«Վայ չնայողին»․ Շեքսպիրյան փառատոնի տնօրեն
Արխիվ 16-20Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը մարտի 25-ից իր ֆեյսբուքյան տիրույթում կազմակերպում է ներկայացումների օնլայն ցուցադրություններ: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասել է փառատոնի տնօրեն ԿԱՐՈ ԲԱԼՅԱՆԸ։
Ըստ նրա՝ առցանց խաղացանկում առանձնացրել են, այսպես ասած, ամենահայտնի թատրոնների՝ ամենաաղմկահարույց ներկայացումները։
«Մեզ հաջողվել է մի քանի թատրոնների հետ պայմանավորվածություններ ձեռք բերել և առցանց հեռարձակել ներկայացումները, ինչը, կարծում եմ, բացառիկ երևույթ է․ վայ չնայողին»,- ասել է Կ․Բալյանն ու հավելել, որ կան ներկայացումներ, որոնք ցուցադրվում են ռուսաստանյան «Կուլտուրա» հեռուստաընկերության պահոցից։
Փառատոնի տնօրենի փոխանցմամբ՝ այս օրերին ավելացել է էջի հետևորդների քանակը, ինչը, անշուշտ, լավ է։
«Ինչ խոսք, թատրոնի ամբողջ հմայքը կենդանի շփման մեջ է։ Առցանց ցուցադրությունները լիովին այլ ժանր է, և այն չի կարող փոխարինել հանդիսատես-դերասան կապը, սակայն լավ միջոց է՝ հանդիսատեսի հետ կապը պահելու, ձեռքը զարկերակին պահելու համար»։
Առաջիկայում «Սատիրիկոն» թատրոնի «Ռիչարդ 3-րդ» ներկայացումն է՝ Յուրի Բուտուսովի ռեժիսուրայով, «Մենո Ֆորտաս» թատրոնի «Օթելլո»՝ Էիմունտաս Նյակրոշյուսի ռեժիսուրայով ներկայացումը, որոնք հասանելի կլինեն ապրիլի 16-ին և 18-ին։

