ԱՄՆ-ն գրեթե ամբողջությամբ ծախսել է կորոնավիրուսի համավարակի ֆոնին փոքր բիզնեսի համար Կոնգրեսի հատկացրած միջոցները. WSJ
Արխիվ 16-20ԱՄՆ Փոքր բիզնեսի գործերի վարչությունն արդեն շուրջ 350 մլրդ դոլար է ծախսել, որը կորոնավիրուսի համավարակի ֆոնին Կոնգրեսը հատկացրել էր փոքր բիզնեսի աջակցման ծրագրին, գրում է The Wall Street Journal թերթը։
«Աշխատավարձերի պաշտպանության ծրագիրը» տնտեսության աջակցությանն ուղղված 2 տրիլիոնանոց փաթեթի մի մասն է, որը Կոնգրեսը մարտին ընդունել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Հրատարակությունը նշում է, որ այս ծրագիրն արդեն հինգշաբթի կծախսի իր գրեթե բոլոր միջոցները։
Փոքր բիզնեսի գործերի վարչության տվյալներով՝ արդեն հավանության է արժանացել ընդհանուր 315 մլրդ դոլարի 1,4 մլն վարկ: Սենատի պրոֆիլային հանձնաժողովի նախագահ Մարկո Ռուբիոն Twitter-ում պարզաբանել է, որ ևս մոտ 10 մլրդ դոլար կծախսվի վարկերի ձևակերպման ժամանակ վարչական ծախսերի վրա:
Արդյունքում թե՛ դեմոկրատները, թե՛ հանրապետականները բախվել են բիզնեսին աջակցելու համար լրացուցիչ միջոցներ գտնելու անհրաժեշտությանը, գրում է պարբերականը։ Երկու կուսակցություններն էլ ցանկանում են այդ նպատակների համար ևս 250 մլրդ դոլար ավելացնել։
Մարտին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր COVID-19-ի դեմ պայքարում տնտեսության խթանման համար 2 տրիլիոն դոլար հատկացնելու մասին օրենքը։ Փաթեթը ներառում է 350 մլրդ դոլար՝ փոքր բիզնեսին աջակցելու համար, 250 մլրդ՝ գործազրկության ընդլայնված ապահովագրության համար, 46 մլրդ՝ վիրուսի դեմ անմիջական պայքարի համար։

