Ապրիլի 24-ին կոմեդիոն ֆիլմը չի ցուցադրվի. «Ռոստելեկոմը» անզոր էր, իսկ քաղաքացին՝ ոչ
Արխիվ 16-20Ինչպես արդեն Iravunk.com-ը գրեց, ապրիլի 24-ին, Մեծ Եղեռնի հիշատակի օրը «Ռոստելեկոմ» ընկերությունը կվերահեռարձակի ինչ-որ կոմեդիոն ֆիլմ: Որոշ զանգվածի մոտ վերոնշյալ ֆիլմի ցուցադրությունը հենց ապրիլի 24-ին զայրույթի ալիք բարձրացրեց եւ ակամայից հարց է առաջանում, ինչո՞ւ հենց այդ օրը: Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, Հայաստանում չկա որևէ կառույց, որն ի զորու է այս հարցը լուծել և հանրային որոշ շերտերի հիշեցնել, որ Մեծ Եղեռնի օրը նմանօրինակ ֆիլմեր չպետք է ցուցադրվեն Հայաստանում: Թեև «Ռոստելեկոմ» ընկերությունը հրաժարվեց հարցին հանգուցալուծում տալ, այնուամենայնիվ մեզանում դեռ կան ազգայանական և հայրենսաեր մտավորականներ, որոնց համար հայ ժողովրդի պատմությունն ու հայրենիքն ամեն ինչից վեր են: Մենք դիմեցինք նաեւ Կապի նախարարություն, որտեղից մեզ փոխանցեցին, որ հարցն իրենց տիրութում չէ:
Հիշեցնենք, որ վերոնշյալ հարցը համացանցում բարձրացրել էր գրող, հրապարակախոս, թարգմանիչ Լիա Ավետիսյանը, ով մեզ հետ զրուցում նշեց, որ ի շնորհիվ իրեն, հարցը ստացել է լուծում: ««Ռոստելեկոմը» ապրիլի 24-ին չի ցուցադրելու կինոկոմեդիա, այն արդեն հանվել է իրենց ցուցադրությունների ցանկից: Խնդիրը լուծվեց այն բանից հետո, երբ ես դիմեցի ՌԴ-ում գտնվող մեր հայրենասեր ընկերներին, որոնց անունները չեմ ցանկանում տալ»:
Հ.Գ. Այս ամենից հասկանում ես, որ այս իշխանությունները հակված են միայն չինովնիկական պատասխաններ տալուն,և հարցն իրենց վրայից գցելուն: Բա էլ ո՞վ է պատասխանատու մեր իսկ երկրում, մեր օրենքները խախտելու հարցում, եթե ոչ համապատասխան գերատեսչությունները, իսկ մասնավոր սեկտորը, տվյալ դեպքում «Ռոստելեկոմ» ընկերությունը իր փողի տերն է, իսկ թե ինչ կցուցադրվի դա իրենց ընդհանրապես չի հուզում:
Հայկ Գևորգյան

