Երևանի պատմության թանգարան կարող եք այցելել առցանց
Արխիվ 16-20Երբ հայտարարվեց արտակարգ դրություն, Երևանի պատմության թանգարանն առաջին թանգարաններից էր, որն իր ֆեյսբուքյան հետևորդներին առաջարկեց շրջագայություն վիրտուալ տիրույթում (սեղմել սլաքը ⇒): Այդ մասին մեզ հետ զրույցում պատմեցին թանգարանի հանրահռչակման բաժնից։
Վիրտուալ շրջագայությունը, նրանց փոխանցմամբ, նկարահանվել է տարիներ առաջ։ Ֆեյսբուքյան էջում նյութը տեղադրվել է մարտի 16-ին։
«Մեր էջի հետևորդներն անտարբեր չեն մեր նյութերի հանդեպ, և դա կարող եք առցանց տեսնել. նրանք հավանում կամ կիսվում են նյութերով, և մարդիկ տեսնում են, որ նման էջ գոյություն ունի, իրենք նույնպես հավանում են: Ի դեպ, կարող ենք փաստել, որ հատկապես այս օրերին ավելանում է մեր էջի հետևորդների քանակը, որը գնահատում ենք շատ դրական»:
Երևանի պատմության թանգարանից նշում են, որ օնլայն աշխատելը հետաքրքիր և հաճելի է:
«Որոշակի նկատառումներից ելնելով՝ օնլայն աշխատելը հետաքրքիր և հաճելի է: Մեր թանգարանը մշտապես օնլայն հարթակներում ակտիվ է եղել: Ժամանակին վարել ենք «Երևանի պատմության այս օրը» խորագիրը կրող շարքը և ներկայացրել թե ամեն օր ինչ է եղել Երևանում, ներկայացվել են Երևանի պատմության կարևոր էջերը, հին լուսանկարներն ու վավերագրերը»:
Թանգարանից փաստում են, որ այս օրերին երբեմն, անհրաժեշտություն կա առանձին–առանձին, ըստ նախատեսվող անկյունի՝ լուսանկարել տվյալ ցուցանմուշները, առանձնացնել պատմություններ, որը անել օնլայն գրեթե անհնար է:
«Մեր աշխատակիցներից մի քանիսը, առաջնորդվելով մեդիա պլանով, պարբերաբար այցելում են աշխատավայր և առանձնացնում կարևոր հրապարակումների և հին Երևանի լուսանկարների թվային տարբերակները, հաջորդիվ հանրահռչակելու ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերի համար:
Վերջերս Երևանի պատմության թանգարանի վիրտուալ տիրույթում մի գեղեցիկ շարք սկսեցինք՝ ամեն օր տեղադրելով մի բանաստեղծություն Երևանի մասին`«Երևանը բանաստեղծություններում» գրքից՝ նվիրված մեր սիրելի մայրաքաղաք Երևանին, ի դեպ այդ գիրքը հրատարակվել է 2019 թվականի դեկտեմբերին մեր աշխատակազմի կողմից:
Նշենք, որ ապրիլի 3-ից սկսած մեր աշխատակից-էքսկուրսավարները տանից փոքրիկ պատմություններ են պատմում, նկարում և տեղադրում ֆեյսբուքի պաշտոնական էջում Երևանի մասին՝ ներգրավելով այցելուներ»:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

