Ինչու աշխատանքից ազատման դիմում գրեց Մարգոն, այլ ոչ թե` Մանեն
Արխիվ 16-20Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը երեկ հրաժարականի դիմում էր ներկայացրել, ապա դիմելով հանրությանը` նշել էր, որ իր համար անընդունելի է ՀՀ վարչապետի՝ եթերից առաջ տեսագրված կադրերի հրապարակումը եւ անկեղծորեն վրդովված է գործընկերային, էթիկական սկզբունքների խախտման էժանագին քայլից: Հիշեցնենք, որ մամուլում էր հայտնվել Նիկոլ Փաշինյանի ուղերձից կադրից դուրս հատվածներ, ինչը լայն արձագանք էր գտել սոցցանցերում: Իսկ Մ. Գրիգորյանն ընդգծում է. «Կիսում եմ կատարվածի պատասխանատվությունը՝ ներկայացնելով աշխատանքից ազատման իմ դիմումը»: Մինչդեռ այդ պատասխանատվությունը չցանկացավ Մ. Գրիգորյանի հետ կիսել ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը, որն առնվազն ամենակոմպետենտ անձն էր, ով պետք է զգուշացներ վարչապետին, որ արդեն եթերում է եւ չպետք է հազա ու դեղերը խմի: Սակայն, անկախ նրանից, թե ինչպիսին է իր աշխատանքային գործունեության ընթացքում եղել երկրում ամենաբարձր վարձատրվողներից մեկը՝ Մ. Գրիգորյանը, այդուհանդերձ, նա այս անգամ դարձավ իշխանության հերթական քավության նոխազը: Թե որքանով էր արդարացված Ն. Փաշինյանի խոսնակի աշխատանքից ազատման դիմում չգրելը, հետաքրքրվեցինք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻՑ:
– Հնչում են կարծիքներ, որ վարչապետի մամուլի խոսնակը կրում է պատասխանատվություն` այդ առումով, եւ առաջինը հենց նա պետք է բացատրություններ, պարզաբանումներ տա: Բայց ես այդ կարծիքը չեմ կիսում, որովհետեւ վարչապետի մամուլի խոսնակն ունի հստակ պատասխանատվության չափ եւ պարտականությունների ցանկ, որոնց մեջ չի մտնում հեռարձակման տեխնիկական նրբություններին տիրապետելը: Այդ մասին տեղեկացնում է այն խումբը, որն իրականացնում է այն: Եվ, ի վերջո, յուրաքանչյուր հաստիք, աշխատակից, պաշտոնյա ունի իր պատասխանատվության եզրերը, սահմանները, եւ յուրաքանչյուրը պատասխանատու է հենց այդ գծով: Յուրաքանչյուրս կարող է ասել, որ կարող էինք անել ավելին, քան մեր պարտավորությունների շրջանակում է: Կարող է, բայց պարտավոր չէ, եւ այն անձինք, ովքեր պարտավորված են իրենց աշխատանքի գործունեության շրջանակներում իրազեկել, տեղեկացնել, նրանք՝ այո, պետք է դա անեին: Վերջիվերջո, 15-20 րոպե շարունակ հեռարձակում է տեղի ունեցել, ինչը հիմք է տալիս մտածելու, որ միգուցե դիմացինը չի լսել այդ մասին: Բայց չէ որ հնարավորություն կար տեղեկացնելու, որ գիտեք՝ հիմա տեսագրություն է ընթանում կամ ինչ-որ պահի անջատել եւ տեղեկացնել: Սա լրացուցիչ մեկնաբանությունների առիթ է տալիս, եւ դրա համար էլ պնդում ենք, որ այն անհետեւանք չի կարող մնալ եւ չի մնալու:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

