Սահմանափակումներ՝ Արցախում հայտարարված արտակարգ իրավիճակի շրջանակում
Արխիվ 16-20
Արցախում այսօր հայտարարվել է արտակարգ դրություն և նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով մտցվել են մի շարք սահմաափակումներ։ Այս մասին ասվում է նախագահի աշատակազմի տարածա հաղորդագրությունում։ Հրամանագրում մասնավորապես ասված է․
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ` վարակ) տարածման դեպքերը և այդ վարակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի` 2020 թվականի մարտի 11-ի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու հանգամանքը,
հաշվի առնելով նաև, որ չնայած նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման և կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տևական ժամանակահատվածում Արցախի Հանրապետությունում վարակի դեպքեր չէին արձանագրվել, սակայն վերջերս վարակի արձանագրված դեպքերը անհրաժեշտություն են առաջացրել նոր լրացուցիչ քայլերի ձեռնարկման և միջոցառումների իրականացման, այդ թվում՝ ապրիլի 14-ին նախագահական ընտրությունների անցկացման ժամանակ,
հիմք ընդունելով այն, որ Արցախի Հանրապետությունում վարակի տարածման հետևանքով համաճարակային իրադրությունը` որպես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակ, սպառնում է բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման,
ելնելով նման արտակարգ իրավիճակում մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայության սկզբունքից, ինչպես նաև համաճարակի կանխարգելման, համաճարակային իրադրության պայմաններում բնակչության պաշտպանության, բնակչության առողջության պահպանման և առողջական վիճակի բարելավման նպատակով սանիտարականխարգելիչ, կարանտինային հատուկ միջոցառումների, վարակի տարածումը կանխելու և վերացնելու հատուկ պայմաններ և ռեժիմ սահմանելու, ինչպես նաև բնակչության պաշտպանության կանխարգելիչ այլ աշխատանքների և միջոցառումների ժամանակին, պատշաճ, օպերատիվ, արդյունավետ կազմակերպման և իրականացման անհրաժեշտությունից,
հաշվի առնելով, որ վարակի տարածմանը էականորեն նպաստում կամ կարող են նպաստել, իսկ կանխարգելմանը` խոչընդոտել այլ, այդ թվում` վարակված բնակչության բարձր ցուցանիշներ ունեցող երկրներից պոտենցիալ վարակակիր անձանց՝ Արցախի Հանրապետություն մուտք գործելու, Արցախի Հանրապետության տարածքում անձանց ազատ տեղաշարժվելու, հանրային միջոցառումներին մասնակցելու, համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ չիրականացնելու, իսկ ախտանիշների առկայության դեպքում` բժշկական զննություն չանցնելու հանգամանքները,
հիմք ընդունելով այն, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ և 133-րդ հոդվածները Արցախի Հանրապետության Նախագահին լիազորում են երկրում արտակարգ իրավիճակ հայտարարել տարերային աղետի բնույթ ունեցող բնական կամ տեխնածին աղետների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացման նպատակով և այն, որ վարակի տարածումը զանգվածաբար սպառնում է մարդկանց կյանքին ու առողջությանը, և հաշվի առնելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված` մարդու` որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար,
նկատի ունենալով այն, որ վարակի ներթափանցման և վարակված անձանց առկայության և նրանց թվի ավելացման պայմաններում համապատասխան կանխարգելիչ աշխատանքների և միջոցառումների իրականացումը և դրանց արդյունքում անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը հնարավոր չի լինի ապահովել առանց Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման, մասնավորապես՝ անձնական ազատության (27-րդ հոդված), ազատ տեղաշարժվելու իրավունքի (40-րդ հոդված), հավաքների ազատության (44-րդ հոդված), սեփականության իրավունքի (60-րդ հոդված) և արտակարգ իրավիճակի ժամանակ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանափակման ենթակա այլ իրավունքները և ազատությունները` իրավիճակի պահանջով և օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցնելու կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկելու,
և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 20-րդ կետով, 133-րդ հոդվածի 1-ին մասով և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 1-ին և 5-րդ հոդվածներով` ո ր ո շ ու մ եմ.
- Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի ապրիլի 12-ից, ժամը 22:00-ից սկսած մինչև 2020 թվականի մայիսի 12-ը, ժամը 22:00-ն ներառյալ ժամկետով հայտարարել արտակարգ իրավիճակ:
- Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծել պարետատուն (այսուհետ` Պարետատուն): Պարետատան ղեկավարման համար պարետ նշանակել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին (այսուհետ` Պարետ):
- Պարետատան կազմում ի պաշտոնե ընդգրկվում են Արցախի Հանրապետության առողջապահության, գյուղատնտեսության, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, ֆինանսների, պաշտպանության նախարարները, Արցախի Հանրապետության ոստիկանության պետը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի 1-ին տեղակալը և Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետը:
- Պարետատան աշխատանքների սպասարկումն ապահովում են Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմը և Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչությունը:
- Պարետի հրավերով Պարետատան աշխատանքներին կարող են մասնակցել պետական մարմինների, կազմակերպությունների ղեկավարներ կամ ներկայացուցիչներ, Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներ, համայնքների ղեկավարներ:
- Պարետի ցուցումները պարտադիր են Պարետատան կազմի, պետական կառավարման մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների, ինչպես նաև արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվող ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության նախարարության, արտակարգ իրավիճակների պետական ծառայության ուժերի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համար։
- Սահմանել արտակարգ իրավիճակի ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող միջոցները` համաձայն հավելվածի:
- Սահմանել, որ արտակարգ իրավիճակի շրջանակներում կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, հաշվի առնելով համաչափության սկզբունքը, կիրառվում են Արցախի Հանրապետության ողջ տարածքում կամ Պարետատան կողմից որոշված տարածքների սահմաններում: Արտակարգ իրավիճակի շրջանակներում կիրառվող միջոցառումների իրականացման և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու համար Պարետի ցուցումով կարող են ներգրավվել արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող` ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության նախարարության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ուժերն ու միջոցները, ինչպես նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի ներկայացուցիչները։
- Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2020 թ. ապրիլի 12
Ստեփանակերտ
ՆՀ-32-Ն
Հավելված
Արցախի Հանրապետության Նախագահի
2020 թվականի ապրիլի 12-ի ՆՀ-32-Ն
հրամանագրի
2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԻՐԱՌՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ
- ԱՆՁԱՆՑ ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ (ՏԵՂԱՇԱՐժՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՌԵԺԻՄ), ԶՆՆՈՒՄՆԵՐ
- Արցախի Հանրապետության պետական սահմանի բոլոր անցակետերում (այսուհետ` անցակետ) սահմանվում է անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), բեռների, այլ գույքի, կենդանիների տեղափոխման, անձանց ու տրանսպորտային միջոցների գտնվելու և տեղաշարժվելու հատուկ կարգ` սույն հավելվածի համաձայն:
- Անցակետով թույլատրվում է Արցախի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների՝ Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամների, Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Արցախի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք: Անցակետով արգելվում է Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այլ անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք, բացառությամբ`
1) դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամների.
2) այն դեպքերի, երբ Պարետի որոշմամբ, հաշվի առնելով այդ երկրներում (տարածքներում) համաճարակային իրադրության իրավիճակը, թույլատրվում է անձանց մուտք գործելը.
3) Պարետի որոշմամբ` այլ առանձնահատուկ դեպքերի:
- Պարետի որոշմամբ ցամաքային սահմանի անցակետով Արցախի Հանրապետության քաղաքացիների ելքը կարող է արգելվել, բացառությամբ ապրանքների փոխադրումն իրականացնող անձանց և եթե սույն հավելվածի 25-րդ կետով սահմանված կարգով արտահանումները չեն արգելվել: Պարետի որոշմամբ կարող են սահմանվել Արցախի Հանրապետությունից ելքի առանձնահատկություններ:
- Անցակետով անձանց՝ Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո անհապաղ կատարվում է հատուկ զննություն վարակի առկայության կամ վարակի ախտանիշների բացահայտման նպատակով։ Համապատասխան զննություն անցնելուց հետո բոլոր անձինք ենթակա են ինքնամեկուսացման, եթե ախտանիշների առկայությամբ պայմանավորված վերջիններիս նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներ: Անցակետով անձանց՝ Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո բժշկական զննություն անցնելուց, հոսպիտալացումից, ինքնամեկուսացումից և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներից հրաժարվելու դեպքում կարող է սահմանափակվել այդ անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքը որոշակի տարածքի (վայրի) սահմաններում` հետազոտման, բուժման և վարակի տարածումը կանխելու նպատակով: Սույն կետից բացառությունները կարող են սահմանվել Պարետի որոշմամբ:
- Առողջապահության նախարարի հրահանգով սահմանված` համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկից ժամանած անձինք պետք է տեղափոխվեն հատուկ նախատեսված կարանտինային վայրեր կամ նրանց կարող է հրահանգվել անցնել ինքնամեկուսացման:
- Պարետի ցուցումով Արցախի Հանրապետության համապատասխան համայնքի (համայնքների) վարչական սահմաններում կարող են կիրառվել հետևյալ սահմանափակումները`
- համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման դեպքերի, ինչպես նաև Պարետի ցուցումով` արտակարգ իրավիճակ հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման և այլ հրատապ հարցեր լուծելու անհրաժեշտությունից ելնելով կատարվող մուտքերի և ելքերի.
- անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում կամ ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ գտնվելու վայրում կամ իրենց նախընտրությամբ` մեկ այլ վայրում, նրանց նկատմամբ անհրաժեշտ հսկողության իրականացում և ազատ տեղաշարժի նորմավորում՝ պահպանելով կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով ընտրողների և այլ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
- սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում անձանց մշտական բնակության կամ գտնվելու վայրում.
- անձանց մոտ վարակի առկայության կասկածի կամ դրա հայտնաբերման դեպքում անձանց տեղափոխում հատուկ նախատեսված կարանտինային վայրեր կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ.
5) տրանսպորտային միջոցների զննում, դրանց մուտքի և ելքի արգելք:
- Սույն հրամանագրի իմաստով ինքնամեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումն իրենց մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:
- Համապատասխան համայնքի վարչական սահման մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմից բխող միջոցառումների իրականացումն ապահովում են Արցախի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները (այսուհետ` Ոստիկանություն), Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության, արտակարգ իրավիճակների պետական ծառայության, առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, շրջանի վարչակազմի և համայնքապետարանի ներկայացուցիչները, իսկ Պարետի ցուցումով` նաև պետական կառավարման այլ մարմիններ:
- Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համար կարող են տեղադրվել հատուկ անցակետեր և զննման կետեր: Անցակետերում և զննման կետերում բժշկական հսկողությունն ու զննությունը կարող են իրականացվել բժշկական օգնություն և
սպասարկում իրականացնող անձանց (բուժանձնակազմի), Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության, առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և պետական կառավարման այլ մարմինների ներկայացուցիչների կողմից: Անցակետերում և զննման կետերում անվտանգության և ռեժիմի պահպանությունն ապահովում է Ոստիկանությունը:
- ԱՆՁԱՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
- Ֆիզիկական և իրավաբանական անձանց անշարժ և շարժական գույքը կամ դրա մասը, ներառյալ դեղերը, բժշկական պարագաներն ու այլ միջոցները Պարետի որոշմամբ կարող են օգտագործվել արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի ապահովման նպատակով։
- Գույքի կամ դրա մասի սեփականատերն իրավունք ունի ստանալու համարժեք փոխհատուցում գույքի ժամանակավոր տիրապետման և օգտագործման դիմաց:
- Գույքի կամ դրա մասի ժամանակավոր տիրապետման և օգտագործման դիմաց փոխհատուցման չափը գնահատվում է Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով՝ ոչ ուշ, քան արտակարգ իրավիճակի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում:
- Գույքի ժամանակավոր տիրապետումը և օգտագործումը նախատեսվում է անձանց կյանքի փրկության և (կամ) առողջության պահպանման նպատակով՝ գույքի նպատակային նշանակության պահպանմամբ կամ առանց դրա։
14․Սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված նպատակով գույքի ժամանակավոր տիրապետման և օգտագործման մասին Պարետի որոշմամբ սահմանվում են տվյալ գույքի կամ դրա մասի հետ իրականացվող միջոցառումները։
- Գույքի կամ դրա մասի ժամանակավոր տիրապետման և օգտագործման ժամանակահատվածը սահմանվում է Պարետի որոշմամբ, սակայն ոչ ավելի, քան արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի սահմանված ժամանակահատվածում և ենթակա է դադարեցման արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի վերացման հիմքով։
16․Գույքի կամ դրա մասի ժամանակավոր տիրապետման և օգտագործման ընթացքում գույքի պահպանման համար պատասխանատու է պետությունը։
III. ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ, ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ, ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ
- Քրեակատարողական հիմնարկում և ձերբակալվածներին պահելու վայրերում արգելվում են`
- հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը.
- տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի).
- կրոնական ծեսերի կազմակերպումը և դրանց մասնակցելը:
- Քրեակատարողական հիմնարկում քրեակատարողական հիմնարկի առաջարկությամբ և Պարետի ցուցումով կարող են սահմանափակվել կամ արգելվել`
1) զբոսանքները.
2) քրեակատարողական հիմնարկի տարածքի սահմաններում և դրանից դուրս գտնվելը (այդ թվում՝ կարճաժամկետ մեկնելը), տարածքի սահմաններում տեղաշարժվելը.
3) Պարետի ցուցումով` այլ գործունեություն:
- Տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրող, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում և հոգեբուժական կազմակերպություններում արգելվում է`
- հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը.
- տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի).
- Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում արգելվում են`
- հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը.
- տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի).
- շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդը.
- Պարետի ցուցումով` այլ գործունեություն:
- Սույն հավելվածի 17-19-րդ կետերով սահմանված սահմանափակումները չեն տարածվում օրենսդրությամբ սահմանված իրենց լիազորությունների և գործառույթների իրականացման կապակցությամբ իրավասու անձանց և մարմինների, ներառյալ, բայց չսահմանափակվելով` Մարդու իրավունքների պաշտպանի և նրա իրավասու ներկայացուցչի, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, դիտորդական խմբերի, փաստաբանների կողմից համապատասխան վայրեր կատարվող այցելությունների նկատմամբ:
- ՀԱՎԱՔՆԵՐ ԿԱՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՐԳԵԼՔՆԵՐ
- Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը:
- Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը, բացառությամբ Պարետի որոշմամբ սահմանված դեպքերի:
- Պարետի որոշմամբ սահմանված տարածքներում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Սույն կետի իմաստով հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները.
- համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները.
- ժամանցային միջոցառումները.
- տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները.
- Պարետի ցուցումով որպես հանրային միջոցառում որակված այլ միջոցառումներ:
- ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
- Ֆինանսների նախարարության կողմից Պարետի որոշման հիման վրա կարող է սահմանափակվել որոշակի ապրանքների կամ դրանց առանձին խմբաքանակների արտահանումը Արցախի Հանրապետությունից դուրս կամ ներմուծումը Արցախի Հանրապետություն։
- Արցախի Հանրապետության սահմանով ցամաքային և օդային հաղորդակցության այլ սահմանափակումները կարող են կիրառվել Պարետի որոշմամբ:
- ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ, ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
- Պարետի որոշմամբ Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում կամ առանձին համայնքներում կարող է արգելվել տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացումը: Պարետի որոշմամբ կարող է ժամանակավորապես արգելվել նաև տնտեսական գործունեություն իրականացնող առանձին իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի գործունեությունը, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում ֆիզիկական անձանց կողմից իրականացվող վաճառքն այն վայրում (հասցեում), որտեղ պահպանված չեն Պարետի որոշումներով և ցուցումներով սահմանված կանոնները:
- Արտակարգ իրավիճակի ողջ ընթացքում դադարեցվում է պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական (այդ թվում՝ նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, արտադպրոցական դաստիարակություն իրականացնող (մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններ, երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ, ակումբներ, մարզադպրոցներ, առողջարարական ճամբարներ և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպություններ) կազմակերպություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ հեռավար ուսուցման: Սույն կետով սահմանված սահմանափակումը չի տարածվում ռազմական ուսումնական հաստատությունների նկատմամբ:
- Բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող կազմակերպությունները (անկախ սեփականության ձևից) բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնում են` հիմք ընդունելով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումները:
VII. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՌԱՆՁԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ, ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՔՆԵՐ
- Պարետի որոշմամբ սահմանված դեպքերում՝ Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման ենթարկված կամ ինքնամեկուսացված անձանց քանակի, առողջապահության բնագավառում լիազոր մարմնի կողմից իրականացվող միջոցառումների և դրանց վերաբերող տվյալների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ բոլորը միասին` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն Պարետատան տրամադրած տեղեկատվության (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման)։
- Զանգվածային լրատվության միջոցների կողմից սույն հավելվածի 30-րդ կետով նախատեսված հաղորդումներն առանց պաշտոնական տեղեկատվության հիմքի հրապարակելու դեպքում՝ ԶԼՄ-ները պետք է հրապարակեն Պարետատան կողմից այդ հաղորդման մեջ պարունակող տեղեկությունների վերաբերյալ տրամադրված, հրապարակված հերքումը կամ պարզաբանումը՝ այն ստանալուց (հրապարակվելուց) հետո 2 ժամվա ընթացքում։ Միաժամանակ, ԶԼՄ-ները պետք է ապահովեն վերջինիս տարածումը նույն հարթակներով, ինչ կիրառվել է հաղորդման հրապարակման ժամանակ։
- Օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցների կողմից նոր տիպի կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ հրապարակված տեղեկատվական կամ վերլուծական նյութերի ամբողջական կամ մասնակի արտատպման դեպքում ԶԼՄ-ները պետք է հրապարակեն նյութի սկզբնաղբյուրը՝ նյութի վերնագրում։
- Սույն գլխով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում՝
1) պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ.
2) օտարերկրյա պետությունների ղեկավարների, պետական մարմինների և (կամ) նրանց ներկայացուցիչների պաշտոնական կայքերին, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին կատարված հղումների նկատմամբ:
Արցախի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի ղեկավար՝
Մ.ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ»

