Արցախը Սորոսի ատամի բանը չէր
Արխիվ 16-20Այն, որ Արցախում այս օրերին ընտրական, ավելի ճիշտ՝ նախագահական աթոռը գրավելու շուրջ կրքերը պետք է թեժանային, սպասելի էր: Ու այդ ամենին ներկայումս ականատես լինում ենք: Բայց դեպի ո՞ւր կարող է գնալ իրավիճակը, փորձենք հասկանալ:
Ով ում բարեկամն է
Թե ինչ պատկեր է ձեւավորվել նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո, հիմնականում պարզ է: Մոտ 50 տոկոս ձայն հավաքած Արայիկ Հարությունյանը հանգիստ, առանց ավելորդ նյարդայնություն ցուցաբերելու սպասում է երկրորդ փուլի քվեարկությանը: Ընտրապայքարից դուրս մնացածները եւ առաջին հերթին՝ երրորդ հորիզոնականը զբաղեցրած Վիտալի Բալասանյանը նույնպես միանգամայն հանդարտ վիճակում են՝ պետական շահը գերադասելով անձնականից: Ճիշտ է, նա մատնանշեց, որ առաջին փուլում ֆիքսվել են ընտրախախտումներ՝ դրանով մեղադրանքային ակնարկներ հղելով Արցախի դեռ գործող ղեկավարությանն ու Ա.Հարությունյանին՝ հրաժարվելով պաշտոնապես նրան աջակցել երկրորդ փուլում: Բայց նաեւ դժվար չէ հասկանալ, որ երկրորդ փուլի մյուս թեկնածուին՝ Մասիս Մայիլյանին Բալասանյանն ընկալում է, որպես ոչ թե հակառակորդ, այլ Արցախի համար մահացու վտանգ ներկայացնող ուժի դրածո: Իսկ սա էլ հուշում է, որ ինչքան էլ որ պաշտոնապես Բալասանյանը չի սատարում Հարությունյանին, մեկ է, ստվերային խողովակներով նրա չեզոքությունը կվերածվի աջակցությանը:
Եվ իհարկե, ամենաուշագրավն այս պահին այն իրավիճակն է, որը ստեղծվել է սորոսականի համարում ունեցող Մայիլյանի շուրջ: Ինքը՝ Մայիլյանը, հրապարակային ասպարեզում դեռ միայն բավարարվել է պաշտոնական հայտարարությամբ, որ երկրորդ փուլին թեեւ մասնակցում է, սակայն իր ընտրողները պետք է չմասնակցեն: Սա ոչ միայն քաղաքական, այլ սովորական տրամաբանության տեսանկյունից անգամ նոնսենս է. եթե Մայիլյանն ունի խելքը գլխին պատճառաբանություններ, թե ինչու չպետք է երկրորդ փուլը կայանա, ապա ինչո՞ւ անձամբ դուրս չի գալիս մրցապայքարից: Չնայած, այս աբսուրդի բացատրությունն ի սկզբանե էլ կար. դուրս գալով, նա երկրորդ փուլ կթողնի Բալասանյանին: Այսինքն, միայն այն փաստը, որ Մայիլյանը բոյկոտի կոչ հնչեցնելով, ինքն անձամբ չի բոյկոտում, արդեն իսկ հավելյալ անգամ հիմնավորում է, որ այդ խաղում նա չէ որոշողը. հանձնարարել են՝ մնալ, ու նա էլ պարզապես կատարում է հանձնարարությունը: Իսկ այն, որ խաղի վերահսկողությունը գալիս է հայաստանյան սորոսականներից, դա եւս դժվար չէ տեսնել:
Ահա, պատկերը սա է, որն այս օրերին թեեւ ենթարկվում է տարաբնույթ ռեզոնանսային տեղաշարժերի՝ կապված այս կամ այն կողմից շարժման մեջ դրվող մեխանիզմների հետ, սակայն հիմնականում մնում է նույն վիճակում, առանց էական տեղաշարժերի:
Այսպիսով, գանք հիմնական խնդրին՝ դեպի ո՞ւր է գնում իրավիճակը: Հարցի հետ կապված կարծես արդեն փորձագիտական շրջանակներում էլ է հասցրել որոշակի պատկերացումներ ձեւավորվել: Մասնավորապես՝ ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը հարցին ավելի գլոբալ կողմից է նայում, ըստ էության, որ արցախյան ընտրություններն ու այդ թվում՝ երկրորդ փուլը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական տեսանկյունից՝ որպես արտաքին առանցքային ուժերի պայքար: «Այն կազմակերպությունները, որոնք ԱՄՆ ռեզիդենտներ են, այդ թվում՝ «Բաց հասարակության հիմնադրամը» եւ այլն, որոնց ներկայացուցիչները, այո, Արցախում էին: Ես ավելի մասնագիտական տերմին օգտագործեմ՝ դրանք ազդեցության գործակալներ էին: Այո, այդ երկրի ազդեցության գործակալները, ներկայացնելով Հայաստանի տարբեր հասարակական կազմակերպություններ, ակտիվ մասնակցություն ունեցան ինչպես նախընտրական, այնպես էլ՝ հետընտրական (առաջին փուլին հաջորդած- Հեղ.) գործընթացներին: Գաղտնիք չէր, որ նախագահի թեկնածուներից Մասիս Մայիլյանին են հիմնականում սատարում, օժանդակում ազդեցության այդ գործակալները»: Միաժամանակ, պարոն Նահապետյանն ընդգծում է, որ չնայած Մայիլյանը գործնականում հրաժարվել է պայքարից, սակայն այդ «ազդեցության գործակալների» գործունեությունը դեռ ավարտված չէ, թեեւ նրանց էֆեկտն առաջին փուլում չնչին էր, քանի որ առաջին փուլում Մայիլյանին աջակցող Սամվել Բաբայանի ձայները հանելու դեպքում Մայիլյանին ու նրան սատարող «գործակալների» հանրագումարային ձեռքբերումը կդառնա «մի երեք-չորս հազար ձայն»:
Ի՞նչ է Բաբայանի ուզածը
Այսպիսով, հասնում ենք հաջորդ հարցին՝ ի վերջո, ինչո՞ւ Բաբայանն աջակցեց Մայիլյանին եւ երկրորդ փուլում ետ քաշվեց: Այսինքն, եթե այս փուլում փորձ արվի իրավիճակը ընտրականից տեղափոխել իշխանափոխության փուլ, հնարավո՞ր է, որ Բաբայանը որոշի՝ շարունակել աջակցել Մայիլյանին, սենք՝ երկրորդ փուլից հետո: Այստեղ, իհարկե, նախ որոշ էական հանգամանքներ պետք է հաշվի առնել: Առաջինը. Բաբայանը մասնակցում էր ոչ թե միայն նախագահական, այլ նաեւ՝ խորհրդարանական ընտրություններին: Մինչդեռ այդ հարցով մյուս թեկնածուներին միանալու հնարավորություն նա պարզապես չուներ. ի տարբերություն Մայիլյանի` մյուս առանցքային թեկնածուները հանդես էին գալիս սեփական թիմով նաեւ ԱԺ-ը ընտրություններում ներգրավված լինելով: Այսինքն, Հարությունյանին կամ Բալասանյանին միանալու դեպքում Բաբայանը կզրկվեր սեփական թիմով ԱԺ-ում հայտնվելու հեռանկարից: Իսկ այսպես նա լուծեց այդ հարցը. ունի սեփական ինքնուրույն խմբակցությունը:
Երկրորդը. նաեւ ուշադրություն դարձնենք, թե Բաբայանն ինչ հետաքրքիր կոմբինացիայով դուրս եկավ Մայիլյանի հետ դաշինքից: Առաջիններից մեկը նա էր, որ առաջին փուլից հետո մի կեսբերան ակնարկեց, թե՝ Մայիլյանը երկրորդ փուլի գնալու ցանկություն չունի, իսկ եթե այնուամենայնիվ գնա, ապա ինքը՝ Բաբայանը, դեռ պետք է մտածի՝ աջակցե՞լ, թե՝ ոչ, ու նաեւ որ ավելի ճիշտ է համարում չեզոքությունը: Սա, իհարկե, ձեւականորեն դեռ Բաբայանի վերջին խոսքը չէր, նա ընդամենը հավանական տարբերակներ էր ներկայացնում: Սակայն թե որն էր իրական իմաստը, ակնհայտ էր, եւ հենց դա փաստի առաջ կանգնեցրեց Մայիլյանին ու նրան աջակցող «ազդեցության գործակալներին». զրկվելով Բաբայանի աջակցությունից, նա երկրորդ փուլում մնալու էր «մի երեք-չորս հազար ձայնի» հույսին, այսինքն, պարտությունն այնքան կատարյալ կլինի, որ երկար ժամանակ կթաղի նաեւ հեղաշրջման ծրագրերը: Բայց ետ քաշվել էլ չէին կարող. այդ դեպքում «կանաչ լույս» էին վառելու Բալասանյանի առաջ: Ու Մայիլյանը հայտարարեց այն միակ տարբերակի մասին, որն աբսուրդ լինելով, այդ պահին միակ ելքն էր՝ կմասնակցի, բայց ընտրողները թող չքվեարկեն: Այսինքն, եթե հիմա Հարությունյանը հավաքի մի 80-90 տոկոս ձայն, հնարավոր կլինի գոնե արդարանալ՝ «Ես բոյկոտել էի, կողմնակիցներս չքվեարկեցին, եւ նա այդքան տոկոս ստացավ»: Սակայն բոլորն են հասկանում իրական պատկերը, եւ նման «սրտի մխիթարանքը» հազիվ թե հնարավոր լինի «հեղափոխության» վերածել: Ավելին, եթե «հեղափոխական» ռեսուրս լիներ առանց Բաբայանի մասնակցության, ապա կարվեր դեռ երկու տարի առաջ՝ Նիկոլի իշխանափոխության «տաք հետքերով»։
Բայց անկախ հեռանկարներից, Մայիլյանի նման հայտարարության առաջին հերթին հենց Բաբայանն էր սպասում. սա նրան տվեց Մայիլյանից արդեն պաշտոնապես ետ կանգնելու պատրվակը: Բայց նաեւ, այդ մասին հայտարարելով, Բաբայանը միաժամանակ բավականին նուրբ ակնարկ հղեց, փորձելով ցույց տալ, որ ինքն ամենեւին էլ Մայիլյանի հետ նույն գաղափարական դաշտում չէ: Այսպես, ի տարբերություն Մայիլյանի, Բաբայանն իր կողմնակիցներին հորդորեց ոչ թե բոյկոտել, այլ սեփական հայեցողությամբ կատարել ընտրություն: Ու այստեղ, իհարկե, մեկ էական հանգամանք եւս պետք է հաշվի առնենք: Ովքե՞ր են Բաբայանի կողմնակիցները. անշուշտ, հիմնականում նրա երբեմնի զինակիցները, որոնց գերակա մասը, առանց «կոմանդույուշու» հատուկ խնդրանքի, հազիվ թե որեւէ պարագայում ձայն տար Արցախին բացահայտորեն կործանման տանող «ամերիկյան ազդեցության գործակալներին» ու նրանց հովանավորյալ Մայիլյանին: Հիմա Բաբայանը նրանց ազատ է թողնում, եւ թե ուր կգնան այդ քվեների հիմնական մասը, էս գլխից է ենթադրելի: Ինչ վերաբերում է անձամբ Բաբայանին, ապա նա եւս հազիվ թե ի սկզբանե չգիտակցեր, թե ում կողքին է կանգնել. մարդու, ով այն տարիներին, երբ նույն Բաբայանը պատերազմ էր վարում, ըստ հրապարակային աղբյուրների, փախել, թաքնվել էր: Այդ «ազդեցության գործակալներն» էլ, հիմնականում, նույն կարգի դասալիքներ են, որոնց կողքին, այսպես ասած, «սրտանց» կանգնելու դեպքում «կոմանդույուշին» մի րոպեում նախկին զինակիցների, ու վստահ ենք, որ նաեւ՝ ինքն իր աչքին կվերածվեր դավաճանի:
