Աննա Դանիբեկյանը խոշտանգում է իմ պաշտպանյալին. ահազանգում է փաստաբանը
Արխիվ 16-20ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան ԼԻԱՆԱ ԲԱԼՅԱՆՆ ահազանգում է, որ 2018թ.-ից Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Դանիբեկյանի վարույթում է գտնվում անբուժելի հիվանդությամբ տառապող իր պաշտպանյալի վերաբերյալ քրեական գործը:
«Ամբաստանյալը գտնվում է ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկում: Երկու տարուց ավելի է դատավոր Աննա դանիբեկյանըդատերը տարբեր պատճառաբանություններով դատական նիստերը անհարկի ձգձգում է: Գտնում եմ, որ դատավոր` Աննա Դանիբեկյանը ի վիճակի չէ սույն գործը շարունակել, նա խոշտանգում է իմ պաշտպանյալին և նա այս գործով պատշաճ դատավոր չէ: Դիմել եմ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանին, որպեսզի անձամբ գնա ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ և տեսնի թէ պաշտպանյալս ինչպես է կենդանի փտում բանտում ու ինչ սարսափելի վիճակում է գտնվում: Դիմել եմ նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա. Մկրտչյանին, պահանջելով, որպեսզի քրեական գործը վերցնեն նրա վարույթից և հանձնեն մեկ այլ դատավորի՝ պատշաճ դատաքննություն իրականացնելու համար:
Օրինակ` եղել են դեպքեր, երբ դատական նիստին սպասելիս վատացել է ամբաստանյալի ինքնազգացողությունը: 2019թ. սեպտեմբերի 10-ին դիմել էի Ա. Դանիբեկյանին միջնորդությամբ՝ իմ պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու և գրավ կիրառելու վերաբերյալ: Դատավոր Ա. Դանիբեկյանը որոշումը հրապարակելու համար մտել էր խորհրդակցական ժամը 12:30-ին, որտեղից դուրս է եկել ժամը 16:30-ին և մերժել էր միջնորդությունը: Այդ օրը դատարանում երկարատեւ պահելու, սնունդ ու դեղորայք չընդունելու պատճառով, վատացել էր հիվանդ կալանավորի վիճակը: Այդ օրվա նիստի հետ կապված կալանավորը դիմել էր ԲԴԽ՝ իր նկատմամբ կատարվածը համարելով դատավորի կողմից խոշտանգում: Կալանավորը բազմաթիվ նամակներ էր ուղղել պատկան մարմիններին, բուժհիմնարկներին, առողջապահության նախարարությանը, որոնք հրաժարվել են հիվանդ կալանավորի խնդրին լուծում տալ: «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող կալանավորը հաշվառված է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական Կենտրոն ՊՈԱԿ-ում: Նա ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի ինֆեկցիոն բաժանմունք է ընդունվել 2018 թվականի փետրվարի 9-ին՝ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկից, որպես ՄԻԱՎ վարակակիր:
«Հիվանդի մոտ ախտորոշված է ՄԻԱՎ/ՁԻԱՀ 3-րդ կլին. փուլ, խիստ արտահայտված իմունային անբավարարություն: Ստորին ծնոտի քրոնիկ դեստրուկտիվ օստիոնեկրոզ աջից»: ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկը չի կարողանում իրականացնել փտող ծնոտի վիրահատությունը, ինչպես նաեւ հնարավոր չէ ապահովել հիվանդի պատշաճ բուժումը, դեղորայքի ընդունումը եւ հատուկ սնունդը: Այսօր կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իմ պաշտպանյալի ՔԿՀ-ում գտնվելը շատ վտանգավոր է և սպառնալիք է նրա կյանքի համար: Ես միջնորդություն եմ ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին, իմ պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ: Դիմումներ ենք գրել նաև ՀՀ Գլխավոր դատախազին: Սակայն պատասխան չկա: Երկարատև սպասումներից հետո կրկին մամուլից տեղեկացել եմ, որ Ա. Դանիբեկյանը կրկին արձակուրդ է մեկնել: Ինչ պիտի լինի իմ պաշտպանյալի վիճակը, եթե նա մահանա, ով է պատասխան տալու…Գտնում եմ, որ Աննա Դանիբեկյանը ի վիճակի չէ սույն գործը շարունակել, նա խոշտանգում է իմ պաշտպանյալին և նա այս գործով պատշաճ դատավոր չէ», - շեշտել է փաստաբանը:

