Ասք Նիկոլի, «սիրուն աղջկա» եւ աֆրիկյան զենքի մասին
Արխիվ 16-20Այն, ինչ այս օրերին կատարվում է հայաստանյան ավիացիայի հետ, սկսեց խորքում եռալ դեռ անցած նոյեմբեր-դեկտեմբերին, երբ եվրոպական պատկան կառույցները հրապարակային նախազգուշացում տվեցին մեր համապատասխան իշխանություններին՝ կզրկենք եվրեպական լիցենզիաներից։ Եվ իրավիճակն իր գագաթնակետին հասավ վերջին օրերին, երբ եվրոպացիներն այդ սպառնալիքն իրականացրեցին։ Սակայն սա ընդամենը տեսանելի մասն է։ Իսկ իրականությունն այն է, որ այս ամիսներին հայկական ավիացիայի հետ կապված մի շարք այլ դրվագներ եւս նկատնեցին։ Դրանք, իհարկե, առաջին հայացքից էպիզոդիկ տեսք ունենեն։ Սակայն այն, ինչ կատարվում է վերջին օրերին, գալիս է հուշելու, որ իրականում գործ ունենք մեկ ամբողջական շղթայի հետ։
Տարօրինակ փաստեր
Նախ թվարկենք բուն փաստերը։ Թերեւս արժե սկսել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) անցած տարվա հոկտեմբերի 10-ին հրապարակած այս տեղեկատվությունից․ «09.10.2019 թվականին ժամը 11:20 (UTC) ք. Մոգադիշոյի (Սոմալի- Հեղ․) օդանավակայանում տեղի է ունեցել պատահար՝ «Մարս Ավիա» ՓԲԸ կողմից շահագործվող An-74 EK 74008 օդանավը վթարային վայրէջք է կատարել առանց հենասարքերի։ Միջադեպի հետևանքով օդանավը վնասվել է և ենթակա է վերականգնման»: Ինչով է հետաքրքիր աֆրիկյան Սոմալին եւ «Մարս Ավիան», դեռ կհասնենք։ Մինչ այդ ֆիքսենք այս հայտարարության տարօրինակ դրվագը․ Նույն ՔԱԿ-ի պաշտոնական կայքում ներկայացված Հայաստանում գրանցված օդանավերի ռեեստրի համաձայո (http://aviation.am/storage/files/editor/fleet.pdf), թեեւ «Մարս Ավիան» մեր երկրում գրանցված ավիաընկերություն է (ի դեպ միակը, որն Աֆրիկայում թռիչքների իրավունք ունի), սակայն այդ ընկերությանը պատկանող րեւէ An-74 EK 74008 օդանավ գրանցված չէ։ Ընդ որում, գրանցումը չէր կարող վթարից հետո հանվել, քանի որ օդանավը շարքից դուրս չի եկել, այն «ենթական է վերանորոգման»։ Ինչ եղավ ինքնաթիռի հետ, վերադարձրին նախկին տիրո՞ջը․ ինքնաթիռը մինչ 2017թ․ նոյեմբերը «ՄոսՏրանսԳազի» կազմ մտնող «Գազպրոմավիայի» սեփականությունն էր։
2․ Այդ վթարից մեկ ամիս անց՝ 18․11․2019թ․-ին ՔԱԿ-ը նույն «Մարս Ավիայի» Yak-42D ինթնաթիռը, որը, ըստ թույլտվության, գործում էր Սոմալիում, զրկվում է շահագործման իրավունքից։ Այս տարվա փետրվարին կասեցվում է նույն ավիաընկերության An-26 ինքնաթիռի հավաստագիրը, որի գործունեության գոտին էր Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը եւ (ցնցող համադրություն) Լեհաստանը։ Նաեւ գործունեության իրավունքից զրկվեց ավիաընկերությունը։ Անվտանգության նկատառումներո՞վ։ ՔԱԿ-ը պաշտոնապես տեղեկացրեց․ «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից 2020 թվականի հունվարի 14-17-ը Մարս Ավիա ավիաընկերությունում իրականացվել են ուսումնասիրություններ, ինչի արդյունքում արձանագրվել են թռիչքային անվտանգության վրա անմիջական ազդեցություն ունեցող մի շարք թերություններ: Հաշվի առնելով վերոգրյալը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից 2020 թվականի փետրվարի 1-ից կասեցվել է Մարս Ավիա ավիաընկերության Շահագործողի վկայականը եւ տրվել է երեք ամիս ժամկետ այդ թերությունները վերացնելու համար․․․»: Բայց եթե ուսումնասիրություններն անցկացվել են հունվարի կեսերին, անցած նոյեմբերի կեսերին ինչի՞ հիման վրա ավիաընկերության Yak-42D-ի լիցենզիան կասեցվեց։
3. 2019թ․ նոյեմբերի 10-ին ՔԱԿ-ը տեղեկացրեց, որ 6 ամսով կասեցնել է նաեւ «Տարոն-Ավիա» ընկերության լիցենզիան, որին ի պատասխան ընկերությունը հայտարարեց առհասարակ գործունեությունը դադարեցնելու մասին։
4․ Դեկտեմբերի կեսերին հայտնի դարձավ, որ Եվրոպան՝ Եվրահանձնաողովի ավիացիոն անվտանգության կառույցի մակարդակով ուժեղացված վերահսկողություն է սահմանել ՔԱԿ-ի նկատմամբ: Այն ժամանակ ՔԱԿ ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը պատճառների մասին նման պարզաբանում տվեց. խնդիրնը «միանգամից» առաջացել է այն բանից հետո, երբ «Տարոն Ավիան», «Ատլանտիս Եվրոպական Ավիաուղիներ» եւ «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերությունները դիմել են` դեպի Եվրոպա թռիչքների թույլտվություն ստանալու համար։ Ըստ Ռեւազյանի, «Ավիակոմպանիա Արմենիան» անցել է այդ աուդիտը, «Ատլանտիս Եվրոպական Ավիաուղիները» եւս, բայց որոշ խնդիրներով, իսկ «Տարոն Ավիան» չի անցել` «Բացահայտվել են շատ լուրջ խնդիրներ, որոնք ուղիղ ազդել են թռիչքային անվտանգության վրա»: Նա հատուկ ընդգծեց` հենց «Տարոն Ավիայում» Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալության ուսումնասիրություններից հետո է, որ ՔԱԿ-ը եւս ստուգել է ընկերությանը ու դադարեցրեկ լիցենզիան: Ընդ որում, ըստ Տաթեւիկի, դա եղել է «Տարոն Ավիայի» հետ համատեղ որոշում, ու նա նույնիսկ շնորհակալություն հայտնեց ընկերությանը, որ՝ «Առաջին հերթին իրենք դրել են Հայաստանի անունը եւ ոչ իրենց անձնական, կոմերցիոն խնդիրները, եւ համատեղ որոշել ենք ավիաընկերությունը փակել, որ որեւէ ավիաընկերություն Հայաստանում չհայտնվի սեւ ցուցակում»։ Մինչդեռ նույն օրերին Տաթեւիկի տեղակալն ամեն կերպ համոզում էր, որ «Տարոն Ավիան» չի ցանկացել թռիչքները շարունակել, քանի որ մրցակցային խնդիրներ ունեք նույնպես Գյումրիից ՌԴ թռչող «Պոբեդայի» հետ, այսինքն, նրանցից մեկը պարզապես ստում էր։ «Հավատանք» Տաթեւիկին՝ ֆիքսելով․ «սիրուն աղջկը» պնդում էր, որ հայկական ավիացիայի միակ խնդիրը «Տարոն Ավիայի» հետ էր, եւ ընկերության գործունեության դադարեցմամբ պետք է լուծվեր։ Այստեղ պարզագույն հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ չլուծվեց, եւ հիմա հայաստանյան բոլոր ավիաընկերություններն են հայտնվել «սեւ ցուցակում», այդ թվում նաեւ նրանք, որոնք հաջողությամբ հաղթահարել էին եվրոպական լիցենզավորումը։
