Մեծ ցավ է, որ պետական պաշտոնյան իրեն նման պահվածք կարող է թույլ տալ. Տ. Ասողիկ աբեղա Կարապետյան
Արխիվ 16-20ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում խիստ դյուրագրգիռ գրառմամբ է հանդես եկել՝ անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մեկնաբանությանը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Ա. Սիմոնյանը ո՛չ ավել, ո՛չ պակաս «հաթաթա» է տվել Վեհափառ Հայրապետին, կաթողիկոսի փոփոխության ակնարկներ արել եւ հոգեւոր առաջնորդին անվանել քաղաքացի Կտրիճ Ներսիսյան:
Անդրադառնալով վերոնշյալին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի եւ Թանգարանների տնօրեն Հոգեշնորհ ՏԵՐ ԱՍՈՂԻԿ աբեղա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ գրում է. «Որպես հայ քրիստոնյա եւ հոգեւոր սպասավոր խորապես հիասթափված եմ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Պարոն Ալեն Սիմոնյանի վերաբերմունքից: Ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառումը՝ Ամենայն Հայոց Հայրապետի վերաբերյալ, բոլորովին վայել չէ Հայաստանի Հանրապետության պետական բարձրաստիճան պաշտոնյայի հանգամանքին եւ ոչ էլ հասարակական, քաղաքական ծանրակշիռ գործչին: Մեզ համար մեծ ցավ է, որ պետական պաշտոնյան իրեն նման պահվածք կարող է թույլ տալ: Դատապարտում ենք Հայոց Եկեղեցու հոգեւոր զավակ Պարոն Ալեն Սիմոնյանի անհարգալից վերաբերմունքը, եւ որպես հոգեւոր սպասավոր հորդորում եւ զգաստության ենք կոչում: Թույլ մի տվեք հաստատվի այն կարծիքը, որ Հայոց Եկեղեցու դեմ անցյալում կատարված հայտնի ոտնձգությունների հեղինակներն ու հրահրողները նաեւ այլ հասցե ունեն... Կսիրեմ հուսալ, որ Ձեզ բնորոշ ողջախոհությամբ կսրբագրեք Ձեր մոտեցումը եւ կմնաք հարազատ զավակը Ձեր Սուրբ Եկեղեցու՝ հայցելով Ազգիս Սրբազնագույն Հայրապետի հայրական ներողամտությունը»:

