Ադրբեջանական նավթի գինը կտրուկ նվազել է
Արխիվ 16-20Համաշխարհային շուկայում ադրբեջանական Azeri LT CIF նավթի բարելի գինը նվազել է 2,32 ԱՄՆ դոլարով (10․28 տոկոս)՝ չնայած վերջերս նավթի արդյունահանման ծավալների կրճատման մասին ՕՊԵԿ+-ի կնքած համաձայնագրին: Ներկայում Azeri Light նավթային ապրանքանիշի մեկ բարելի արժեքը 20․26 դոլար է, հայտնում է minval.az կայքը։
Azeri LT CIF նավթի նվազագույն գինը գրանցվել է ապրիլի մեկին՝ իջնելով 16,53 դոլարի, իսկ առավելագույն ցուցանիշն արձանագրվել է 2008 թվականին՝ հասնելով 149,66 դոլարի։
Ավելի վաղ հայտնի էր, որ ՕՊԵԿ+-ի երկրներն ապրիլի 12-ին կայացած արտահերթ նիստում համաձայնեցրել են կազմակերպության անդամ բոլոր 23 երկրների կողմից նավթի արդյունահանման ծավալների կրճատումը: Սակայն ընդհանուր կրճատումը կկազմի ոչ թե օրական 10 մլն բարել, ինչպես ծրագրվում էր, այլ 9,7 մլն բարել, քանի որ Մեքսիկան չի փոխել իր դիրքորոշումը և չի համաձայնել 400 հազար բարելի քվոտային:

