ՀՀ-ում գրանցված օդանավերը աֆրիկյան երկրներում ներգրավված են զենքի անօրինական փոխադրումներում. Վարչապետը կրկնեց իր սկանդալային հայտարարությունը
Արխիվ 16-20ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձել է քաղավիացիայի ոլորտում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի հայտարարությանը, թե իրեն ճիշտ ինֆորմացիա չեն հայտնել ու բացթողումներ են եղել:
Վարչապետն իր խոսքը սկսեց 2019թ-ի աշնանը հաշվեքննիչ պալատի կողմից իրեն ներկայացված տեղեկանքից մի պարբերության հրապարակմամ, որում ասվում է՝ 01.10.2018 թվականի դրությամբ ՀՀ-ում գրանցված 28 օդանավերից 18-ը բազավորված են Հայաստանից դուրս, որից 10-ը աֆրիկյան երկրներում՝ Հարավային Սուդան, Չադ: Աֆրիկյան երկրներում բազավորված օդանավերը հիմնականում իրականացնում են բեռնափոխադրումներ: Ավիացիայի վարչությունը պարբերաբար ՀՀ ԱԳՆ-ի միջոցով ՄԱԿ-ից ստացել է անվտանգության խորհրդի բանաձևերի պահանջների կատարման գրություններ, ներկայացվել են նաև տեղեատվություններ, որ ՀՀ-ում գրանցված օդանավերը աֆրիկյան երկրներում ներգրավված են զենքի անօրինական փոխադրումներում:
«Սա շատ սկանդալային քննարկման առարկա է դառնում: Տեղի է ունեցել հետևյալը, որ եվրոպական համապատասխան հանձնաժողովն արձանագրել է, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չի կարողանում վերահսկել ավիաընկերությունների գործունեությունը ՀՀ-ում, այս տեղեկանքում ներկայացված է նաև, թե ինչու չի կարողանում վերահսկել, որովհետև մասնավորապես Աֆրիկայում բազավորված օդանավերի նկատմամբ ավիացիայի կոմիտեն պարտավորություններ ունի, բայց մեր կարգավորումներով չունի լծակներ այդ պարտավորությունները կատարելու համար»,-ասաց Փաշինյանը:
Նա պատմեց, որ 2019թ-ի աշնանը եվրոպական կազմակերպությունը ստուգել է Հայաստանի ավիաընկերություններից մեկը և դրա մասին նախնական զգուշացնող տեղեկանք է ուղարկել ավիացիայի կոմիտե, այն պաշտոնյան, որը պարտավոր էր անմիջապես այս մասին զեկուցել կոմիտեի ղեկավարին չի զեկուցել ու ավիացիայի կոմիտեի ղեկավարն այդ տեղեկանքի մասին իմացել է երկու ամիս անց՝ եվրոպայում տեղի ունեցած քննարկման ժամանակ: Իսկ երբ պարզաբանումների պրոցես է սկսվել, թե ինչու աշխատակիցն այդ մասին չի զեկուցել այդ աշխատողն ազատվել է աշխատանքից ու մի քանի օր հետո աշխատանքի է անցել այն ավիաընկերությունում, որը ստուգվել էր և որտեղ խախտումները հայտնաբերվել էին:
«Հիմա երկու քրեական գործ կա, որոնցից մեկը կապված է այս դրվագի հետ, բայց այս պրոցեսի հետ կապված այս տարվա սկզբից պաշտոնանկություններ են եղել»,-ասաց Փաշինյանը:
Նա շեշտեց, որ ամբողջ աշխարհում ավիացիայի համար լիցենզիաներ տրվում են վճարովի հիմունքներով, իսկ Հայաստանի քաղաքացիական ավիացիան իր գործառույթներն իրականացնում է անվճար:
«Լուծումներից մեկն այն է, որ քաղաքացիական ավիացիայի վարչության կարգավիճակը փոխվի այնպես, որ ինքը ունենա ֆինանսներ, այդ թվում պատշաճ մասնագետներ ներգրավելու ու իր լիազորությունները կատարելու լծակներ ստանալու համար»,-ասաց վարչապետը:

