ԱՎԻՆՅԱՆԸ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ԽՈՒՃԱ՞Պ Է ՏԱՐԱԾՈՒՄ
Արխիվ 16-20ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նախօրեին Ազգային ժողովում ներկայացնելով վիճակագրություն, թե ինչպիսին կլիներ վարակի տարածման պատկերը, եթե կառավարությունն առհասարակ որեւէ քայլ չձեռնարկեր, այս ցնցող մտքին հասավ. «Պոտենցիալ վարակակիրների թիվը բարձրակետին է հասնում առաջին դեպքի արձանագրումից հետո մոտ 75-80 օր հետո, մենք հիմա գտնվում ենք 50-օրյա շրջանում: Եթե քայլեր չձեռնարկվեին, հիմա վարակների թիվը կհասներ բնակչության 89 տոկոսին, հոսպիտալացման ենթակա ծանրագույն դեպքերի թիվը կհասներ 8200-ի: Երեւանում վարակված կլիներ 110 հազար մարդ»:
Այս ի՞նչ է, պարետը խուճա՞պ է տարածում: Ամեն դեպքում, որտեղից նրան նման ճշգրտության տեղեկատվություն. երբ շատ ավելի փորձառու մասնագետները նման դեպքերում մեկ-երկու տասնյակ տոկոսի ճշգրտությամբ են խոսում, Ավինյանը չգիտես ինչ հրաշքով, հստակ հնարավոր ցուցանիշ է ներկայացնում՝ 89 տոկոս կան: Կա՞ն այդ մասին հստակ ուսումնասիրություններ, որոնց վրա հենվելով է նա նման հայտարարություն արել: Եթե կան, ապա ինչ ուսումնասիրությունների մասին է խոսքը, փորձեցինք պարզել պարետատնից, որտեղից, բնականաբար, դիմեցին ամենափրկիչ մեթոդին՝ «Դիմեք գրավոր»:
Իսկ ահա այն հայաստանյան հեղինակավոր մասնագետները, որոնց դիմեցինք, դժվարացան անգամ պատկերացնել, թե այդ ի՞նչ գերգիտական հաշվարկների արդյունքում կարող էր պարոն Ավինյանը նման հստակ թիվ ներկայացնել: Սակայն մասնագետները նաեւ ֆիքսեցին, որ այս վիրուսային ժամանակներում եղան դեպքեր, երբ վարակը տարածվեց փակ միջավայրում՝ նավում գտնվող մի քանի հազար մարդում մեջ: Սակայն այդպես էլ վարակվողների թիվը ընդհանուրի 25 տոկոսից չանցավ: Իսկ դա նշանակում է, որ Ավինյանի 89 տոկոսը ոչ միայն հիմնավոր չէ, այլ այն կարելի է համարել դիտավորությամբ խուճապ տարածելու փորձ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

