3մլրդ 825 միլիոն դրամ՝ երեկվա դրությամբ 55.000-ից ավելի քաղաքացի դիմել է սոցիալական աջակցություն ստանալու համար
Արխիվ 16-20Կառավարության կողմից տրամադրվող կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառումների ծրագրին երեկվա դրությամբ դիմել է 55 հազար 589 շահառու: Shabat.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:
«Բանկերում ձևավորված նրանց հաշվեհամարներին պետբյուջեից այս պահի դրությամբ փոխանցվել է ընդհանուր 3մլրդ 825միլիոն 100 հազար դրամ»,- ասաց նա:
Նախարարի խոսնակը պարզաբանեց՝ այն շահառուները, որոնք օգտվում են այս ծրագրից իրենց գումարները ստանալու համար կարող են դիմել բանկեր.
«Կան շահառուներ, որոնց գումարը դեռ չի նստել, սրանք այն շահառուներն են, որոնք նախընտրել են ներկայացնել իրենց քարտային հաշիվները և ոչ թե մեր կողմից առաջարկվող հաշվեհամարները: Հնարավոր է՝ գումարը դեռ քարտի վրա նստած չլինի: Խնդիրն այն է, որ քաղաքացիների կողմից ներկայացված հաշվեհամարներն ուղղորդվում են տվյալ բանկեր, այնտեղ նույնականացվում են, և եթե շահառուն ճիշտ հաշվեհամար է ուղարկել և այն վավերական է, միանգամից գումարը նստում է քարտին»,- նշեց նախարարի խոսնակը:
Անհանգստանալու կարիք չկա, եթե շահառուները թույլ են տվել վրիպակներ և քարտը չի նույնականացվել, քաղաքացին կարող է մոտենալ բանկ և գումարը ստանալ առձեռն:
«Մենք մարդկանց առաջարկել ենք երկու տարբերակ՝ մեր կողմից առաջարկված հաշվեհամարները և իրենց կողմից ներկայացված քարտային հաշիվները: Գուցե բանկը վճարումները իրականացնի մեր կողմից գումարը փոխանցելուց եռօրյա ժամկետում՝ ինչպես մնացյալ գործարքների դեպքում: Այսինքն սա այն գումարն է, որը մենք արդեն փոխանցել ենք բանկերին»,- ասաց Սոնա Մարտիրոսյանը:
Ութերրորդ միջոցառումների ծրագրի շահառու կարող են հանդիսանալ այն՝ անձինք, ովքեր մարտի 13-30 հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ կամ անհատ ձեռնարկատերեր՝
- հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,
- հանրային սննդի ծառայություններ,
- զբոսաշրջային ծառայություններ,
- վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,
- մանրածախ առևտրի ծառայություններ (բացառությամբ սննդամթերք և դեղորայք վաճառողների)
- ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ).
- նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ).
- սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ)
- զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն
Գործադիրի կողմից տրամադրվող օժանդակության ձևը՝ միանվագ մեկանգամյա աջակցություն է
- վարձու աշխատողի հունվար և փետրվար ամիսների միջին աշխատավարձի 50%-ի չափով, բայց ոչ ավել քան 136.000 դրամը, եթե աշխատողը աշխատել է լրիվ դրույքով՝ ապա ոչ պակաս քան 68.000 դրամը,
- Անհատ ձեռներեցներին՝ 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 %-ի չափով, բայց ոչ ավել, քան 136.000 դրամը:
Եթե քաղաքացին 2020 թվականի մարտի 13-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում հանդիսացել է Տուժած ոլորտների վարձու աշխատող, ապա կարող է դիմում ներկայացնել online.ssa.am հարթակին՝ սոցիալական աջակցությունից օգտվելու համար:
Հեղինակ՝ Մարիամ Մելքումյան

