ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԿՈՐՈՆԱԴԱԴԱՐ` ՎԱՐՊԵՏԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
Արխիվ 16-20Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության այս օրերին մյուս գործընկերների նման հանդես է գալիս ամենօրյա հետաքրքիր, բազմաբովանդակ նախաձեռնություններով: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց տուն-թանգարանի ավագ գիտաշխատող ՇՈՒՇԱՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ. «Թանգարանի առցանց բոլոր ծրագրերը միտված են մշակութային առօրյայի ապահովմանն ու թանգարանի հասանելիության խնդրի կարգավորմանը յուրաքանչյուրի համար` անկախ տարիքից, սեռից, կարողություններից ու հետաքրքրությունից: Թանգարանը մտածել է նաեւ տեսողության խանգարումներ ունեցող այցելուների մասին` ներկայացնելով «Հասանելի բոլորին» շարքը, ինչպես նաեւ` արեւմտահայերենով հրապարակումներ սփյուռքահայ մեր հայրենակիցների համար: Ֆեյսբուքյան էջի հետեւորդները հնարավորություն ունեն ծանոթանալու թանգարանում, որպես սուրբ մասունք պահվող բացառիկ ցուցանմուշների պատմությանը` «Մի ցուցանմուշի պատմություն», «Պտույտ թանգարանում» ծրագրերի շնորհիվ: Թանգարանի ֆեյսբուքյան էջում արդեն հասանելի է նաեւ «360 աստիճան» խորագրով վիրտուալ շրջայցը, որի շնորհիվ այցելուն կարող է «հայտնվել» մեծ գրողի երեւանյան տուն-թանգարանում»:
Ըստ զրուցակցի` առցանց տիրույթում թանգարանի առաջարկած մրցույթներին ակտիվորեն մասնակցում են նաեւ միջին եւ ավագ սերնդի ներկայացուցիչները, «Լսիր լավ երաժշտություն» խորագրի ներքո նրանք հնարավորություն ունեն նաեւ վայելելու Ավ. Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա ստեղծված երգերը, լսել պոեզիայի ընթերցումներ, դիտել հետաքրքիր հուշեր արթնացնող գեղարվեստական ֆիլմեր, համերգներ, հարցեր ուղղել հոգեբանին` առցանց հանդիպման ընթացքում:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

