«Եկե՛ք կառուցենք մեր աշխարհը, որը չի քանդի ոչ մի կորոնավիրուսի կարանտին». Զառա Արամյան
Արխիվ 16-20Այս օրերին ամեն ոք յուրովի է փորձում պաշտպանվել թագավարակ կոչվող համավարակից, իսկ «տնային կալանքը» օգտագործում` չկարդացած գրքերն ընթերցելու կամ հոբբի դարձած որոշ երազանքներ իրականացնելու համար: Ի տարբերություն բոլորի, հաղորդավարուհի, դերասանուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ԶԱՌԱ ԱՐԱՄՅԱՆԸ` «Համով Զառան», այս օրերին վայելում է իր զավակների ներկայությունը:
«Ինչպես ասում են` բացվել է երկրորդ շնչառությունս, քանզի երկար ու ձիգ տարիներ ժամանակի նման ազատություն չեմ ունեցել, որովհետեւ 3 տարեկանից աշխատում եմ: Բայց հիմա կարողանում եմ երեխաներիս հետ ավելի շատ ժամանակ անցկացնել, ավելի շատ զրուցել, նրանց
հարցերին շատ հանգամանալից եւ օրինակներով պատասխաններ տալ: Եթե հեռավար դասապատրաստում չեն անում, ապա իրենց նախընտրած հաղորդումներն ու ֆիլմերն են դիտում` իրենց հեռախոսներով: Իսկ մեզ` ամուսիններիս այս օրերին լրատվական հաղորդումներն են հետաքրքրում, որպեսզի տեղեկացված լինենք իրավիճակից: Իսկ արդեն ուշ երեկոյան բոլորս միասին կա՛մ ֆիլմ ենք դիտում, կա՛մ խաղաքարտ ենք խաղում, կա՛մ ինտելեկտուալ խաղեր: Կամ էլ, դե, լոտո վարելու մի քանի տարվա փորձ ունեմ (ծիծաղում է,- Լ.Ե.), լոտո ենք խաղում` չամչի հատիկներով: Իհարկե, ճիշտը լոբին է, բայց` լոբին գնաց «Վինեգրետի» մեջ… (ծիծաղում է,- հեղ.): Ի դեպ, պանտամիմա ենք շատ սիրում խաղալ, որովհետեւ ինձ կողքից հետաքրքիր է տեսնել, թե իմ երեխաները ինչպես եւ ինչ չափաբաժնով են կարողանում իրենց բնատուր արտիստիզմն օգտագործել: Ամեն դեպքում, շատ հետաքրքիր ենք անցկացնում օրերը»,- ասում է Զ. Արամյանն ու ամենեւին էլ չի տրտնջում ստեղծված իրավիճակից. «Եթե իրավիճակն այսպիսին է, նստեմ, տրտնջամ, թե, վա՜յ, այս ի՜նչ է, ինձ համար կրկնակի ծանր կլինի, դրա համար պետք է ամեն ինչի մեջ դրականը գտնել: Փորձենք օգտագործել իրավիճակն ու իրար վայելել: Իհարկե, շատ ցավում եմ, որ նման վարակն ընդհանրապես զավթել է ամբողջ աշխարհը, եւ բնականաբար, ցավս կրկնակի է, որ այն հասել է նաեւ Հայաստան: Իսկ վիրուսից պաշտպանվում ենք ՀՀ առողջապահության նախարարության ցուցումներով: Ինչպես նաեւ հետեւում ենք անձնական հիգիենային, հատկապես` երեխաների, որ հաճախակի օճառով եւ տաք ջրով լվացնեն ձեռքերը: Նրանք խիստ անհրաժեշտության դեպքում են տանից դուրս գալիս, եւ տուն վերադառնալիս անպայման էլի հետեւում եմ, որ ձեռքերը լվանան: Իսկ ես, գրեթե երկրորդ ամիսն է, որ ընդհանրապես տանից դուրս չեմ գալիս, եւ մեր տուն էլ գրեթե հյուրեր չեն եկել: Այսինքն` հնարավորինս պահում ենք այն կանոնները, որոնք վստահ եմ` պետք է օգնեն, որ կարողանանք դուրս գալ այս իրավիճակից»:
«90-ԱԿԱՆՆԵՐԻՆ ԵՍ ԷԼ ԻՄ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԵՄ ԱՐԵԼ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ»
Տիկին Զառան նույնպես շատերի նման այս օրերին համեմատականներ անցկացնելով 90-ական թվականների մութ ու ցուրտ տարիների հետ, շեշտում է, որ այն ժամանակ մարդկանց մեջ այսքան խուճապ չկար. «Ինչպես կարող եմ չհիշել 90-ականները, դրանք իմ կյանքի կարեւորագույն տարիներից են: Ես արդեն Երեւանի պետական համալսարանում 3-րդ-4-րդ կուրսի ուսանող էի, Պետհամալսարանն ու Բժշկականը արեցին ցույցերի մեծ ալիքը, իսկ ես այդ ցույցերի ամենաակտիվ մասնակիցն էի: Երջանկահիշատակ Տիգրան Նաղդալյանի խմբի հետ հացադուլի էի նստել Օպերայի աստիճաններին: Այդ ամեն ինչով անցել եմ եւ ահա 1993 թվականից էլ արդեն երկար ու ձիգ տարիներ աշխատեցի ռադիոյում եւ հեռուստատեսությունում, այդ ցուրտ ու մութ տարիներին անում էի հաղորդումներ, որի հետեւանքը նաեւ այսօր եմ կրում: Ես դա արդեն որպես փաստ եմ արձանագրում, որպեսզի կարողանայինք ընդամենը մեկ ժամ եթեր դուրս գալ այդ ցուրտ ու մութ ստուդիաներում, մինչ այդ խմբագրում էինք հաղորդումները, հետո` վարում... եվ դա եղավ իմ խրոնիկ բրոնխների հիվանդության պատճառ: Այսօր հենց այդ պատճառով այս վիրուսից շատ զգույշ եմ, որովհետեւ այն անպայման կանդրադառնա բրոնխներիս վրա: Ինչեւէ, պատերազմի տարիներին ես էլ իմ պատերազմն եմ արել լրատվական դաշտում, ռադիոյում, որ ժողովրդի մոտ խուճապ չլինի, ժողովուրդը վստահ լինի, որ մենք հաղթելու էինք, անգամ երբ թշնամին չէր դադարում կրակոցները, երբ մենք ազատագրում էինք մեր հողը եւ ունեինք զոհեր, մենք այդ լուրերը խմբագրած էինք տալիս եթեր, մինչ այդ, բաժնի վարիչն էի 23 տարեկանում, առաջինը ռադիոյի պատմության մեջ, հետո գլխավոր խմբագիրը: Այդպես, հենց համալսարանից, որ թեւեր պետք է առնեի ու թռչեի, միանգամից խորացա շատ բարդ ոլորտ, թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես եւ թե՛ դաստիարակչական առումով շատ երիտասարդ անցա այդ ճանապարհով: Կարող եմ վստահ ասել, որ 90-ականներին ամեն ինչ անում էինք, որ ժողովրդի մոտ խուճապ չլինի, որովհետեւ, երբ կա խուճապ` վախի մթնոլորտ, դա առաջացնում է դեպրեսիա, հոգեվիճակի անկում, ինչն էլ իր հերթին հանգեցնում է հիվանդության: Իսկ մենք փորձում էինք այդ խուճապից զուրկ պահել հանրությանը, եւ հիմա էլ շատ կուզենայի, որ այդպես լիներ: Իհարկե, հիմա մարդն ուրիշ է, քան 90-ականներին, հիմա ավելի տեղեկացված ենք եւ զգոն: Բայց այսօր լուրերով ամեն ինչ կարող ենք լսել ու տեսնել` վատ դեպքի, վթարի, սպանության կադրեր են ցույց տալիս ամեն օր, իսկ նման լուրերը բթացնում են նաեւ մարդու հատուկ զգայարանները: Անընդհատ տեղեկացնել, որ այսքան մարդ է մահացել, դա կարելի է տեղեկացնել, բայց առանց հատուկ շեշտերի ու գույների, որպեսզի մարդկանց մեջ հատուկ խուճապ չառաջանա: Եթե պատերազմի ընթացքում մենք կարողացել ենք պահել, որ խուճապ չլինի, հիմա առավել եւս պետք է իմանանք, որ խուճապը ամենասոսկալին է, իսկ մեզանում խուճապն առկա է, այդպես է, բայց ցավալի է: Ամեն դեպքում, խուճապն ու հոգեվիճակի անկումը լավ տեղ չեն տանում»:
Անդրադառնալով հոգեբանների այն տեսակետին, թե կարանտինից հետո կա՛մ շատ երեխաներ կծնվեն, կա՛մ բաժանություններ կլինին, տիկին Արամյանը շեշտեց. «Այն, ինչ պետք է այս ազգին, այո` թող շատ առողջ եւ լավ բալիկներ ծնվեն, որոնք մեր սիրո պտուղն են: Ընդհանրապես ծանր եմ տանում բաժանությունները եւ միշտ խորհուրդ եմ տալիս ներելու, քան` ամուսնալուծվելու, անգամ թեկուզ էմոցիա կամ կիրք չկա, գոնե շարունակի կառուցել իր դղյակը: Ոդիսեւսն ասում է. «Դուք փորձում էիք քանդել այն աշխարհը, որը ես կառուցել էի…»: Եկե՛ք կառուցենք մեր աշխարհը, որը չի քանդի ոչ մի կորոնավիրուսի կարանտին»:
ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԵԹԵՐ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ
Այնուամենայնիվ, «Համով Զառան» խոստանում է եթեր վերադառնալ, բայց` առողջական խնդիրները լուծելուց հետո. «Դադարեցրել եմ իմ «Համով զրույց» ծրագիրը, որովհետեւ վերջին շրջանում մեկը մյուսի հետեւից ունեցա շատ լուրջ առողջական խնդիրներ: Ի վերջո, 30 տարի եթերում եմ, գիտեմ, թե ինչ չի կարելի անել, իսկ չի կարելի եթերում մեկ լինել, մեկ չլինել: Երբ առողջական հարցերս լուծեմ, նոր եռանդով եւ ուժով կվերադառնամ հեռուստատեսություն: Չգիտեմ, կլինի «Համով զրույցի» տարբերակով, կամ` այլ ծրագրի, դեռ կմտածեմ: Մի պահ ուզեցի վերադառնալ ռադիո, որտեղ 3 տարեկանից աշխատել եմ եւ 16 տարի ղեկավարել եմ արտասահմանի համար տրվող հաղորդումները, բայց ինձ ասացին` մի քանի հաղորդումներ գրեք, բերեք... Իհարկե, զարմացա ու ասացի` 200-ից ավելի իմ ամբողջ հաղորդումները հենց ռադիոյի ֆոնդում են... Բայց չուզեցի շարունակել, իհարկե, վիրավորվեցի ու զարմացա, որ այդ կարգի անփույթ վերաբերմունք կարող է լինել, բայց հեռուստատեսություն անպայման ուզում եմ վերեդառնալ»:
Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

