ԵՐԲ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՆԱՑԵԼ Է ԿԱԽՎԱԾ ԴԱՏԱՎՈՐԻ ՔԹԻ ՁԵՎԻՑ
Արխիվ 16-20«Իրավունքի» զրուցակիցն է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, փաստաբան ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆԸ: Փաստաբանի հետ զրուցեցինք դատավոր Աննա Դանիբեկյանի քթի պլաստիկ վիրահատության արդեն զավեշտի նմանվող պատմության, Քոչարյանի գործից նրա հրաժարվելու լուրերի մասին, եւ թե այդ իրավիճակում փաստաբանական թիմն ի՞նչ է անելու:
ԱՆՆԱ ԴԱՆԻԲԵԿՅԱՆԻ ԱՐԱՐՔՆԵՐԸ ԽԱՄՐՈՒՄ ԵՆ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ
– Ինչպե՞ս եք գնահատում Աննա Դանիբեկյանի՝ քթի վիրահատության պատմությունը:
– Նախ նշենք, որ քթի վիրահատությունը (եթե Աննա Դանիբեկյանի չներկայանալու պատճառը իրոք դա էր) անհետաձգելի բժշկական գործողություն չէ: Դա նշանակում է, որ նախ՝ այն կարող էր արվել ավելի ուշ արվել՝ առանց դատավորի առողջությունը վտանգելու: Եվ երկրորդը. նման վիրահատության հստակ օրը նշանակվում է երկար ժամանակ առաջ: Այսինքն՝ դատավորը առնվազն մեկ-երկու շաբաթ առաջ արդեն իսկ տեղյակ էր իր վիրահատության օրվա եւ ժամի մասին, ու կարող էր դատավարությունը կազմակերպել այնպիսի հաշվարկով, որպեսզի իր վիրահատությունը չհամընկնի պարոն Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության հետ: Առավել եւս, որ դեռ շաբաթներ առաջ հայտարարվել էր, որ չորս նախկին վարչապետները պատրաստվում են անձնական երաշխավորություն ներկայացնել դատարան՝ պարոն Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար: Կա նաեւ մեկ հետաքրքիր դետալ. նիստի նշանակված էր 17.03.2020 թվականին, եւ մենք 13.03.2020 թվականին դատավորի աշխատակազմից հետաքրքրվել ենք՝ արդյոք նիստը տեղի՞ է ունենալու: Մեզ ասացին, որ նիստն անպայման կայանալու է: Սակայն չկայացավ, եւ դա կարող է ունենալ միայն մեկ բացատրություն՝ արդեն հաստատապես իմանալով, որ նիստը տեղի չի ունենալու, մեզ գցել են մոլորության մեջ: Սակայն այս իրավիճակում Աննա Դանիբեկյանի արարքները խամրում են դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի գործողությունների ֆոնին: Նախ, նա չէր կարող չիմանալ սպասվող վիրահատության մասին, որից ելնելով առանց դժվարության, անհրաժեշտության դեպքում՝ բժիշկների հետ խորհրդակցելով կարող էր կանխատեսել, թե որքան կարող է տեւել Աննա Դանիբեկյանի անաշխատունակ վիճակը: Դատարանի նախագահն իր նախաձեռնությամբ պարտավոր էր միջնորդությունը փոխանցել նույն դատարանի մեկ այլ դատավորի, սակայն չարեց դա: Ավելին, երբ մենք գրավոր դիմեցինք նրան՝ միջնորդությունը այլ դատավորի քննությանը փոխանցելու խնդրանքով, նա մեզ մերժեց, պատճառաբանելով, թե իբր նման ընթացակարգ չկա, եւ պարող Քոչարյանի խափանման միջոցին վերաբերող միջնորդությունը կարող է քննվել միայն դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից: Դատարանի նախագահը կամ անտեղյակ էր, կամ էլ կարծում էր, որ մենք ենք անտեղյակ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի համապատասխան որոշումից, ըստ որի նման դեպքում «միջնորդությունները (դիմումները) ծրագրի միջոցով պատահական ընտրությամբ հնարավորինս հավասարաչափ բաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատավորների միջեւ»: Դրան հետեւեց մեր 24.03.2020 թվականի միջնորդությունը, որում մենք, մատնանշելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, միջնորդել էին՝ անհապաղ քննարկել պարոն Քոչարյանի խափանման