ու այդ «կամուկացային» մտորումները վերեւներում դեռ շարունակվում են (կհանգուցալուծվե՞ն մայիսի 8-ին, դեռ կտեսնենք)։
Վերադառնանք ռուսներին։ Եթե Քոչարյանը դրսում չէ, ապա նրանց նախնական ծրագրերը տեղապտույտային վիճակում են հայտնվում։ Մինչդեռ սորոսները կարծես ակտիվորեն գործում են ու ի՞նչ կլինի, եթե հանկարծ առաջ ընկնեն․․․
Չնայած, խոշոր հաշվով, կարող է բան էլ չլինի։ Լավրովի նման «անսպասելի» հարվածի հիմքերը կարծես տեսանելի են։ Սակայն նրա հայտարարությունը դրանով չվերջացավ։ Նախ, նա հիշեցրեց նաեւ գազի գնի մասին, որը կարող է Հայաստանի համար դրական լուծվել, բայց կարող է նաեւ չլուծվել։ Ինչո՞ւ․ Լավրովը հիշեցնում է այն բազում մեղքերը, որոնք մեր գործող իշխանություններն ունեն Մոսկվայի հանդեպ եւ հավելում․ «Եթե խոսքը դաշնակցության մասին է, ապա այն պետք է դրսեւորվի բոլոր ոլորտներում»։ Իսկ ահա Արցախի հետ կապված, քանիցս հիշեցրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի մասին․ այսինքն՝ ԱԽ-ն է որոշել, Հայաստանի կամ Ադրբեջանի ուզածը, ով էլ լինի իշխանություն, նման որոշման դեպքում երկրորդական է։
Ակնարկը կարծես միանգամայն թափանցիկ է․ «Կլինի Նիկոլը, թե ինչ-որ սորոսական, այս ողջ ծանրագույն բեռը կա, ու պետք եղավ, այդ ողջ ծանրությունը կտեղափոխենք ազատ անկման ռեժիմ»․․․
Սրանից հետո Մնացականյանն ի՞նչ պատասխանի․ «խեղճ մարդու» ձեռքին ի՞նչ կա, որ ինչ էլ ասի։
Քերոբ Սարգսյան

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի