Հայաստանում զույգերը չեն կարող ամուսնալուծվել, արտակարգ դրության պայմաններում դիմումներ չեն ընդունվում
Արխիվ 16-20Մարտի 16-ից Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար Կառավարությունը հայտարարեց արտակարգ դրություն: Այսօր կառավարությունը որոշում կայացրեց արտակարգ դրությունը երկարաձգել եւս մեկ ամսով, այժմ խորհրդարանը քննարկում է այդ հարցը։
Այս ընթացքում սոցիալական ցանցերում բուռն քննարկումներ էին տանը մնալու, տան անդամների հետ շփվելու, իրարից հոգնելու մասով։ Ոմանք պնդում են, թե տանը երկար փակված մնալու դեպքում անխուսափելի են վեճերը, հարաբերությունների սրվելը, ընտանեական բռնությունների աճը, ինչը օրինակ՝ ամուսնացած զույգերի դեպքում կարող է հանգեցնել ամուսնալուծության։ Օրինակ՝ Չինաստանում կարանտինի սահմանումից հետո զույգերը սկսել են ավելի հաճախ ամուսնալուծվել, աշխատանքը վերսկսած ՔԿԱԳ-ները ռեկորդային թվով հայտարարություններ են գրանցում: Այս մասին հայտնում է The Gobal Times պարբերականը: Պաշտոնյաները ամուսնության զանգվածային խզումը բացատրել են նրանով, որ ընտանիքները չեն դիմանում կարանտինի փորձությանը, երբ զույգերը սկսում են ամբողջ ժամանակ միասին անցկացնել եւ վիճում են ամեն առիթով: Մեկ այլ պատճառ է նշվում այն, որ շատերը չեն հասցրել ձևակերպել փաստաթղթերը մինչև համաճարակի սկսվելը:
Եվրոպայում եւ Ասիայում եւս թեժ գծերն ամուսինների կողմից ծաղրուծանակի ենթարկվելու եւ ագրեսիայի դրսեւորման մասին դիմումների թվի կտրուկ աճ են արձանագրում ՝ Ֆրանսիայում 30 տոկոսով, իսկ Չինաստանում ՝ երեք անգամ ավելի: Իրավապաշտպանները խնդրի սրացման սպասում են նաև Ռուսաստանում, այն տարբերությամբ, որ բողոքները կհայտնվեն կարանտինի ավարտից հետո։ ՄԱԿ-ի տվյալներով ՝ աշխարհում յուրաքանչյուր երրորդ կին բախվում է ֆիզիկական կամ սեռական բռնության: Եվ կարանտինը և պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմը, որոնք այժմ գործում են աշխարհի մեծ թվով երկրներում, միայն խորացնում են այս խնդիրը:
ArmDaily.am-ը փորձեց պարզել, թե Հայաստանում այս ընթացքում արդյոք բաժանվել ցանկացող զույգերի թիվն ավելացե՞լ է, թե՝ ոչ: Արդարադատության նախարարությունից մեզ փոխանցեցին, որ մայրաքաղաքի ՔԿԱԳ մարմիններ այս օրերին չեն աշխատում.«Աշխատում է արդարադատության նախարարության ընդունարանը: Այստեղ և մարզային ՔԿԱԳ-ներում բացառապես երկու ծառայություն է մատուցվում ՝ ծնունդ և մահ»:
Նախարարությունից նաև հայտնեցին, որ օրենսդրությամբ ամրագրվել է ամուսնալուծության գրանցումը մեկամսյա ժամկետից ավելի վաղ իրականացնելու արգելք: Այսպիսով, համատեղ դիմում տալու միջոցով ամուսնալուծության պետական գրանցումն իրականացվում է ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից մեկ ամիս անցնելուց հետո, բայց երեք ամսից ոչ ուշ.«Այս ընթացքում այսպես, թե այնպես ամուսնալուծության վկայաններ զույգերը չէին կարող ստանալ՝ ժամկետից ելնելով, սակայն դիմումներ, այո, այս ընթացքում ամուսինները չեն կարող գրել»:
Այսինքն հայաստանյան պատկերը, թե արդյոք մեր երկրում նույնպես բաժանությունների թիվն ավելացել է, թե՝ ոչ, մենք արդեն կարող ենք տեսնել արտակարգ դրությունից հետո, երբ ՔԿԱԳ ծառայությունները կվերսկսեն իրենց աշխատանքները:

