ԷՍ ԷԼ «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
Արխիվ 16-20Դեռեւս մարտի 30-ին գրավոր հարցում էիք ուղարկել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ հետաքրքվել, թե ի՞նչ է ենթադրում օրենսդրությունը այն անձի համար, ով հրաժարվում է դատարանի վճիռը կատարելուց: Մասնավորեցնելով, թե կոնկրետ ինչ է նախատեսում օրենքը Առողջապահության նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ համար, ով հրապարակավ հրաժարվեց դատական վճիռը կատարելուց:
Արդեն անցել է օրենքով սահմանված հնգօրյա եւ, առհասարակ, այդ պարզ հարցին պատասխանելու ամեն մի ողջամիտ ժամկետ: Բայց ահա, ի պատասխան մեր գրավոր հարցման եւ դրա պատասխանելու մասին մեր հերթական հիշեցման, նախարարությունից մեզ ընդամենը պատասխանեցին, որ մեր հարցումը ընթացքի մեջ է: Եվ միայն ավելի ուշ ժամի ստացանք նախարարության այս պատասխանը.
«Ձեր 2020 թվականի մարտի 27-ի թիվ Մ/12957-2020 գրության՝ հայտնում եմ հետեւյալը.
«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝
«1. Եզրափակիչ դատական ակտը դատարանը կայացնում է Հայաստանի Հանրապետության անունից:
2. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար:
3. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ եւ 7-րդ մասերի համաձայն`
«5. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաեւ դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար եւ ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
(…)
7. Դատական ակտի եւ դատարանի պահանջների չկատարումը հանգեցնում է օրենքով նախատեսված պատասխանատվության»:
Վերոշարադրյալի համատեքստում անհրաժեշտ է նշել, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելու պահից ձեռք է բերում պարտադիրության եւ կատարելիության հատկանիշներ, որից ուղղակիորեն բխում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է դրանց հասցեատերերի համար եւ ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում»:
«ՀՀ օրենսդրությամբ նախատեսվել են պատասխանատվության միջոցներ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու համար (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 206.9-րդ եւ ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածներ): Կախված կոնկրետ դեպքից, կարող են վրա հասնել օրենքով նախատեսված տարբեր հետեւանքներ:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք կոնկրետ անձի՝ Արսեն Թորոսյանի կողմից դատական ակտը կատարվել է, թե` ոչ, եւ ինչ հետեւանքներ կարող են վրա հասնել դատական ակտը չկատարելու դեպքում, ապա այս հարցերը դուրս են ՀՀ արդարադատության իրավասության շրջանակից»:
Վերջին արդարացումը, թե՝ նախարար Թորասյանն իրենց գործը չէ, իհարկե, լավ արդարացում էր: Բայց ֆիքսենք սա. նախարար Թորոսյանը պարտավոր է կատարել դատական ակտը (իհարկե, առանց Արդարադատության նախարարության էլ, դա պարզ էր), բայց հրապարակավ հայտարարել է, որ չի էլ պատրաստվում: Նրան կպարտադրեն կատարել, թե՝ ոչ, այլ հարց է: Մինչ այդ նկատենք, որ հայտարարելով դատական ակտը չկատարելու մասին` նա, մեղմ ասած, արհամարհանք է դրսեւորել ինչպես հայաստանյան «շարքային» օրենքների, այնպես էլ՝ Սահմանադրության նկատմամբ: Ամեն մի իրեն հարգող երկրում վարչապետը պարտավոր էր անհապաղ կարգի հրավիրել իր նախարարին, իսկ ավելի ռեալ, սա մի արարք է, որին պետք է հաջորդեր պաշտոնանկություն: Հենց դա է, որ չտեսանք, այսինքն՝ նախարարն իրեն համարեց օրենքից վեր, իսկ ահա «նոր Հայաստանից» անդադար խոսող վարչապետը պարզապես լռեց: Իսկ Սահմանադրության երաշխավոր կոչված Արմեն Սարգսյանը... Լավ, անլուրջ բաներից չխոսենք: Չնայած, վարչապետը չի Թորոսյանին դրել, որ հիմա էլ՝ հանի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

