«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՌ 3 ՇԱԲԱԹ ԱՌԱՋ»
Արխիվ 16-20Երբ է, ի վերջո, կորոնավիրուս կոչվածը նահանջելու, որքանո՞վ են կառավարության կողմից իրականացվող կանխարգելիչ քայլերը արդյունավետ: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք կորոնավիրուսի խնդիրները հավաքագրող փաստահավաք խմբի անդամ, առողջապահության կազմակերպիչ, բժիշկ-ուրոլոգ ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:
– Ի՞նչ իրավիճակ է իրականում Հայաստանում՝ նոր տեսակի կորոնավիրուսի տարածման առումով:
– Հայաստանում կորոնավիրուսի տարածումը դուրս է եկել վերահսկողությունից դեռ 3 շաբաթ առաջ, ինչի մասին վկայում է վարակի օջախների ավելացումը եւ աշխարհագրական բազմազանությունը: Այս իրավիճակը պայմանավորված է շատ տարբեր գործոններով՝ թեստերի պակասը, որն արդեն շտկվում է, ժամանակավրեպ գործողությունները, որոնք դեռեւս շարունակվում են, բնակչության ինքնագիտակցության եւ պատասխանատվության ոչ բավարար մակարդակը, որը դրսեւորվում է ինքնամեկուսացման կանոնների ոտնահարումով եւ ոչ կենսական պատճառներով տանից բացակայելով, ինչը, կարծում եմ, շտկել հնարավոր չէ, եւ անհրաժեշտ էր ավելի խիստ միջոցների կիրառում: Հաշվի առնելով այս ամենը, կարելի է եզրակացնել, որ ոչ միայն վարակի տարածումն է դուրս եկել վերահսկողությունից, այլ նաեւ Հայաստանում կորոնավիրուսի տարածումով պայմանավորված ողջ իրավիճակը: Այսպիսով, դեռեւս չկա որեւէ հեռանկար, որ կլինեն հետեւյալ հարցերի պատասխանները՝ ե՞րբ բնակչությունը կկարողանա վերադառնալ իր բնականոն կյանքին, ինչպե՞ս գոյատեւել այս ժամանակաշրջանում, եւ ինչպե՞ս է պետության ղեկավարությունը վերականգնելու թե՛ պետությանը եւ թե՛ բնակչությանը հասցված աղետալի վնասները:
– Որպես փաստահավաք խմբի անդամ, ինչպե՞ս եք գնահատում պարետատան կողմից իրականացվող կանխարգելիչ միջոցառումները, որքանո՞վ են դրանք արդյունավետ:
– Պարետատունը չի վերահսկում իրավիճակը, եւ դա էլ ունի իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները: Պարետատան կողմից իրականացվող միջոցառումների արդյունավետությունն ուղիղ համեմատական է վարակակիրների եւ բուժվածների թվի հարաբերակցությանը: Մենք արդեն մեկ ամիս ապրում ենք արտակարգ դրության պայմաններում: Ինչպես հասկանում եմ, դեռ մեկ ամիս էլ շարունակվելու է այս արտակարգ դրությունը, սակայն նոր վարակվածների թիվը դեռեւս գերազանցում է բուժվածների թվին: Դա նշանակում է, որ այս մեկ ամսվա ընթացքում հնարավոր չի եղել մեկուսացնել վարակը եւ կանխել տարածումը: Հենց դա էլ մատնանշում է, որ պարետատունը չի վերահսկում իրավիճակը:
– Շատ մասնագետներ նշում են, որ վարակը դեռ պիկին չի մոտեցել, եւ որ մինչեւ առնվազն ապրիլի վերջ դեռ վարակի տարածման առումով վտանգը ռեալ է: Հետաքրքիր է Ձեր տեսակետը` որպես բժիշկ:
– Իհարկե, չենք մոտեցել: Անկառավարելի վարակի պարագայում որեւէ մեկը չի կարող կանխատեսել, թե երբ կհասնենք: Վարակի տարածման արագությունը կախված է մի շարք գործոններից, որոնցից ամենակարեւորն է մարդկանց շփումները, ինչը չկարողացավ սահմանափակել պարետատունը: Դա էլ ունի իր պատճառները, որոնցից ամենակարեւորը այն է, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ դեռեւս մարտ ամսվա սկզբին անլրջացրին վարակի տարածումը եւ հատուկ միջոցների կիրառումը…
Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

