ՊՈԼԻՑԱՅՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
Արխիվ 16-20Եվ այսպես, արտակարգ դրությունը երկարաձգվեց եւս մեկ ամսով: Չեղարկվեցին ապրիլի 24-ի եւ մայիսի 9-ի զանգվածային միջոցառումները, սակայն զարմանալիորեն պարզվում է, որ տխրահռչակ «Քաղաքացու օր» կոչեցյալի հարցը «դեռ քննարկվում է»: Այսինքն` պահանջատիրությունը` հեչ, մայիսյան հաղթական եռատոնը` հեչ, սակայն ամբոխավարական արհեստական եւ անիմաստ «տոնը» նույնիսկ քննարկվում է... Երեւի համարում են, որ վիրուսը ազատ եւ հպարտ պողոսիկին չի կպնում:
20.000 ՀԱՅՀՈՅԱՆՔ` ՆԻԿՈԼԻ ԼԱՅՎԻ ՏԱԿ
Ասել, որ Նիկոլի վարկանիշից բան չի մնացել, կնշանակի ոչինչ չասել: Հիմա նրա ունեցածը հակավարկանիշ է: Ֆեյսբուքում շրջանառվում են նրա` պարգեւավճարներին նվիրված լայվի «սքրինշոթերը»: Հենց լայվի ավարտին կար առավել քան 22 հազար մեկնաբանություն, սակայն հաջորդ օրը դրանցից մնաց 2000-ից էլ քիչ: Այսինքն` առավել քան 20 հազարը ջնջվել են, եւ պարզ է, որ դրանք կա՛մ քննադատություններ էին, կամ հայհոյանքներ, այլապես ինչու պիտի ջնջվեին: Անհերքելի փաստ է` Նիկոլի պես «դուխով» տղուց մնացել է «պարսատիկի քար»: Եվ դա երեւաց արտակարգ դրության երկարացման հարցը խորհրդարանում քննարկելու ժամանակ: Նիկոլը չէր երեւում, բոլոր հարցերին շատ ինքնավստահ պատասխանում էր պարետ Տիգրան Ավինյանը: Այնքան ինքնավստահ, որ սեփականացրել էր նաեւ ենթաօրենսդրական ակտերը միանձնյա լույս ընծայելու իրավունքը, թեեւ դա կառավարության գործառույթն է...
Փաստացի Նիկոլն այլեւս իշխանություն չէ, ամբողջ իշխանությունը կենտրոնացված է պարետի ձեռքում: Նիկոլը սոսկ նոմինալ զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, ավելի ճիշտ` պարետի մոտ վարչապետ է աշխատում: Ճիշտ է, պարետը չի կարող վստահ լինել, որ վերահսկում է ուժային կառույցները, սակայն թերեւս հույս ունի ռեալ վերցնել բովանդակ իշխանությունը` որպես գործիք կիրառելով արտակարգ դրությունը, որը, փա՜ռք կորոնավիրուսին, կարելի է երկարացնել ինչքան քեֆդ տա: Այնպիսի ցինիկ պրագմատիզմով են վերաբերվում այդ վարակին, որ երբեմն նույնիսկ մոռանում են ժողովրդին վախեցնել դրանով...
Իսկ թե ինչպես են հիմնավորում տնտեսական կոլափսի տանող արտակարգ դրությունը: Գարդասիլասեր Արսեն Թորոսյանը հայտարարում է, որ վիրուսը դուրս է եկել վերահսկողությունից: Նաեւ շարունակություն ստացավ դիակները չհերձելու աբսուրդային պրակտիկան... Սասուն Միքայելյանը պարետ Տիգրան Ավինյանին առաջարկեց հերձել կորոնավիրուսից մահացած մարդկանց, քանի որ հերձումը բժշկական շատ հարցերի պատասխան կտա: ՀՀ պարետը համաձայնեց պատգամավորի հետ, սակայն պնդեց` դիահերձման համար պետք է համապատասխան միջավայր ստեղծել...
