Սթափվե՛ք եւ դադարեցրեք այս անաստված ու սատանայական արշավը. Վահան Բաբայան
Արխիվ 16-20«Մարդու աստվածապարգեւ կյանքը բարձրագույն արժեք է եւ դրա նկատմամբ հոգածու վերաբերմունքը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է», - անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ լրատվամիջոցներից մեկի հարցմանը՝ նշել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Անդրադառնալով վերոնշյալին՝ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ նշել է. «Վեհափառը պատմական քայլ արեց: Նա բաց կարծիք հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ: Սա ե՛ւ հոգեւոր, ե՛ւ մարդկային մեծ քաջություն էր այս համատարած ատելության դաշտում, պատմական ողջունելի արարք»:
Ինչ վերաբերում է սոցցանցերում հայտնված պրոիշխանական քննադատություններին, այդ թվում՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հնչեցրած որակումներին՝ Վ. Բաբայանն ընդգծում է. «Հայոց Վեհափառը անձեռնմխելի է, վախեցեք Աստծո դատաստանից: Եթե ոմանց թվում է, որ այս խառնակ ժամանակներում կարող են Վեհափառին գահընկեց անել, չարաչար սխալվում են: Եկեղեցին մեր ազգի հիմնասյունն է եւ որեւէ մեկի քմահաճույքով չի կարող կաթողիկոս փոխվել: Վերջին անգամ մեր կաթողիկոսներին քաղաքացի են կոչել Ստալինի ժամանակ, երբ քանդում էին եկեղեցիները, երբ պետանվտանգության գործակալները 1938 թվականին Խորեն Կաթողիկոսին խեղդամահ էին անում Վեհարանի իր բնակարանում: Սթափվեք եւ դադարեցրեք այս անաստված ու սատանայական արշավը»:

