«ԻՆՁ ԳՈՀԱՑՆՈՒՄ Է ԱՅՆ ՓԱՍՏԸ, ՈՐ «Ucom»-Ը ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ»
Արխիվ 16-20Այն բանից հետո, որբ «Beeline» ընկերությունը դիմեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ Հայաստանում իր ակտիվը, բաժնետոմսերը «Ucom»-ին վաճառելու համար թույլտվություն ստանալու հարցով, տպավորություն կար, որ սա «շարքային» տնտեսական գործարք է, ծայրահեղ դեպքում՝ մի ընկերության կողմից մյուսի կլանում: Սակայն աստիճանաբար այս պատմությունը վերածվեց մի ամբողջական սկանդալի: Ընդ որում, թեեւ, ըստ տրամաբանության՝ կլանողը «Ucom»-ն էր, սակայն հիմնական սկանդալը հենց այս ընկերության շուրջ է, ավելի ճիշտ՝ ներսում: Բաժնետերերի եւ ընկերության ղեկավարների միջեւ բացահայտ կոնֆլիկտ է ընթանում, որի արդյունքում «Ucom»-ի կառավարման ողջ օղակը՝ բոլոր տնօրենների գլխավորությամբ, ինչպես նաեւ տեխնիկական ողջ անձնակազմը աշխատանքից ազատվելու դիմումներ գրեցին: Նախօրեին արդեն հայտնի դարձավ, որ «Ucom»-ը նոր տնօրեն ունի՝ Արա Սերգեյի Խաչատրյանը: Իսկ ընկերության արդեն նախկին տնօրեն Հայկ Եսայանը հայտարարեց, որ պատրաստվում են նոր բջջային օպերատոր ստեղծել: Թե որն էր Եսայանի՝ այդչափ մեծ աղմուկով ընկերությունը լքելու պատճառը, հանրությանը հստակ պարզաբանում ո՛չ նա, ո՛չ էլ «Ucom»-ը չեն ներկայացրել: Իսկ ըստ լրատվամիջոցների` տնօրենների խորհրդում խնդիրներ են ծագել «Ucom»-ի ու «Beeline»-ի հնարավոր ձուլման պատճառով: Ի վերջո, ի՞նչ է կատարվում, փորձեցինք մեկ անգամ եւս հետաքրքրվել Հայկ Եսայանից, ով հրաժարվեց որեւէ հարցի պատասխանելուց, նշելով միայն. «Այս պահին ասելիք չունեմ»:
Երկու բջջային օպերատորների միջեւ սկանդալի բուն պատճառը պարզելու նպատակով մեկնաբանություն խնդրեցինք «Beeline»-ի հասարակայնության հետ կապերի նախկին պատասխանատու, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ԱՆՈՒՇ ԲԵՂԼՈՅԱՆԻՑ, ով ասաց.
– Որքանով տեղյակ եմ, «Beeline» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀՀ-ում իր ակտիվը, բաժնետոմսերը «Ucom» շարժական կապի օպերատորին վաճառելու համար թույլտվություն ստանալու հարցով: Այդ հարցը այս պահին տվյալ հանձնաժողովում քննարկման փուլում է: Ինչ վերաբերում է «Ucom»-ին, ապա մամուլից տեղեկացա, որ նախկին կառավարող թիմը ցանկություն է հայտնել՝ ստեղծել նոր օպերատոր, որը ողջունելի քայլ է: Որովհետեւ ինչքան ավելի շատ տնտեսվարող լինի հեռահաղորդակցության ոլորտում, այնքան մեր բաժանորդների եւ հանրության օգուտն է: Ես հաջողություն եմ մաղթում իրենց այդ գործում: Ինչ վերաբերում բուն կոնֆլիկտի պատճառներին, ապա տեսնում ենք, որ այս ընթացքում եղել են հայտարարություններ, վարկածներ, եղել է նաեւ հայտարարություն՝ «Beeline»-ի վերաբերյալ, որին ընկերությունը չպատասխանեց: Եվ քանի որ մենք չունենք երկու կողմերի մեկնաբանությունը, շատ դժվար է իրականում հասկանալ, թե ինչքանով են հիմնավորված եղել այս կամ այն հայտարարությունները: Ամեն դեպքում, այս պահին ինձ գոհացնում է այն փաստը, որ «Ucom»-ը դեռեւս կշարունակի իր բնականոն աշխատանքը, բաժանորդների շահերն էլ չեն տուժի: Այս պահին ավելին այս հարցի շուրջ այլ բան ասել չեմ կարող, քանի որ, ըստ էության, կոնֆլիկտն այս պահին հանգուցալուծվել է: Այնուամենայնիվ, մենք սպասում ենք այն որոշումներին, որոնք պետք է ներկայացնի կարգավորող մարմինը՝ երկու ընկերությունների միաձուլման վերաբերյալ: Այդ որոշումը պատրաստ լինելուց հետո պատրաստ եմ կրկին արձագանքել թեմային:
– Տիկին Բեղլոյան, որպես նախկինում մամուլի հետ անմիջական կապ ունեցող անձ, հետաքրքիր է Ձեր տեսակետը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` օրերս հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ: Վարչապետը լրատվամիջոցների իննսուն տոկոսին եւ լրագրողների յոթանասուն տոկոսին անվանեց ծախված եւ նախկին իշխանություններից սնվող, բայց որեւէ կոնկրետ անուն չնշեց: Որքանո՞վ է նման հայտարարություն անելը հարիր վարչապետին:
– Առհասարակ, վարչապետը, որպես պաշտոնյա, պարբերաբար «լայվ» է մտնում եւ զրույցներ է ունենում քաղաքացիների հետ, եւ իր զրույցներում ինքն ազատ է: Ինքը խոսում է իր տեսլականի, իր ընկալումների եւ իր գիտելիքների վրա հիմնված, որոնց իրավունքը ունի: Վարչապետի երկար տարիների փորձը, կարծում եմ, իրեն թույլ է տալիս իր տեսակետները հայտնելու հանրությանը:
– Դուք անձամբ կիսում եք մամուլի վերաբերյալ վարչապետի տեսակետը:
– Ես այդ հարցին չեմ ուզում պատասխանել, որովհետեւ օբյեկտիվ չեմ լինի, քանի որ իմ գիտելիքը շատ չէ այդ ոլորտում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

