Ինչ հարցեր է տվել Մխիթարյանը «Ռոմայի» երկրպագուներին, եւ ինչ պատասխաններ է ինքը տվել
Արխիվ 16-20Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հռոմեական ակումբի թվիթերյան էջում հարցեր է ուղղել երկրպագուներին։
Հենրիխը նախ և առաջ ինքն է պատասխանել հարցին, որն այնուհետև ուղղել է երկրպագուներին։
Հարց․ «Ռոմայի» մարզաշապիկներից ո՞րն է ձեր ամենասիրելին։
Հենրիխ․ «Ռոմայի» մեծ թվով մարզաշապիկներ չեմ կրել։ Հիմա կրում եմ կապույտը, բայց իհարկե կարմիրն էլ է ինձ շատ դուր գալիս»։
Հարց․ Ո՞վ է եղել հռոմեական ակումբում ձեր կուռքը։
Հենրիխ ․ «Յուրաքանչյուր օր ես ավելին եմ սովորում այս մեծ թիմում, յուրաքանչյուր օր ես ավելի եմ ոգեշնչվում։ Կուռքեր, որպես այդպիսին, ես չունեմ, բայց ձեզ առաջարկում եմ ասել, թե ովքեր են ձեր սիրելի խաղացողները»։
Հարց․ Ի՞նչ տպավորություն ունեք «Օլիմպիկոյում» դիտած ձեր առաջին խաղից։
Հենրիխ․ «Հրաշալի տպավորություն ունեմ «Օլիմպիկոյում» անցկացրած առաջին խաղից, քանի որ մենք հաղթանակ տոնեցինք այդ խաղում, իսկ ես դարձա գոլի հեղինակ։ Մոտ երկու շաբաթ սպասել էի նորամուտս նշելու համար, ու այդ խաղից հետո ես շատ ուրախ էի(խոսքը վերաբերում է Ա Սերիայի շրջանակում «Սասուոլոյի» դեմ խաղին, որն ավարտվեց 4-2 հաշվով՝ «Ռոմայի» հաղթանակով-խմբ․)»։
Հարց․ Ունե՞ք մականուններ։
Հենրիխ․ «Երբ ես ժամանեցի Դորտմունդ, Յուրգեն Կլոպն ինձ ասաց․ «Դու մականուն ունե՞ս»։ Ես ասացի, որ ոչ։ Նա ասաց․ «Կարո՞ղ ենք քեզ Միկի անվանել»։ Ես ասացի․ «Այո՛, ինչո՞ւ ոչ»։ Նա ասում էր՝ Հենրիխն էլ է երկար, Մխիթարյանն էլ, այնպես որ նրա և թիմակիցներիս համար ավելի նախընտրելի կլիներ ինձ Միկի անվանելը։ Ես ասացի, որ որևէ խնդիր չկա»։
Մխիթարյանն առաջարկել է նաև իրեն կարանտինի ընթացքում ժամանակն անցկացնելու համար որոշ ֆիլմեր ու սերիալներ առաջարկել՝ նշելով, որ կարանտինի ընթացքում ժամանակի մեծ մասն անցկացնում է ընտանիքի հետ, մարզվում է, դիտում է ֆիլմեր ու սերիալներ։