Ռազմական հեղաշրջման հավանականությունը
Այսպիսով, ի՞նչ է սպասելի այս հաշված օրերին՝ մինչ երկրորդ փուլում Մայիլյանն ու նրա կողքի «ազդեցության գործակալները» միանշանակ կստանան չնչին թվով ձայներ եւ ընտրություններում ջախջախիչ պարտություն կկրեն: Հեղաշրջման նախնական սցենարների այս ընթացքում ականատես եղանք: Այսպես, «հեղափոխականները», թեեւ փորձեցին մոբիլիզացնել բոլոր ուժերը, այդ թվում՝ աղանդավորներին, դեռահասներին եւ այլն, մի խոսքով, ըստ Հայկ Նահապետյանի, կիրառել «նույն տեխնոլոգիան, ինչ 2018թ.-ին Հայաստանում», սակայն «հեղափոխությունը», այնուամենայնիվ, հետագա օրերին հայտնվեց արգելակված վիճակում: Դա ենթադրելի էր. եթե ունեն մոտ 3-4 հազար քվե, այն էլ՝ ողջ Արցախով մեկ տարածված, ապա դա այն կրիտիկական զանգվածից շատ հեռու է, որ հնարավոր լինի հասնել իշխանափոխության: Իսկ ահա առանցքային ուժերը, որոնց թիկունքին իրոք կան այս կամ այն չափով զանգվածներ, հակադիր բեւեռում են: Ընդ որում, որքան էլ ունենան ներքին հակասություններ, որքան էլ Բալասանյանը, Բաբայանը, Հարությունյանը, Բակո Սահակյանը եւ մյուսներն իրար հետ պարբերաբար լեզվակռվի մեջ մտնեն, մեկ է, այն պահին, երբ խոսքը վերաբերի նոր պատերազմի կամ Արցախի տապալման սպառնալիքի, նրանք, մեկ է, իրար կողք են կանգնելու. սա կասկած չի առաջացնում:
Ինչ վերաբերում է Հայաստանից գնացած ազդակներին, ապա ինչքան էլ որ «ազդեցության գործակալներն» ու նրանց հայաստանյան շեֆերը փորձեցին առաջին փուլը ապօրինի հռչակել, իրողությունն այն է, որ Փաշինյանը չհապաղեց՝ այն համարել միանգամայն օրինական ու դրանով նաեւ սեփական թիմում գտնվողների հետ հերթական անգամ մտնել հակասության մեջ: Թե ինչու, սա արդեն այլ թեմա է, ներհայաստանյան բնույթի: Սակայն փաստն այն է, որ իր այդ հայտարարությամբ Փաշինյանը փորձեց ցույց տալ, որ, ինչպես ժամանակին ենթադրելու առիթներ ունեցել ենք, ինքն էլ է դեմ Մայիլյանի իշխանության գալուն, ինչքան էլ որ Հարությունյանի իշխանության գալը նրան գործնականում բան չի տալիս․ Հարությունյանը Փաշինյանի համար լավագույն դեպքում կդառնա Բակո Սահակյան-2։ Եվ այս իրավիճակում, թե ինչու է Մայիլյանը նրա համար մնում էլ ավելի անցանկալի, թերեւս բացատրում է այն փաստը, որ առաջին փուլը հազիվ ավարտված, Փաշինյանը վերջապես կարողացավ հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ, իսկ ԱԳ նախարար Մնացականյանն էլ փորձում է Լավրովի միջոցով ինչ-որ հարցերի շուրջ լեզու գտնել:
Այս իրավիճակում «հեղափոխականներին» մնում է մեկ տարբերակ՝ ռազմական հեղաշրջումը: Սակայն արցախյան պատերազմ հաղթածների հետ «հեղափոխականների» դասալիք ուժերով նման խաղերի մեջ մտնելն արդեն մահացու վտանգավոր կլիներ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

