Ինչո՞ւ են ինֆարկտից մահացածին գրանցում կորոնավիրուսի զոհ
Արխիվ 16-20Տարօրինակ մեկնաբանություն է տվել Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ կապված կորոնավիրուսից մահվան հերթական մահվան դեպքի հետ։ Ըստ խոսնակի․ ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաեւ ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ` ST էլեւացիայով: Ապրիլի 8-ին կատարվել է կորոնար զարկերակի ստենտավորում, որից հետո պացիենտի մոտ զարգացել է դիսթրես համախտանիշ, սուր շնչական անբավարարություն III աստիճանի, սեպսիս, սեպտիկ շոկ: Երկարատեւ թոքային արհեստական շնչառությունից հետո զարգացել է հարաճուն պոլիօրգանային անբավարարություն»։
Այսինքն, տղամարդն ունեցել է ծանր հիվանդություն եւ հենց դա էլ, ըստ նկարագրվածի, դարձել է մահվան պատճառը։ Կորոնավիրուսը միգուցե նպաստել է դրան։ Սակայն բազում այլ գործոններ կարող էին նման դեպքում մահ առաջացնել՝ բուն հիվանդություն, գրիպը, ասենք հուզվելու պատճառով սրացումը եւ այդպես շարունակ։ Ուրեմն, ինչո՞ւ են մահացողին գրանցում, որպես կորոնավիրուսի զոհ։ Ընդ որում, սա նմանօրինակ միակ դեպքը չէ․ մարդիկ մահանում են տարբեր ծանր հիվանդություններից, բայց քանի որ ունեցել են կորոնավիրուս, գրանցվում են որպես դրա զոհ։ Ու այդպես վարվելու հստակ մասնագիտական մեկնաբանությունն այդպես էլ չի ներկայացվում։ Այսինքն ի՞նչ, նախարարությանը պետք է, որ կորոնավիրուսից հնարավորինս շա՞տ մահվան դեպքեր ցույց տրվեն։ Ընդ որում, դա իր տրամաբանությունն ունի․ ի վերջո հենց կորոնավիրուսի վտանգի ահագնացման միջոցով է, որ երկիրը պահում են արտակարգ դրության թակարդում, էլ չասած, որ ոմանք էլ լավ փողեր են աշխատում կորոնավիրուսի հաշվին։
Ս․Աբրամյան