Սակայն միաժամանակ Տաթեւիկը նաեւ մեկ հետաքրքիր միտք ընդգծեց, որը, թերեւս, պետք է համարել ներկայից վիճակի խորքային պատճառը։ «Ունեցել ենք մի քանի ավիաընկերություն, եւ այսօրվա դրությամբ ունենք մեկ ավիաընկերություն, որը շարունակում է չվերթեր իրականացնել աֆրիկյան տարբեր պետություններում, որտեղ հսկողությունը բավարար չէ։ Միաժամանակ համարյա անհնար է Հայաստանից պատշաճ հսկողություն անել չգիտեմ Սոմալիում կամ Չադում, Սուդանում, դրա համար մենք այդ ուղղությունով աշխատում ենք, որ այլեւս չունենանք որեւէ ավիաընկերություն, որը Հայաստանում է գրանցված եւ չվերթեր է իրականացնում դրսում․․․»։ Զուտ բիզնես առումով նման հայտարարությունը սովորական անգրագիտություն է․ աշխարհի բազում, այդ թվում՝ ամենազարգացած երկրներում գրանցված ավիաընկերությունները, նավերը եւ այլն մեծ մասամբ գործում են իրենց գրացման վայրից դուրս, եւ ոչ մեկը դրանից չի բողոքում։ Իսկ գրանցման վայրի մարմինները շատ լավ էլ վերահսկում են, ու եթե Տաթեւիկը չի կարողանում վերահսկել, պարզապես հավելյալ անգամ ապացուցում է, որ այս ոլորտում նա գործ չունի, միայն վնաս է տալիս։ Այն պարզ պատճառով, որ եթե հայկական ավիաընկերությունները գործեն միայն Հայաստանում, մնան մեր տեղական փոքրիկ շուկայի հույսին, նրանք պարզապես չեն կարող գոյատեւել։ Այսինքն, միայն Տաթեւիկի այս միտքը բավական է համոզվելու համար, որ նրա ուզածը ոչ թե հայկական ընկերությունների զարգացումն է, այլ՝ ոչնչացումը։ Սակայն սա թեմայից դուրս։ Իսկ թեմայի շրջանակներում այս հարցն է․ բայց ի՞նչ կապ ունեն աֆրիկյան թռիչքները եվրոպական արգելքի հետ։ Եթե եվրոպացիներն ուսումնասիրել են հայաստանյան երեք ընկերությունների եւ «Տարոն Ավիայի» պատճառով են պատժել ՔԱԿ-ին, ինչո՞ւ Տաթեւիկը գնաց-հասավ աֆրիկաները, առավել եւս որ, հիշեցնենք, այդտեղ թռչող վերջին հայկական ավիաընկերության ինքնաթիռներից մեկի լիցենզիան այդ պահին արդեն իսկ կասեցված էր, մյուսն էլ՝ ընթացքի մեջ։ Ընդ որում, այստեղ Տաթեւիկը թույլ տվեց մեկ բացահայտ կեղծիք եւս։ Ըստ նրա․ ««Տարոն Ավիան» էլ է չվերթեր իրականացնում Աֆրիկայում»։ Ոչ, «Տարոն Ավիան» հիմնականում Գյումրիից թռչում էր Ռուսաստան։ Իսկ այդ ժամանակահատվածում Աֆրիկայում (Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն) թռիչքային թույլտվություն (An-26 ինքնաթիռով) ուներ միայն «Մարս Ավիան»։
5․ Ինչո՞ւ էր Տաթեւիկը համառորեն շահարկում Աֆրիկայի թեման, ի՞նչ կապ ունեն աֆրիկյան այդ թռիչքները հայկական ընկերություններին եվրոպական լիցենզիայից զրկելու հետ, դեռ կվերադառնանք։ Մինչ այդ հաջորդ փաստը։ Գրեթե անմիջապես էլ, այսինքն՝ անցած դեկտեմբերին ՔԱԿ-ում սկսվեցին պաշտոնանկությունների շարան։ Եթե Տաթեւիկը պնդում էր, թե ՔԱԿ-ում ամեն ինչ հոյակապ է, մեղավոր էր միայն «Տարոն Ավիան», ուրեմն ինչպե՞ս հասկանանք այդ պաշտոնանկությունները։
6․ Եվ ահա, այս ամենին հաջորդեց ՔԱԿ-ի նկատմամբ Եվրահանձնաժողովի ավիացիոն անվտանգության կառույցի պատժամիջոցը։ Բայց ինչո՞ւ, եթե Տաթեւիկը դեռ դեկտեմբերին վստահ էր, որ միակ խնդիրը՝ «Տարոն Ավիայի» հարցը լուծված-վերջացած է։
7․ Այս ֆոնին էլ մեջ մտավ վարչապետ Փաշինյանը՝ նման ցնցող մտքերով․ «Կան նախկին պաշտոնյաներ, որոնց գործունեության հետ կապված հիմա քրեական գործ է հարուցվել: Նրանց հանցավոր անփութության պատճառով երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, զենքերի վաճառքի մեջ: Դա կապ է ունեցել հայաստանյան, ենթադրաբար, կոռումպացված շրջանակների հետ: Այս փաստերի հետ կապված զանգեր են եղել, եւ քաղավիացիայի պաշտոնյաները, ենթադրելի կոռուպցիոն պատճառներով դրանք թաքցրել են քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանից եւ կառավարությունից: Այս ամեն ինչի արդյունքում է տեղի ունեցել այս պատմությունը»:
Այս կերպ Նիկոլը, ըստ էության, ներկայացրեց տեղի ունեցածի բոլորովին այլ պատճառներ, քան դեկտեմբերին ասում էր Տաթեւիկը, այսինքն՝ նրան անուղղակիորեն մեղադրեց ստախոսության մեջ։ Բայց ամենակարեւորը․ Նիկոլի խոսքից ստացվում է, որ եվրոպացիները հայկական ընկերություններին եւ ՔԱԿ-ին պատժել են, քանի որ նախ՝ ՔԱԿ-ում եղել են «հանցավոր անփութություն» թույլ տված պաշտոնյաներ, իսկ հիմնական պատճառը կապված է աֆրիկյան երկրներում ապօրինի գործունեության եւ զենք վաճառելու հետ։ Միգուցե, առավել եւս, որ Տաթեւիկն էլ իր հերթին էր այն ժամանակ խոսում Աֆրիկայից, եւ դա չի կարող պատահական լինել։ Բայց Նիկոլի ասածով այս պատմությունը շատ ավելի բարդ տեսք է ստանում, քանի որ կա մեկ պարզագույն հարց․ իսկ Եվրահանձնաժողովի ի՞նչ գործն է, թե հայաստանյան ինչ-որ ավիաընկերությունը Աֆրիկայում ինչ է վաճառում։ Եթե մեկը հանցանք է գործել, դրա համար կա Ինտերպոլ։ Առավել եւս, որ Աֆրիկայում այդ պահին թռչող հայաստանյան միակ ավիաընկերությունը՝ «Մարս Ավիան» եվրոպական թռիչքների համար միտք անգամ չուներ՝ դիմել։ Կամ, եթե Աֆրիկայում ինչ-որ ընկերության թռչելը կարող է պատճառ դառնա, որ Եվրոպա չթողնեն տվյալ երկրների մյուս բոլոր ավիաընկերություններին, ապա պարզապես Եվրոպա որեւէ թռիչք որեւէ երկրից այլեւս չէր լինի։ Նկատի ունենք, որ Աֆրիկայում որ երկրի դրոշի տակ ասես, որ չեն թռչում ու զենք վաճառում, եւ այդ բոլորին թողած, եվրոպացիները միայն Հայաստանի՞ն են պատժում, ինչո՞ւ։ Վերջապես, եթե «Տարոն Ավիայի» վիճակը պատժելի արարք է, էլ ինչո՞ւ էին նախօրոք հայաստանյան այն մյուս երկու ավիաընկերություններին եվրոպական թռիչքների թույլտվություն տալիս, ու հետո բոլոր մնացածի հետ՝ զրկում։
8․ Վերջապես, այս ամենի ֆոնին հրաժարական տվեց վարչապետի ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը։ Ըստ հրապարակային վարկածի՝ նա դեմ էր Տաթեւիկի նման գործունեությանը, եւ քանի որ Նիկոլը հենց «սիրուն աղջկան» հրապարակավ աջակցեց, Ճաղարյանը որոշեց հեռանալ։ Դա կարող էր եւ տրամաբանական լինել, եթե պաշտոնանկության հենց հաջորդ օրը Ճաղարյանին չհրավիրեին ԱԱԾ։ Ինչո՞ւ, չեղավ որեւէ բացատրություն։ Ընդ որում, երբ նա ԱԱԾ-ում էր, կինը՝ Զարուհի Մուրադյանը իսկական խուճապային ստատուսներ էր գրում, թե՝ հասեք, փրկեք, Հակոբը ԱԱԾ-ից էլ հազիվ թե դուրս գա: Բայց եկավ, ու տիպիկ շմայսյան ոճով Ճաղարյանը գրեց՝ «ՀՀ ԱԱԾ-ում աշխատում են կիրթ մարդիկ»։ Դեմ չենք, բայց այդ կիրթ մարդիկ ինչո՞ւ Ճաղարյանին կանչեցին։ Բացատրում է․ «Տեղի է ունեցել բավականին երկար` մոտ 2 ժամ տեւողությամբ բեղմնավոր, աշխատանքային, խորհրդակցական հանդիպում: Տրամաբանորեն, երկրի անվտանգության ոլորտի պատասխանատուներին պիտի հետաքրքրեր երկրի քաղաքացիական ավիացիայի ոլորտում տիրող իրավիճակը եւ իմ վերաբերմունքն ու խորհրդատվական, ընդգծում եմ` խորհրդատվական կարծիքը»: Բայց ԱԱԾ-ի ինչի՞ն էր պետք վարչապետ պաշտոնանկ եղածի խորհրդականի կարծիքը, եթե ընդամենը երկու օր առաջ կարող էին նրա պաշտոնական կարծիքը հարցնել։ Ավելին, կարող էին Ճաղարյանի պաշտոնանկությունից հետո դիմել նաեւ վարչապետին, վերջապես՝ Տաթեւիկին։ Կամ այդ ինչո՞ւ հանկարծ ԱԱԾ-ին այդպես հետաքրքրեց ավիացիան։
Հետաքրքիր է, Մարշալ Հանթարին ո՞վ է զենք հասցնում
Ամփոփենք ներկայաացված փաստերը։ Այսպես, եթե մինչեւ այս տարվա հոկտեմբեր Աֆրիկայում թռչող հայաստանյան միակ ավիաընկերությանը գոնե հրապարակային մակարդակով ՔԱԿ-ը գործնականում ուշադրություն էր դարձնում՝ ելնելով այս կամ այն միջադեպերից, որոնց մեջ նրանք հայտնվում էին, ապա նոյեմբերից նկատվեց կտրուկ փոփոխություն՝ ակտիվորեն կասեցնում էր լիցենզիաները։ Այն դեպքում, երբ ընկերության հետ կապված հետաքրքիր հարցեր, այնուամենայնիվ, կան։ Օրինակ, որոշ տվյալներով «Մարս Ավիան» ընդհանուր առմամբ շահագործել է 10 ու մինչեւ հիմա էլ շահագործում է 8 ինքնաթիռ, իսկ 6-ը՝ թռիչքներ իրականացնում (2-ը՝ վնասված։ Սակայն ի տարբերություն An-74-ի, երկրորդ վնասված ինքնաթիռը՝ An-28-ը դուրս է գրված)։ Իսկ որտե՞ղ են գրանցված այդ ինքնաթիռները, եթե Հայաստանում շահագործվող ինքնաթիռների ռեեստրում նշված չեն։
Միաժամանակ նաեւ Եվրոպան, որ մինչ այդ ուշադրություն չդարձնելով հայաստանյան ընկերությունների աֆրիկյան թռիչքներին, հանգիստ այլ հայաստանյան ընկերությունների եվրոպական թռիչքներ էր թույլատրում, հանկարծ միանգամից բառացիորեն «կատաղեց», թե այդ ինչո՞ւ է «Տարոն Ավիան», ունենալով անվտանգության խնդիրներ, իրենց դիմել, եւ եկավ ստուգումների։ Չէ, այդպես չի լինում, Փաշինյանն էլ հաստատեց, որ եվրոպացիների այդ հանկարծահաս ուշադրությունը պետք է կապել աֆրիկյան թռիչքների եւ զենքի հետ։ Եվ քանի որ եվրոպացիներին թեեւ բացարձակ չպետք է վերաբերվեր հայկական