Լավրովը բացել է փակագծերը. Ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցությունների սեղանին փուլային տարբերակն է դրված. EA Daily
Արխիվ 16-20Արցախի հիմնախնդրի կարգավորման հիմնական սկզբունքների մեջ գոյություն ունի ինքնորոշման սկզբունքը, որը հայկական կողմերի համար առաջնային, գերակա տարրն է: Այս մասին Կառավարության մամուլ կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուիսի ժամանակ հայտարարեց Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, ըստ որի, բանակցային սեղանին դրված է փուլային կարգավորման տարբերակը:
«Դա մենք բազմիցս կոչել ենք անվտանգություն և ստատուս, և ես ավելի բաց կերպով ասում եմ դա, որ ինքնորոշման իրավունքի արտահայտումը նշանակում է ստատուսի հստակեցում, ազատ կամարտահայտության իրավունքը` առանց սահմանափակումների»,- ասաց նա:
Ըստ Զոհրաբ Մնացականյանի` խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով, իսկ զիջումներ չեն եղել և չեն լինելու:
«Հայկական կողմերը որևէ դեպքում երբևէ չեն ստանձնելու որևէ նման մոտեցում, որը ենթադրի անվտանգության խափանում, Լեռնային Ղարաբաղի բնակչության համար սպառնալիքի ստեղծում, առավել ևս, որ այդ պայմաններում, որ այդ սպառնալիքը մնում է ռեալ, էքզիստենցիալ, և հայկական կողմի համար առավել քան առաջնային է ինքնորոշման սկզբունքի արտահայտումը բանակցային գործընթացում: Փոխզիջումները պետք է լինեն համաչափ, որի մեջ հայկական կողմերըը տեսնում են լիարժեք արտահայտություն անվտանգության և ստատուսի տարրերի»,- ասաց նա` հավելելով, որ դա եղել և այս երկու տարիների ընթացքում մնում է հայկական կողմի մոտեցումը: Նրանք, ըստ Մնացականյանի, այդ սկզբունքների մասին խոսում են բանակցությունների ժամանակ:
«Եթե որևէ մեկը ենթադրում է, որ մենք բանակցությունների ժամանակ կարող ենք մի բան անել, և որևէ այլ բան խոսել հասարակության հետ, խորապես սխալվում է: Նման բան չի եղել և չի լինելու: Նման բան տրամաբանորեն չի կարող լինել, որովհետև Հայաստանի որևէ ներկայացուցիչ չի կարող նման բան անել»,- ասաց նա:
ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող երրորդ կարևոր տարրը, ըստ նրա, այն է, որ հայկական կողմը մշտապես նշել է, որ իր պատասխանատվությունն է կրում և ամբողջովին ներգրավված է բանակցային գործընթացում իր մասով և իր մասով ամբողջովին տանելու է այդ գործը:
«Միևնույն ժամանակ Հայաստանի իշխանությունները չունեն մանդատ Արցախի ժողովրդից ստացած: Արցախում վերջերս ավարտվեցին նախագահական և խորհրդրանական ընտրությունները, Արցախի իշխանությունները ստացան համապատասխան մանդատը` մրցակցային, ազատ, ժողովրդավարական ընտրությունների միջոցով, և եթե կհիշեք, այս երկու տարիների ընթացքում անվերապահ հայաստանյան կողմը մշտապես աշխատել է խորհրդակցել է արցախյան կողմի հետ, և բոլոր այս հարցերը, ինչի մասին ես խոսում եմ, մանրամասն քննարկվել է արցախյան կողմի հետ: Մենք աշխատում ենք միասին, և նույնը շարունակվել է նոր իշխանությունների հետ, որոնց հետ մենք ունենք երկխոսություն»,- ասաց նա:
Որևէ որոշում, ըստ նախարարի, որը վերաբերում է Արցախի ժողովրդին, չի կարող ընդունվել առանց Արցախի ժողովրդի: «Սրանք հստակ սկզբունքներն են, որոնցով հայաստանյան կողմն աշխատում է այս բանակցային գործընթացում,- ասաց նա` նշելով, որ իր գործընկերը ներկայացրել է իր մոտեցումը, ինքն էլ ներկայացնում է իրենը,- մենք աշխատել ենք շատ հետևողականորեն»:
Զոհրաբ Մնացականյանը ևս մեկ տարր ավելացրեց. «Այս գործընթացը չունի այլընտրանք, քան խաղաղ կարգավորումն է, որովհետև հայկական կողմերը վճռականորեն պաշտպանելու են իրենց ժողովրդին, իրենց անվտանգությունը: Այդ առումով միայն ու միայն խաղաղ կարգավորման միջոցով է հնարավոր հասնել հանգուցալուծման: Մենք մնում ենք հավատարիմ այս սկզբունքին և շարունակելու ենք պնդել այս սկզբունքները»,- ասաց նա:
Նախարարը մատնանշեց, որ երեկ եղել է վիդեոկոնֆերանս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Նա նաև տեղեկացրեց, որ այսօր հավանաբար կկայանա վիդեոկոնֆերանս բոլոր կողմերի` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարնռրի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներգրավվածությամբ:
«Այսօրվա մեր գերակա խնդիրը վերաբերում է մեկ բանի` երբ մեր երկրները, տարածաշրջանը, ամբողջ աշխարհը կենտրոնացած է կորոնավիրուսի դեմ պայքարի վրա, զինադադարի պահպանումը, որևէ ռիսկերի բացառումն այս պայմաններում առավել քան գերակա խնդիր է, և մենք բնականաբար աշխատելու ենք այս ուղղությամբ: Մնացած հարցերը` հետո»,- ասաց նա:

