Սրբագրե՛ք Ձեր գրառումը. Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդը՝ Ալեն Սիմոնյանին
Արխիվ 16-20ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում խիստ դյուրագրգիռ գրառմամբ է հանդես եկել՝ անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մեկնաբանությանը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Ա. Սիմոնյանը ո՛չ ավել, ո՛չ պակաս «հաթաթա» է տվել Վեհափառ Հայրապետին, կաթողիկոսի փոփոխության ակնարկներ արել եւ հոգեւոր առաջնորդին անվանել քաղաքացի Կտրիճ Ներսիսյան: Անդրադառնալով Ա. Սիմոնյանի հնչեցրած մտքերին՝ Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Հոգեշնորհ ՏԵՐ ՄԱՂԱՔԻԱ վարդապետ ԱՄԻՐՅԱՆԸ գրում է. «Համավարակի դժվարին այս օրերին մի փոքր հոգու եւ մտքի լայնախոհությունը չէր խանգարի Ձեզ՝ ՀՀ Ազգային Ժողովի Փոխնախագահ Տիար Ալեն Սիմոնյան։ Վտանգավոր եւ կործանարար պատերազմական օրեր ենք ապրում, միասնական մտածումով եւ տքնաջան աշխատանքով պայքարելով անտեսանելի թշնամու դեմ, ինչի հետեւանքով գրեթե ամեն օր մարդկային կորուստներ ենք ունենում։ Ամենայն Հայոց Հայրապետի մասին Ձեր ոչ տեղին մեկնաբանությունը անմիաբանություն է ծնում՝ առանց այն էլ անմիաբան մեր հասարակության մեջ։ Դուք ընդհանրապես եւ մասնավորապես այս օրերին, որպես օրենսդիր մարմնի ղեկավարներից մեկը՝ ավելի ողջամիտ եւ խելամիտ պետք է լինեք, գիտակցելով Տիրավանդ այս խոսքի մարդասիրական նշանակությունը. «Ես չեկա միայն առողջներին կանչելու, այլ նաեւ հիվանդներին»։ Այնուամենայնիվ, մեծապես կարեւորելով օրենքի առջեւ բոլորն են հավասար բանաձեւումը, սրբագրեք Ձեր գրառումը, քանի որ Ամենայն Հայոց Հայրապետի խոսքը մարդասիրական եւ հոգեւոր կամքի բարի դրսեւորում է։ Մեզ այս օրերին եւ ընդմիշտ միաբանվել է պետք»։