ընկերությունների աֆիրիկյան զենքը, բայց «մեկ օրում» այնքան «հետաքրքրվեցին», որ արդյունքում, Աֆրիկայում գործող բոլոր թռիչքները փակելուց հետո անգամ որոշեցին ՔԱԿ-ին պատժել, շատ ավելի տրամաբանական է դարձնում այն վարկածը, որ Եվրահանձնաժողովին պարզապես «խնդրել» են՝ ինչ-որ պատրվակով նման պատժամիջոցների գնալ։ Թերեւս, միայն մեկ ուժ կա, որը կարող է Եվրահանձնաժողովին նման «խնդրանքով» դիմել՝ ամերիկացիները։
Հասանք ամենահետաքրքիր դրվագին։ Ամերիկացիները դեռ անցած տարվա դեկտեմբերին սկսեցին սենսացիոն հայտարարություններ հնչեցնել Աֆրիկայում ապօրինաբար վաճառվեղ զենքի թեմայով, իսկ այդ մեղադրանքների թելերը տանում էին դեպի Եվրոպա, մասնավորապես՝ Սերբիա (տես նաեւ https://iravunk.com/news/109344)։ Հասկանալի է, մինչ հրապարակային մեղադրանքներին հասնելը, թեման պետք է, որ նախ ոչ հրապարակային շրջանառության փուլով անցներ, այսինքն, այդ «բազարները», ըստ ամենայնի, մեկնարկել էին մոտավորապես նոյեմբերին, այն ժամանակահատվածում, երբ նաեւ հայաստանյան ավիաիշխանություններն իրար խառնված, սկսեցին աֆրիկայում թռչող հայկական ինքնաթիռները լիցենզիայից զրկել։
Բայց նաեւ հասկանալ է պետք՝ ինչո՞ւ հանկարծ ամերիկացիները նման աղմուկ բարձրացրեցին՝ Աֆրիկայում զենք վաճառելու հետ կապված։ Աֆրիկան միշտ էլ եղել է զենքի ամենամեծ շուկաներից մեկը, որտեղ օրինական եւ ապօրինի հիմունքներով գործել են հազարավոր զինավաճառներ, հազարավոր ինքնաթիռներ։ Որպես կանոն, ԱՄՆ-ն այդ ամենը «չէր տեսնում», ավելին՝ շատ ամերիկյան ընկերություններ եւս հաճույքով իրենց բաժինն են ստացել այդ մեծ շուկայից։ Ու հիմա՝ մտահոգված են։ Ինչո՞ւ։ Սակայն այստեղ մեկ հետաքրքիր դրվագ եւս հաշվի առնենք։ Անցած տարվա վերջերից գնալով պարզ դարձավ, որ Աֆրիկայի այն հատվածում, որը զենքի ամենամեծ շուկան է, այսինքն՝ հյուսիսային հատվածում եւ մասնավորապես՝ Լիբիայում աշխարհաքաղաքական վերահսկողությունը ամերիկացիներից անցնում է ռուսներին։ Ընդ որում, ՌԴ-ն այնտեղ պաշտոնապես ներկայացված չէ, հիմնականում գործում է ոչ պետական ռազմական կազմակերպությունների միջոցով, որոնք էլ կիրառում են ռազմական մատակարարումների տարբեր սխեմաներ։ Ու մյուս կողմից՝ Սերբիան այն հետաքրքիր օղակներից է, որը մի կողմից՝ իր հերթին է Աֆրիկայում զենք վաճառում, մյուս կողմից՝ գնում է ռուսներից, եւ, առհասարակ, ռուս-սերբական հարաբերությունները, այսպես ասած, միանգամայն դրական զարգացման դինամիկայի մեջ են։ Այս ամեից, իրահկե, կարելի է հետաքրքիր հետեւությունների հանգել, թե ինչու հանկարծ ամերիկացիներն այդքան մտահոգվեցին սերբերով եւ Աֆրիկայում վաճառվող զենքով։ Հաշվի առնելով նաեւ, որ Սերբիայի մի շարք ընկերություններ հայտնվեել են ամերիկյան պատժամիջոցների տակ՝ ՌԴ-ից զենք գնելու ու աֆրիկացիներին զենք վաճառելու մեղադրանքով։ Ամբեղջ հարցն այն է, թե ի՞նչ զենք են վաճառել, այսինքն՝ աֆրիկացիների այդ ինչի՞ն է պետք սերբական արտադրության զենքը։