Պարետի խոսքով` մեկուկես ամիս հետո Առողջապահության նախարարության հետ նման գործընթաց կնախաձեռնեն: Այսինքն` երբ դիահերձումն այլեւս չի պարզի` մարդը վիրուսի՞ց է մահացել, թե՞ «ձեռի հետ» ունեցած ծանրագույն հիվանդություններից, համ էլ հարազատները չեն համաձայնի սպասել մեկուկես ամիս: Բայց միաժամանակ պարզվեց նաեւ, որ վիրուսը «չի ազդում» Լֆիկի տեքստիլ արտադրամասերի` կոմպակտ աշխատող աշխատակիցների վրա... Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի կարծիքով` «Փաստորեն, այս փուլում արտակարգ դրությունը ոչ թե նպատակ է ունենալու կանխել կորոնավիրուսի տարածման վտանգը, այլ թիրախավորելու է Հայաստանում անհատական ազատությունները, ինչը Նիկոլ Փաշինյանին հնարավորություն է տալու արտակարգ դրության անվան ներքո առնվազն մինչեւ մայիսի 14-ն իր վերահսկողության տակ պահել իրավիճակը` կանխելով հասարակական անհանդարտությունների վտանգը»:
ԱՐՏԱԿԱՐԳ «ԽԻՅԱՐԸ» «ԹԱՐՍ Է ԲՈՒՍՆՈՒՄ»
Սորոսականները եւ այլ անդրազգային խաղացողները շատ էին ուզում, որ Արցախում նույնպես հայտարարվի արտակարգ դրություն` նպատակ ունենալով չեղարկել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Սակայն Բակո Սահակյանը մտցրեց արտակարգ իրավիճակ, կրկնելով ՀՀ-ում գործող բոլոր սահմանափակումները, բայց ուժի մեջ թողնելով ընտրությունների երկրորդ փուլը: Եվ արտակարգ «խիյարը» «թարս բուսնեց»` այդ սահմանափակումները հարվածեցին սորոսականներին, անհնարին դարձրին հեղափոխական թափթփուկների «արտահանումն» Արցախ եւ խժդժությունների հրահրումը: Միաժամանակ Երեւանում վարչախումբը ստիպված եղավ չեղարկել ԶԼՄ-ների եւ սոցիալական ցանցերի գրաքննությունը: Տեսան, որ դա անմարսելի կտոր է իրենց համար: Բայց միաժամանակ ուրիշ ֆիասկոյի էլ բախվեցին` համոզվեցին, որ մոտները հեռախոսազանգերի տոտալ վերահսկողության միջոցով Էկեկտրոնային համակենտրոնացման ճամբար կառուցելն էլ չի ստացվում: Այնքան ապաշնորհ են, որ չեն կարող կազմակերպել: Քայլասերվածները որոշել են սահմանափակվել միայն կորոնավիրուսով վարակված քաղաքացիների շփումների եւ գտնվելու վայրի վերաբերյալ տվյալների հավաքագրմամբ, ՀՀ Ազգային ժողովի նիստին, ներկայացնելով կառավարության որոշումը երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու մասին, ասաց պարետ Տիգրան Ավինյանը: Նա նշեց, որ բջջային հավելվածների միջոցով լոկալիզացման հարցը բազմաթիվ շահարկումների առիթ է դարձել: «Մենք որոշեցինք, որ չենք հավաքագրի բոլոր տվյալները բոլոր օպերատորներից: Համակարգն աշխատում է միայն այն դեպքում, երբ քաղաքացու մոտ հաստատվում է վարակի առկայությունը: Միայն այդ մարդկանց տվյալներն են փոխանցվում ընդհանուր համակարգ»,- ասաց Ավինյանը: Ընդ որում, նա նշեց, որ Հայաստանում գործող բջջային ցանցի երեք օպերատորների համար առանձին ծրագրեր են գրվել: Այսպիսով, ըստ պարետի, համակարգ միայն նվազագույն անհրաժեշտ տեղեկատվությունն է մտնում: Կարճ ասած, սրանց մոտ ոչ թե դիկտատուրա, այլ դիկտատուրայի տնազ է ստացվում: Եվ առջեւում է նաեւ ապրիլի 16-ին Սերժ Սարգսյանի հարցուպատասխանը ԱԺ քննիչ հանձնաժողովում: ՀՀ երրորդ նախագահի` միայն ԱԺ ոտք դնելու փաստն իսկ արդեն սարսուռ է առաջացնում քայլասերվածների մոտ, եւ կարելի է պատկերացնել, թե ինչպես են հուսալքվելու նրա հետ առերեսվելուց եւ հարցուպատասխանի ընթացքում խեղճանալուց հետո:
Իրադարձությունները կտրուկ արագանում են...
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

