Ես Ստեփան Մարտիրոսյանի խափանման միջոցի փոփոխության համար անձնական երաշխավորություն չեմ ներկայացրել. Ռ. Բաքոյան
Արխիվ 16-20Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, հոլիվուդյան պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանը խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորությամբ հանդես է եկել ԱԺ իմքայլական 5 պատգամավոր: Հիշեցնենք, որ Ս. Մարտիրոսյանն անազատության մեջ է հայտնվել փողերի հափշտակության գործով եւ մեղադրվում է ռուսաստանյան գործարար Վիտալի Գրիգորյանցից առանձնապես խոշոր չափի՝ 49 միլիոն 45 հազար դոլարի հափշտակություն կատարելու համար:
Վերոնշյալ 5 պատգամավորի շարքում շրջանառվում էր նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՌՈՒՍՏԱՄ ԲԱՔՈՅԱՆԻ անունը, սակայն նա հերքում է. «Մամուլում եւ համացանցում տեղ գտած այն նյութերը, թե ես անձնական երաշխավորություն եմ ներկայացրել հոլիվուդյան հայազգի կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի խափանման միջոցի փոփոխության համար եւ 500 հազար դրամ գումար վճարել, չի համապատասխանում իրականությանը։ Ես բաց եմ եղել իմ գործունեության հենց սկզբից, պատասխանել իմ անձի եւ իմ գործունեությանն առանչվող ցանկացած հարցի։ Շնորհակալ եմ նաեւ այն լրագրողներին, ովքեր զանգահարել են ինձ եւ ճշտել տեղեկատվությունը։ Եվս մեկ անգամ հայտարարում եմ՝ ես Ստեփան Մարտիրոսյանի խափանման միջոցի փոփոխության համար անձնական երաշխավորություն չեմ ներկայացրել»։