Բայց ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Հայաստանը։ Պարզապես 2019-ի մարտին Հայաստանը զենք գնելու պայմանագիր է կնքել սերբական Tesic ընկերության հետ, որը գտնվում է ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ՝ ռուսներից հետ համագործակցելու եւ Աֆրիկաում ապօրինի զենք վաճառելու պատճառով:
Ի դեպ, Հայաստանն ունե՞ր սերբիական զենքի կարիք։ Սերբական զենքի արդյունաբերությունը հիմնականում ստեղծվել է ԽՍՀՄ-ի տեխնոլոգիական բազայի հիման վրա, եւ այսօր էլ այդ ուղղվածության մեջ է։ Կարճ ասած, սերբյական զենքը հիմնականում կարելի է համարել վատ տեսակի ռուսական զենք, բայց նաեւ ավելի թանկ, հաշվի առնելով, որ Հայաստանը կարող է ավելի որակյալ ռուսական զենքը գնել ՌԴ-ի ներքին գներով։ Ու այստեղ նաեւ այս հարցը կա՝ իսկ հնարավո՞ր է, որ սերբերը ռուսներից զենք գնեն, հետո այդ զենքը բարձվի հայկական ընկարությունների ինքնաթիռները, իսկ նրանք էլ որոշեն՝ թռչել Աֆրիկա․․․
Իսկ Տաթեւիկի համար իրո՞ք անակնկալ էր, որ հայկական ինքնաթիռները աֆրիկայում զենք են վաճառում, եւ նա այդ մասին եվրոպացիների՞ց իմացավ․ սա էլ է հնարավոր տարբերակ։ Դե, եթե իրոք եվրոպացիներն են նրան այդ ուղղությունն ու այն փակելու ուղիները մատնանշել, ապա տրամաբանական է նաեւ, որ նա որոշեց կորոնավիրուսիս պատսպարվել հենց եվրոպաներում։ Բայց կորոնավիրուսի՞ց, կամ միգուցե զենքից է «խեղճ սիրուն աղջիկը» սարսափել ու պատսպարվել եվրոպական գրկում։
Նիկոլի համար է՞լ էր անակնկալ, որ հայկական ավիաընկերությունները աֆրիկայում զենք էին վաճառում։ Միգուցե, միայն թե նա խոսում է ինչ-որ քրգործերից, սակայն օրեր շարունակ փորձում ենք պարզել, թե այդ ո՞ւմ են դատում՝ Աֆրիկայում զենք վաճառելու մեղադրանքով, ու այդպես էլ նման մեկն ի հայտ չի գալիս։ Դա էլ կարելի է հասկանալ․ եթե նման մեկին այնուամենայնիվ գտնեն ու որոշեն դատել, նա էլ՝ իմացած-չիմացածն ասին, ի՞նչ կդառնա։
Բայց նկատեցի՞ք, Նիկոլը զենքի մասին խոսելիս կարծես թե արդարանում էր, մոտավորապես այսպես՝ «Ես չգիտեի, Տաթեւիկն էլ չգիտեր։ Հենց պարզեցինք, հանցավոր անփութություն թույլ տված պաշտոնյաներին, ովքեր մեզ խաբել էին, գործից հանեցինք»։ Ո՞ւմ առաջ էր արդարանում, այդքան զայրացած ամերիկացիների՞։ Բայց մյուս կողմից էլ, չէ՞ որ ամեն մի զենք իր տերն ունի, որոնք, որպես կանոն, բավականին զորեղ ուժեր են։ Իսկ երբ նրանց բիզնեսին ես հարվածում, առավել եւս, եթե այն, հնարավոր է, համեմված է նաեւ քաղաքական ծրագրերով, ապա դա էլ պակաս սարսափելի չէ․ Տաթեւիկը վկա։
Վերջապես, տեսնես Ճաղարյանն է՞լ էր «հանցավոր անփութույթուն» թույլ տված պաշտոնյաներից։ Եթե այո, ինչո՞ւ գոնե երկու-երեք ամսով չհուրընկալվեց ԱԱԾ-ի «կիրթ մարդկանց»։ Կամ միգուցե ինչ-ինչ «քաղաքավարի մարդի՞կ» են զանգել․․․
Քերոբ Սարգսյան

