Մուտքը միայն 1000 դրամով. ի՞նչ է կատարվել «Սուրմալու» առևտրի կենտրոնում
Արխիվ 16-20Սուրմալու առևտրի կենտրոն մուտք գործելու համար հաճախորդներից 1000-ական դրամ են վերցնում: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց առևտրի կենտրոնի հաճախորդներից մեկը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի:
«Ներքին կարգով իրենց ասել են, որ հաճախորդներից մուտքի համար 1000 դրամ վերցնեն: Անցակետում անվտանգության աշխատակիցը մոտեցավ, բարևեց, հարցրեց, թե ինչի համար եմ ուզում ներս մտնել, ասացի՝ առևտրի: Ասաց, որ պետք է մեքենան գրանցեն, ոտքով չեմ կարող գնալ: Գրանցեցին, վերջում էլ ասաց` 1000 դրամ պետք ա փող մուծես: Քանի կարանտին ա, ամեն մուտքը լինելու ա 1000 դրամ»,- նշեց մեր աղբյուրը:
Հետաքրքրվեցինք, թե ովքե՞ր են հրահանգել, որպեսզի 1000 դրամ մուծեն:
«Մեզ ներկայացրին, որ իրենց էդպես են ասել, բայց թե ով կամ ովքեր՝ չգիտեմ»,- եզրափակեց նա:
Փորձեցինք կապ հաստատել առևտրի կենտրոնի տնօրենի հետ: Նա տեղյակ էր , որ սննդի կետերն այսօր աշխատել են:
«Առևտրի կենտրոնում այսօր սննդի կետերն աշխատել են միայն դրսի առևտրականների համար: Ում ապրանք է պետք` գալիս է, ֆակտուրայով իր առևտուրն է անում, բա սնունդ ա կարո՞ղ ա թողնեն, որ փչանա»,- նշեց «Սուրամալու » առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան:
Հարցին` արդյոք տեղյա՞կ է, որ այսօր առևտրի կենտրոն մտնելու համար դրսի առևտրականներից գումար են պահանջել, տնօրենը պատասխանեց.
«Առաջին անգամ եմ սենց բան լսում: Ճիշտն ասած տեղյակ չենք, թե ինչ ա կատարվել: Մենք տենց բաներ չենք պահանջում: Իրենք մեր աշխատողները չեն, դիմեք իրենց «շեֆերին: Ով որ իրենցից վերցրել ա, զանգեք իրանց»,- եզրափակեց նա:
Նշենք, որ «Սուրամալու » առևտրի կենտրոնում այսօր աշխատել են սննդի կետերը: Մուտքը միայն հասանելի է եղել դրսի առևտրականներին:

