Գլադիատորը վերադառնում է. ֆիթնես մոդել Արսեն Կարապետյանը նոր ֆոտոշարքում
Արխիվ 16-20Պրոֆեսիոնալ բոդիբիլդեր, ֆիթնես մոդել, դերասան ԱՐՍԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ այս անգամ հայտնվել է լուսանկարիչ ԳՐԻԳՈՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ֆոտոխցիկի առաջ եւ հանրության դատին ներկայացրել իր նոր ֆոտոշարքը` Գլադիատորի կերպարում: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ինչպես ֆոտոշարքի հերոսի, այնպես էլ հեղինակի հետ:
- Արսեն, որտե՞ղ է տեղի ունեցել նկարահանումները:
- Նկարահանումը տեղի է ունեցել Ազատի ջրամբարում: Տեղանքի մասին, պարզապես, խոսք չկա, շատ գեղեցիկ էր, անձամբ ես նույնիսկ այդ վայրի տեղը չգիտեի:
- Ֆոտոշարքի հենց առաջին լուսանկարն անվանել էիք Գլադիատոր: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս էիք Ձեզ զգում այդ կերպարում:
- Այո, անվանել եմ Գլադիատոր, եթե անկեղծ լինեմ, շատ լավ էի ինձ զգում այդ դերի մեջ:
- Ֆոտոշարքում Ձեր ձեռքին արձանի գլուխ կա, կմանրամասնե՞ք:
- Ապոլոնի արձանի գլուխն է, եւ ես փրկում եմ այն:
- Նկարահանումների ժամանակ կայի՞ն պատահական անցորդներ եւ ինչպիսի՞ն էր նրանց արձագանքը, երբ դաշտում տեսնում էին իրական Գլադիատորի:
- Ճիշտն ասած, անցորդներ ընդհանրապես չկային, բայց համոզված եմ, որ եթե լինեին, հաստատ կցանկանային լուսանկարվել ինձ հետ:
- Դուք նշել էիք, որ բացօթյա նկարահանումների սեզոնը հայտարարում եք բացված՝ սա նշանակո՞ւմ է, որ պատրաստ եք համագործակցել նաեւ այլ լուսանկարիչների հետ:
- Ճիշտ եք նկատել՝ այո, միանշանակ պատրաստ եմ համագործակցել լուսանկարիչների հետ:
- Է՞լ ինչ կերպարներում կտեսնենք Ձեզ առաջիկայում՝ նոր ֆոտոշարքերում:
- Հարցի պատասխանը կթողնեմ գաղտնի, որպեսզի հետաքրքիր լինի:
Իսկ թե որքանով էր հեշտ կամ բարդ աշխատել Արսեն Կարապետյանի հետ, հետաքրքրվեցինք լուսանկարիչ Գրիգոր Արզումանյանից.
- Արսենի հետ շատ հեշտ էր աշխատել, որովհետեւ պրոֆեսիոնալ մոդել է: Նա շատ արագ մտնում է կերպարի մեջ եւ հմտորեն մարմնավորում է այն: Խնդիրը, որը դնում ես, շատ արագ լուծում է: Այնպես որ, բավականին հեշտ ու հաճելի էր իր հետ աշխատել:
- Ինչպե՞ս ծնվեց այս ֆոտոշարքի գաղափարը, որտեղի՞ց գտաք համապատասխան հագուստ եւ Ապոլոնի արձանի գլուխը:
- Վերջերս ինչ-որ պատմական ֆիլմից կադրեր էի ուզում նկարել: Դրա համար փորձեցինք ինչ-որ միքս ստանալ՝ Ապոլոնի գլուխ, Գլադիատորի կերպար… Այնպես չէ, որ հատուկ ծրագրել էինք գլադիատորական ֆոտոշարք ունենալ, բայց, ամեն դեպքում, նկարահանման պատրաստված էինք գնացել: Եղբայրս գեղանկարիչ է եւ արձանը կար նրա մոտ, իրենից եմ վերցրել, կտավի հագուստն էլ գտել ենք համապատասխանեցրել կերպարին ու ստացել այն, ինչ տեսնում եք ֆոտոշարքում: Ի դեպ, Գլադիատորի կերպարում, երեւի մոտ երեք նկար ունենք վերջնական մշակված, բայց ֆոտոշարքի մյուս լուսանկարները ժամանակակից հագուստով եւ մոտիվներով է:
- Հետաքրքիր է՝ նկարահանման ժամանակ, որեւէ հիշարժան միջադեպ, պատմություն կամ դեպք եղե՞լ է:
- Ոչ, որովհետեւ շատ երկար չտեւեց նկարահանումը: Հաշվի առնելով կարանտինը՝ ամեն ինչ շատ արագ-արագ նկարեցինք: Չենք էլ հասցրել ինչ-որ առումով ծավալվել:
- Առաջին անգա՞մ էիք «իրական Գլադիատորի» հետ համատեղ աշխատանք իրականացնում, թե՞ ունեցել եք ֆիթնես մոդելների հետ էլի ֆոտոշարքեր:
- Ինքս ֆիթնես լուսանկարիչ եմ եւ, կարծես թե, Հայաստանում միակն եմ այս ոլորտում: Արդեն երկու տարի է զարգացնում եմ այս ոլորտն ու ունեմ կատարած բավականին լուրջ աշխատանքներ ֆիթնես մարզիչների ու ֆիթնես մոդելների հետ, որոնք ֆոտոշարքերը ներկայացված են իմ ինստագրամյան էջում: Այս ասպարեզում բավականին մեծ փորձ ունեմ եւ հնարավորինս փորձում եմ Հայաստանում զարգացնել այս ոլորտը, որովհետեւ մեր երկրում այն բացարձակ անտեսված ճյուղ է լուսանկարչության մեջ: Մինչդեռ ամբողջ աշխարհում այն շատ ուժեղ զարգացած է:
- Ի՞նչ նորություններ սպասենք առաջիկայում Ձեզնից՝ որպես լուսանկարիչ:
– Առաջիկայում ունեմ շատ լավ մտքեր՝ նախագծերի տեսքով: Կան հետաքրքիր պատվերներ մարզիչների կողմից: Սպասում ենք, որ ավարտվի այս կարանտինը ու սկսենք ստեղծագործել: Իմ պատվիրատուները իրենք էլ հաճախ ունենում են հետաքրքիր գաղափարներ, որոնք փորձում ենք կյանքի կոչել: Պարզապես, հիմա կարանտինը խանգարում է, որ հերթով իրականություն դարձնենք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

