Ո՞ւմ վրա են մուննաթ գալիս, այդ կադրերն իրենց մոտ են, թող ազատվեն. Էդմոն Մարուքյան
Արխիվ 16-20Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամաց-կամաց բացեիբաց ասում է, որ հիասթափված է իր իսկ ձեւավորած պետական համակարգում առկա թիմից: Նրանց վերջինս անվանում է «Սերժի մնացորդներ», որոնցից պետք է ազատվել: Թե ովքե՞ր են նրանք, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆՆ ունի իր վարկածը:
– Երբ վարչապետը նման հայտարարություններ է անում, որոնք շատ են եղել, այլեւս դառնում են անհետեւանքային հայտարարություններ: Հիմա էլ Սերժ Սարգսյանի կադրերից է խոսում, օրինակ՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կարո՞ղ է համարվել Սերժ Սարգսյանի «մնացորդ», թե` ոչ: Կարող եմ թվարկել բոլոր նրանց, որոնք այդ ժամանակ աշխատել են, կամ բնապահպանության նախարարը, այդ երկուսին ԼՀԿ-ն անվստահություն է հայտնել: Ի վերջո, հարց ունեմ նաեւ այդ մարդկանց՝ դուք չե՞ք վիրավորվում, որ ձեր մասին նման հայտարարություն են անում: Այդ ի՞նչ մթնոլորտ է, հնարավո՞ր է այդ մթնոլորտում արդյունավետ աշխատանք տանել: Չնայած՝ գուցե վիրավորվել են եւ դրա համար են այնպիսի օրենսդրական նախագծերի փաթեթներ ներկայացնում, որով այս կառավարությանը ձախողման են տանում: Ո՞ւմ վրա են մուննաթ գալիս, այդ կադրերն իրենց մոտ են, թող ազատվեն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