միջոցի հարցը եւ առհասարակ վերացնել խափանման միջոցը կամ փոխել այն, ընտրելով անազատության հետ չկապված խափանման միջոց: Դատարանի նախագահը ձեւացրեց, թե այս հարցն իրեն առհասարակ չի վերաբերում, եւ միջնորդությունը մնաց՝ սպասելով Աննա Դանիբեկյանի ապաքինմանը: Դրանից հետո ես, արդեն ուղղակիորեն հիշեցնելով դատարանի նախագահին ԲԴԽ վերը նշված որոշման մասին (գուցե մոռացած լիներ): Երկու օր սպասելուց հետո հետաքրքրվեցի, թե ինչ արեց դատարանի նախագահը ու պարզվեց, որ այս իմ պահանջը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին: Այսինքն, հերիք չի, որ դատարանի նախագահը անտեղյակ է ԲԴԽ որոշումից, նա նաեւ այն կարծիքի է, որ Աննա Դանիբեկյանը իրավասու է խափանման միջոցի վերաբերյալ մեր միջնորդության քննությունը փոխանցել նույն դատարանի մեկ այլ դատավորի: Պետք է ասել, որ դատարանի նախագահն ունի շատ յուրահատուկ պատկերացումներ՝ օրենքի եւ իր իրավասությունների վերաբերյալ:
– Հայտնի՞ է արդյոք փաստաբանական թիմին, թե որ հիվանդանոցում է դատավորը վիրահատվել:
– Ոչ, մեզ դա հայտնի չէ:
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՀԱՍՑԵ ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է
– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հարցուպատասխաններից մեկի ժամանակ հետեւյալ միտքն էր հնչեցրել. «Որ մաֆիոզները, իրենց մաֆիաները, իրենց մաֆիոզ կառույցներով ու մաֆիոզ իրավաբաններով չպաշտպանեն»: Ճանաչո՞ւմ եք Հայաստանում մաֆիոզ իրավաբանների:
– Ես կարծում եմ, սա հերթական մի անհասցե բառակապակցություն էր, ինչպես, օրինակ, «վնգստացող դատավորները»: Եթե հիշում եք, որեւիցե մեկը հետագայում չկարողացավ հստակորեն նշել, թե այդ ում է նկատի ունեցել վարչապետը: Այսօրինակ հայտարարությունները, հավանաբար, ուղղված են ընտրազանգվածի մի որոշակի թիրախային խմբի, ովքեր սիրում են, երբ երկրի ղեկավարը օգտագործում է ոչ նորմատիվային բառապաշար:
ՍԱ ՈՒՂՂԱԿԻ ՄԵՍԻՋ Է, ՈՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՉԿԱՏԱՐԵԼ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
– Կխնդրեինք նաեւ Ձեր գնահատականը տալ առ այն, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բացահայտ հրաժարվեց կատարել դատարանի վճիռը: Սա ի՞նչ իրավական հետեւանքներ է ենթադրում:
– Այս հայտարարությունը ունի երկու կողմ: Մի կողմը դա այն է, թե արդյոք Արսեն Թորոսյանը կարո՞ղ է չկատարել իրեն վերաբերող վճիռը: Եթե նրա դատավարական հակառակորդը հետեւողական լինի, ապա Արսեն Թորոսյանը չունի ոչ մի հնարավորություն՝ չկատարելու այդ վճիռը, եւ միաժամանակ ունի բոլոր հնարավորությունները՝ կրելու պատասխանատվություն, որը նախատեսված է օրինական ուժի մեջ մտած վճիռը չկատարելու համար: Այնպես որ, կարծում եմ, նա բոլոր դեպքերում կկատարի այդ վճիռը: Սակայն հարցն ունի մեկ այլ կողմ. ունենք կայացած փաստ, որ նախարարի պաշտոն զբաղեցնող մեկը հրապարակայնորեն հայտարարել է, որ չի կատարելու դատարանի վճիռը, քանի որ դատարանները վստահելի չեն, ժողովուրդը չի վստահում դատարաններին: Այդ հայտարարությունից հետո նա անմիջապես չհեռացվեց պաշտոնից, չենթարկվեց պատասխանատվության: Սա ուղղակի մեսիջ է ողջ հանրությանը, որ ցանկացած մեկը կարող է չկատարել դատարանի ցանկացած որոշում, քանի որ (կառավարության անդամն ասել է) դատարաններն աանվստահելի են ու դա հիմք է, որպեսզի չենթարկվենք դատարանների այն վճիռներին, որոնց հետ համամիտ չենք:
Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

