Իմունիտետը բարձրացնող «կախարդական» հաբերն ու անիմաստ սննդակարգերը չեն օգնի
Արխիվ 16-20– Հարգելի բժիշկ, ինչպե՞ս ամրապնդել իմունիտետն ու հաղթահարել դեպրեսիան այս օրերին: Գարնանը վիտամիններ պե՞տք է օգտագործել, թե՝ ոչ:
Հարցին պատասխանում է իմունաբան ՍԵՎԱՆ ԻՐԻՑՅԱՆԸ.
– Մարդու իմունային համակարգը զարգացել է միլիոնավոր տարիների ընթացքում, մարդու էվոլյուցիային զուգահեռ: Այն միշտ հարմարվել է շրջակա միջավայրին, սննդին, մարդու գործունեությանը: Եվ առավել մրցունակները, բնության օրենքին համաձայն, կենդանի են մնացել, ու իրենց սերունդներն են շարունակել կյանքը:
Ցավոք, վերջին տարիներին բժշկագիտության ու տեխնիկական զարգացմանը զուգահեռ, մենք մի տեսակ անհոգ ենք դարձել մեր առողջության հանդեպ ու բավարար չենք օգնում մեր օրգանիզմին: Ավելի շուտ պատրաստ ենք իմունիտետը բարձրացնող «կախարդական» հաբերի ու անիմաստ սննդակարգերի (կոճապղպեղ, կիտրոն, սխտոր...) վրա գումար ծախսել, քան ինքներս տանջվելով՝ առողջ մարմին ձուավորել: Այնինչ, մեր օրգանիզմին պետք է ակտիվ կյանք, առողջ ու բալանսավորված սնունդ (թե ինչ է դա, կասի սննդաբանը) ու առողջ գեներ, որոնք մենք չենք ընտրում: Այս ամենը սակայն պետք է ապրելակերպ լինի, ոչ թե մեկ շաբաթյա մոլուցք: Եվ եթե ի սկզբանե ունենք առողջ մարմին, ապա դժվար չի լինի դիմակայել նույնիսկ կես տարի տեւող կարանտինին, առավել եւս, երբ այն այնքան էլ խիստ չէ, ինչի մասին կարելի է դատել փողոցների ու բակերի մարդաշատ լինելուց: Իսկ սթրեսները, բացասական հույզերը միշտ բացասական են անդրադառնում ամբողջ օրգանիզմի վրա, ներառյալ մեր պաշտպանական մեխանիզմների: Վաղուց բացահայտված է, որ դրանք դրդում են հիվանդացության: Սակայն այստեղ եւս մեզ օգնության է հասնում ակտիվ կյանքն ու առողջ ապրելակերպը, որն օգնում է հաշտ տանել նման հարվածները:
Եթե ընդհանրացնենք, ապա իմուն համակարգի մասին պետք էր մտածել վաղուց, սակայն երբեք ուշ չէ, եթե պատրաստվում եք այն դարձնել կյանքի ձեւ:
Վիտամինները եւս, հարցի տրամաբանությամբ, մեզ պետք են այնքան, որքանով որ բացակայում են առօրյա սննդակարգից: Միշտ պետք է հիշել, որ չնայած անվանմանը, վիտամինների ավելցուկը եւս վտանգավոր է ու առաջացնում է հիվանդություններ: Այդ իսկ պատճառով միայն որոշ միկրոտարրեր ու վիտամին Դ-ն կարիք ունի պարբերաբար ստուգման ու լրացուցիչ ընդունման, եթե գործնականում առողջ եք, ու չկա հղիություն: Մյուս բոլոր դեպքերում պետք է լրացնենք սննդի միջոցով: Եթե չի ստացվում ինչ-ինչ պատճառներով (կամակոր երեխա, միջոցների բացակայություն ու այլն), ապա պետք է սպասել ավելի լուրջ խնդրի՝ մարսողական, աճի ու զարգացման, նյարդաբանական, եւ այլն, այդ թվում` նաեւ իմունաբանական:
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

