«ԻՆՉՊԵՍ ԿՄՏԱԾԵՍ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ, ԴՐԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԷԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱՍ»
Արխիվ 16-20Տարածված կարծիք կա, որ Վանգան դեռ տասնամյակներ առաջ էր գուշակել կորոնավիրուսի համաճարակը: Համենայնդեպս, նման պնդմամբ են հանդես գալիս Վանգայի գուշակությունների մի շարք մեկնաբաններ: Ըստ այդմ, բուլղարուհի հայտնի պայծառատեսը կանխագուշակել է, որ 2020 թվականին աշխարհի վրա տարածվելու է Չինաստանում ծնունդ առած մի վիրուս, որ խլելու է բազմաթիվ կյանքեր: Նույն մեկնաբանները պնդում են նաեւ, թե պայծառատեսը լրջորեն մտահոգված էր այդ համաճարակի խնդրով, քանի որ դրան կհետեւի համաշխարհային տնտեսական ճգնաժամը եւ այլ ցնցումներ: Որքանո՞վ է ստեղծված իրավիճակը Վանգայի կանխատեսումների արտացոլանքը, ի՞նչ է սպասվում հայ ազգին, ինչպե՞ս հաղթահարել մեկուսացման շրջանը եւ մնալ լավատես: Հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ պայծառատես, հայտնատես ՀԱԿՈԲ ԲԱԲՈՒՋՅԱՆԻՑ, ով անդրադառնալով Վանգայի կանխատեսումներին, նախ ասաց.
- Այստեղ ամեն ինչ շատ ավելի պարզ է. տիեզերքը մի մեծ հայելի է, որին տալով մենք մեր մտքերը, վաղ թե ուշ ստանում ենք մտքերին համապատասխան իրականություն: Այս ամեն ինչը հաշվի առնելով` կա երկու տարբերակ: Առաջինն այն է, որ բարձր, գիտակից (արթուն) վիճակից, երբ տեսնում ես՝ ուր են ուղղորդված մարդկանց մտքերն ու գործողությունները, կանխատեսել ելքը, գուշակել ու նախազուշացնել մոտալուտ հաջողությունը կամ անհաջողությունը: Եվ երկրորդ, ունենալով որոշակի հայտնի կարգավիճակ՝ պայծառատես, գուշակ (ում ինչպես հարմար է ), վերցնելով մարդկանց ուշադրությունն ու մտքերը, ուղղորդելով համապատասխան ուղղությամբ, պատվերի տեսքով ստանալ համապատասխան իրականություն՝ հայելու տեխնիկան օգտագործելով: Տվյալ դեպքում, իմ կարծիքով, աշխատել է երկրորդ տարբերակը, քանի որ մարդու ներքին վիճակից է կախված, թե որ ուղղությամբ կուղղորդի իր եւ այն մարդկանց մտքերը, ովքեր վստահում են իրեն: Հասկանում եմ՝ պատասխանը ոչ ստանդարտ էր, միգուցե՝ նույնիսկ զարմանալի: Ես իրավունք չունեմ որեւէ մեկին վիրավորելու, բայց իմ կարծիքով՝ Վանգան ոչ այնքան երջանիկ վիճակից է արել գուշակությունները: Մարդկությունը հիմա անցումային փուլում է, ու երկրագունդը վերակառուցվում է... Ի՞նչ է դա նշանակում. մարդկության մի մեծ մասը կանգնած է գլոբալ վերահսկողության մեջ հայտնվելու աղետի առաջ, իսկ մյուս մասն ունի մեծ հնարավորություններ՝ ամբողջությամբ վերաիմաստավորելու իր կյանքը, տոտալ երջանկացնելու ինքն իրեն՝ վերափոխելով մտքերը, սնունդն ու ֆիզիկական պատրաստվածությունը: Ով որը կընտրի, դա էլ կստանա: Գլխավորը՝ թե որտե՞ղ է ուշադրությունը: Այս պահին էլ կան մարդիկ, որ շատ ավելի լավ ու երջանիկ են ապրում, քան մինչ կորոնավիրուսը, քանի որ վերաիմաստավորել են սա ոչ թե որպես աղետ, այլ՝ նոր հնարավորությունների սկիզբ: Կրկին հայելին. ինչպես կմտածես աշխարհի մասին, դրան համապատասխան էլ իրականություն կստանաս:
– Պարոն Բաբուջյան, 2020 թվականը բնորոշում են, որպես ծայրահեղությունների տարի է, ընդ որում, ոչ միայն Հայաստանի համար: Հաշվի առնելով, որ ՀՀ պատերազմող երկիր է, ռազմական գործողությունների վերսկսման վտանգ տեսնո՞ւմ եք:
– Հայաստանի մասով զգում եմ, որ առանց պատերազմի վաղ թե ուշ վերականգնվելու է իր տարածքային ամբողջականությունը, քանի որ, մեծ հաշվով, աշխարհը գնում է բալանսի, իսկ մինչ այս կոպիտ, խախտված բալանս է եղել մեզ համար՝ տարբեր իմաստներով:
– Եվ վերջում, Ձեր խորհուրդը մեր ազգաբնակչությանը՝ ինչպե՞ս հաղթահարել մեկուսացման շրջանը:
– Մարդկանց խորհուրդ կտամ ցանկության ու մտադրության դեպքում զարթնել, վերաիմաստավորել կյանքն ու միանալ նոր ժամանակների դրական կողմերին: Տիեզերքը մեզ տվել է ամեն հնարավորություն ու դա չօգտագործելու համար գտնել տարբեր էժան պատճառաբանություններ, իմ կարծիքով՝ յուրաքանչյուրի համար անդարձ բացթողում է:
Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

